Այս սահմաններում է Խորեն Թռչունիչի երկիրը
«Դուք ֆանատիկ կոմունիստ եք, նոստալգիայով եք ապրում, Միկոյան եք». այս «մեղադրանքները» տարիներ առաջ հայաստանցի կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանի հասցեին հնչել են ԵԽԽՎ-ում անգլիացիների եւ հույների կողմից: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ հայաստանյան պատվիրակներից հետաքրքրվել են, թե ե՞րբ է մեր երկիրը պատրաստվում կատարել իր պայմանավորվածությունը՝ ռուսական զորքը Հայաստանի սահմանից դուրս բերելու վերաբերյալ: Երբ մեր պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանում է, թե՝ երբ ՆԱՏՕ-ն պահի մեր սահմանը, Խորեն Թռչունիչը բարկանում է եւ բավականին կոպիտ արտահայտություններ թույլ տալիս, ինչը շատ արագ թարգմանվում է եւ աղմուկի ու լեզվակռիվների տեղիք տալիս: Այս եւ այլ պատմություններ հիշեց «Առավոտի» զրուցակիցը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության աշխատանքները. «Էդ մի վեճն էլ որ գնում էր, քեզ մարդու տեղ էին դնում, հաշվի էին նստում հետդ, խոսում էին, ամեն մեկս մեր ճանաչած մարդուն ճշմարտությունն էինք ներկայացնում ու համախոհներ շահում»: Ինչ մնում է Եվրոպային, ապա Թռչունիչը Եվրոպայից վերադարձել է նույն զզվանքով, ինչ որ 300 տարի առաջ մեր պապերը. «Ես դեռ Եվրոպայում դրականը չեմ տեսել, ու դեռ միայն նրանցից բացասականն ենք վերցնում: Եթե մենք տեսնում ենք, որ ընտրությունները կեղծիքով էին, իսկ եվրոպացին ասում է՝ մեր չափանիշներին համապատասխան էին… ի սեր Աստծո»,- աթեիստ կոմունիստին այլ բան չի մնում, քան Աստծուն հիշել:
Ի դեպ, քաղաքականություն վերադարձած մեր զրուցակիցը միմիայն դրական է վերաբերվում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարացմանը եւ անգամ նրանց լրացուցիչ լիազորություններ տալուն: Ավելին, որոշ «քարտեր» է բացում. «1991-ի վերջերին Հայաստանի համար շատ ծանր օրեր էին, եւ սահմանն էլ ազատ էր: Լեւոն Տեր-Պետրոսյանը Աշոտ Մանուչարյանի միջոցով դիմեց Հայաստանի կոմկուսին՝ խնդրելով մի կերպ զորք բերել եւ սպառնացող թուրքական վտանգից փրկել երկիրը: Այսօր Լեւոնն էլ, Աշոտն էլ, Դարբինյանն էլ կենդանի են: Հանգուցյալ Սերգեյ Գրիգորիչի հետ Օլեգ Լոբովի միջնորդությամբ մտանք Ելցինի մոտ, թուղթը ստորագրել տվեցինք ու ռուսական զորքը բերեցինք: Ես չգիտեմ՝ ո՞վ է դրան դեմ գնում, բայց եթե կան նման մարդիկ՝ Հայաստանի թշնամին են: Ինչ ասես կարող են ասել, բայց պատմություն կա: Թող ինձ քննադատեն, բայց ես ասում եմ՝ իմ երկիրը Վարդենիսից Հոկտեմբերյանը չի, այլ Վարդենիսից Վլադիվոստոկը»:
Հայ ազգային կոնգրեսի երկամյա գործունեությանը մեր զրուցակիցն անդրադառնալ չցանկացավ. «Թող ինձ ներեն բառիս համար՝ վազող ձիու գլխին չպետք է խփել: Թողնենք՝ տեսնենք՝ ի՞նչ է լինելու: Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ ենք լավ ճանաչում, եկած-անցած-գնացածներին էլ. տեսնենք՝ ի՞նչ է լինելու»:
Ինչ մնում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին՝ Թռչունիչը պատկերավոր էր. «Ինչքան սրանք կկարողանան ռուսական բազաներն էստեղից վերացնել՝ այնքան էլ կկարողանան Քոչարյանին ետ բերել»: ՀՀ երկրորդ նախագահի հետ մեր զրուցակիցն անձնական թշնամություն չունի, պարզապես վերջինս խախտել է ԼՂՀ հարցի վերաբերյալ դեռ 1996 թվականի վերջերին ձեռք բերված մի պայմանավորվածություն, որի մասին այսօր Թռչունիչը բարձրաձայն չի ցանկանում խոսել. «Երբ նա կասի՝ ի՞նչ փակագծեր է՝ թող բացի, ես էլ կբացեմ»: Բայց մի բան վստահ է հայտարարում. «Ղարաբաղի հարցը լուծված կլիներ, եվրոպաներն ու ամերիկաներն էլ պետք չէին լինի, էսքան բան էլ չէր լինի, ղարաբաղցին ինքն իր հարցը լուծելու էր՝ Ղարաբաղի նախագահն էր: Թե չէ՝ իրենից փող չեմ ուզել, տարածք չեմ ուզել, հակառակ՝ իրենք էին ասում՝ ինչ տանք՝ մեզ հանգիստ թողնես: Բայց ես կաշառվող չէի»: Ի դեպ, Թռչունիչը պատմում է, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհրդակցում էր քաղաքական ուժերի հետ՝ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ բերելու հարցով, ինքն ըմբոստանում էր եւ առաջին նախագահին պատմում, թե ինչ պայմանավորվածություն են ունեցել Քոչարյանի հետ, որը նրա ջանքերով տապալվել է, Տեր-Պետրոսյանը վրդովվել է. «Ինչու ինձ չեք ասել, ու նման տարբերակը ձեռքից բաց ենք թողել, ես էլ այսօր նման փրկություն եմ ման գալիս»: