Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎ ՈՉ ՄԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՆ»

Օգոստոս 06,2010 00:00

\"\"Կովկասյան ժողովուրդների ասամբլեա՞ (համաժողով), թե՞ Կովկասյան միություն. Արցախի փրկության մեկ այլ ծրագիր՝ ըստ Աշոտ Մանուչարյանի:

– Նախորդ Ձեր հարցազրույցում ներկայացրեցիք Արցախի փրկության «Ադրբեջանահայություն» ծրագիրը: Ասացիք, որ այլ ծրագրեր էլ ունեք:
– Խոսենք մի խումբ ծրագրերից, որոնց սկիզբը դրվեց 1991 թվականի վերջին, 1992-ի սկզբին՝ Խորհրդային Միության փլուզմամբ: Այն ոչ թե հանգեցրեց «ժողովուրդների ազատ, առանց կայսրական ճնշումների, խաղաղ կյանքի եւ զարգացման», ինչպես խոստանում էին հակասովետիզմի գաղափարախոսները. ճիշտ հակառակը: Այստեղ բնակվող հատկապես փոքր ժողովուրդների անազատությունները, հալածանքները բազմապատիկ ավելացան: Բանն այն է, որ առաջացան նոր մինի-կայսրություններ, որոնք անասելի դաժանությամբ սկսեցին ճնշել իրենց իրավունքների ընդլայնմանն ու հաստատմանն ուղղված՝ այստեղ ապրող ժողովուրդների բոլոր փորձերը: Հարավային Կովկասում այդպիսի երկու կայսրություն գոյացան՝ Վրաստանն ու Ադրբեջանը: Միայն փոքրիկ Աբխազիայի կամ Օսիայի՝ սկզբում իրավունքների ընդլայնման, իսկ հետո անկախության համար մղված պայքարում այս ժողովուրդներից ամեն մեկը տասնապատիկ-հարյուրապատիկ անգամ ավելի զոհեր ունեցավ, քան իրենց անկախացման շրջանում խորհրդային բոլոր հանրապետությունները միասին վերցրած: Ադրբեջանում լեզգիների, թալիշների զոհերը, վերջիններիս հետ համեմատած, նույն կարգի էին, հայերինը՝ հարյուրապատիկ ավելի: Վարչակազմերը, իշխանավորները փոխում էին մեկը մյուսին, սակայն վարած վայրենի քաղաքականությունը մնում էր անփոփոխ:
– Ինչո՞ւ:
– Առանց քիչ թե շատ լուրջ գաղափարների, միայն մակերեսային կաղապարներով, կլիշեներով զինված, շահամոլ, փառամոլ եւ իշխանատենչ նոր «էլիտաները» շատ արագ բացարձակ սնանկ էին դառնում իրենց համաքաղաքացիների աչքում՝ երկրների առջեւ ծառացած լրջագույն պրոբլեմների ծիրում: Եվ միակ ոլորտը, ուր նրանք կարող էին իրենց «կոմպետենտությունը», կարեւորությունը ներկայացնել, դա «ազգային արժանապատվության» հաստատումն էր, իրականում՝ իրենց երկրների փոքր ժողովուրդների բոլոր օրինական պահանջների ոտնահարումն ու ճնշումը:
Տեսեք, անգամ Սահակաշվիլին, որ կարծես թե բավականին կիրթ մարդ է, անուրանալի ծառայություններ ունի իր երկրի առջեւ՝ նա փաստորեն կարողացավ վերականգնել վրացական պետությունը, որն, ըստ էության, ոչնչացված էր նախորդ իշխողների ջանքերով, այն էլ վերականգնել որպես մի երկիր, որտեղ գործում են օրենքներ (ֆանտաստիկ մի նմուշ հետխորհրդային տարածքներում): Բայց նա էլ չկարողացավ խուսափել էժանագին նացիոնալիզմից՝ փոքր ժողովուրդների հարցերում: Տեսեք, կարծես ինչն էր նրան խանգարում մինչեւ 2008-ի օգոստոսը իրականացնել այն քաղաքականությունը Օսիայի եւ Աբխազիայի հանդեպ, որը փորձում է կիրառել հիմա՝ զարգացնելով Վրաստանը եւ նրա հետ պրոբլեմներ ունեցող այդ փոքր ժողովուրդների համար ստեղծել (եւ անդադար առաջարկել) զարգացման լավագույն, խիստ հրապուրելի պայմաններ: Բայց նա փորձում է անել դա միայն հիմա՝ Վրաստանի համար խոշորագույն աղետից հետո: Չնայած էժան նացիոնալիզմը այս ողբերգությունների միակ պատճառը չէ: Կա ուրիշը, շատ ավելի դժվար հաղթահարելին:
– Ի՞նչը նկատի ունեք:
– Բազմաթիվ անգամ խոսվել է այն մասին, որ Կովկասը կարեւորագույն, չեզոք (այստեղ չկան գլոբալ խաղացողներ) տարանցիկ միջանցք է, որի համար ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո լարված պայքար ծավալվեց գլոբալ խաղի մասնակից տերությունների, գերտերությունների միջեւ: Այդ պայքարում կարեւորագույն լծակ դարձան թե տարածաշրջանի երկրները՝ իրենց մանր ու ոչ այնքան մեծ նկրտումներով, թե մինի-կայսրություններում իրենց ապագայի համար պայքարի բարձրացած փոքր ժողովուրդները: Եվ այստեղ տերությունների համար իրենց շահերի համար պայքարում չկա ոչ մի սրբություն, ոչ մի բարոյական արգելք: Այդպիսին է այսօրվա աշխարհը: Ինչպես ասում են՝ ոչ մի անձնական պահ. միայն շահեր: Հենց այդպիսի մի գործառույթի զոհ դարձավ Վրաստանը՝ Սահակաշվիլու առաջնորդությամբ: Սահակաշվիլին, որ անվերապահորեն հավատում եւ վստահում էր ԱՄՆ-ին՝ որպես մոլորակի ամենաառաջատար եւ ամենաարդար ուժի, վերջինիս կեցվածքն ու պահվածքը (իսկ միգուցեեւ ուղիղ հուշումը) ընդունեց որպես Օսիայի հանդեպ իր քայլերի խրախուսանք: Բայց ԱՄՆ-ը ոչ թե ապահովում էր Վրաստանի «տարածքային ամբողջականությունը», ինչպես Սահակաշվիլին էր մտածում, այլ կովկասյան տարանցիկ միջանցքի երաշխավորումը ռուսական որեւէ միջամտությունից: Մինչդեռ դրան կարելի էր հասնել Օսիան Վրաստանից դուրս բերելով եւ ՌԴ-ին հանձնելով, քանի որ հիմնական կոմունիկացիաներն անցնում են Օսիայից քիչ հարավ, եւ Ռուսաստանին պետք էր զրկել Օսիայում ջարդերն ու զտումները խափանելու պատրվակով կոմունիկացիոն միջանցք ներխուժելու ամեն մի հնարավորությունից: Այս օրինակը ոչ թե պատահականություն է, այլ տարածաշրջանի համար օրինաչափություն: Նույն ձեւով օգտագործվել են եւ կարող են օգտագործվել լեզգի, թալիշ, հայ-ադրբեջանական, ինչպես նաեւ մյուս՝ ոչ այդքան հայտնի լարվածություններն ու ընդհարումներն Ադրբեջանում, ջավախցի, մեսխեթցի թուրքերի, ադրբեջանցիների եւ մի շարք այլ նմանատիպ կնճիռներ՝ Վրաստանում: Սա նշանակում է, որ այն Կովկասը, որտեղ մենք ապրում ենք, չի կարող լինել խաղաղ՝ պահպանելով իր այսօրվա պետական-ազգային կառուցվածքը, կյանքի կազմակերպման այսօրվա բնորոշիչ գծերն ու սկզբունքները: Իսկ մեր այն իմաստուն գիտակներին, ովքեր պնդում են, թե հայերը կովկասյան ժողովուրդ չեն եւ տարածաշրջանի հետ որեւէ առնչություն չունեն, կառարկեմ, որ ամերիկացիները, ռուսները, եվրոպացիները եւ մյուս գլոբալ խաղացողները, իրենցից էապես ավելի քիչ կրթված լինելով, ոչ թե նայում են մշակույթներին, պատմություններին, քաղաքակրթություններին, այլ միմիայն աշխարհաքաղաքական իրականությանը եւ Հայաստանի հետ վարվում են՝ որպես կովկասյան տարանցիկ միջանցքի բաղկացուցիչ մասի:
Պետք է լավ հասկանալ՝ ինչ է կատարվում, եւ որոնք են ստեղծված իրավիճակից ելքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել