«Ժառանգության» վարչության փոխնախագահ, Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կասկած հայտնեց, թե ՌԴ եւ ՀՀ նախագահներ Մեդվեդեւի եւ Սարգսյանի երեւանյան հանդիպումը վճռորոշ կլինի արցախյան հակամարտության հարցում:
Ադրբեջանական քաղաքական ու փորձագիտական շրջանակներում արդեն սկսել են քննարկել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Երեւան եւ Բաքու կատարելիք այցի օրակարգը: Ու եթե ադրբեջանցի փորձագետների, մասնավորապես՝ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի համար պարզ է, թե Մեդվեդեւն ու Ալիեւն ինչ հարցեր են քննարկելու՝ երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանը, էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր, ապա Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպմանը, բացի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցից, պարզ չէ, թե կողմերը քննարկման որեւէ այլ հարց կունենա՞ն, թե՞ ոչ, քանի որ, ըստ Ռ. Մուսաբեկովի, Հայաստանն ինքնուրույն եւ Ռուսաստանի համար հավասար գործընկեր չէ: Այսօրինակ դիտարկումը կարող է պատճառաբանված համարվել թեկուզ այնքանով, որքանով, ի տարբերություն Բաքու նախատեսվող այցի, Մեդվեդեւի՝ Երեւան կատարելիք այցի օրակարգի մասին ոչինչ դեռ հայտնի չէ:
Այդուամենայնիվ, «Առավոտը» «Ժառանգության» վարչության փոխնախագահ, Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբիկ Հակոբյանից հետաքրքրվեց՝ նրա կարծիքով՝ որո՞նք կարող են լինել օգոստոսի 19-ին Երեւանում կայանալիք Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպման քննարկման առանցքային թեմաները:
Ըստ փորձագետի՝ Հարավային Կովկասը մեր մոլորակի ամենաանհանգիստ եւ միլիտարիզացված տարածաշրջաններից է, եւ, բնականաբար, Հայաստանը այս կամ այն կերպ առնչվում է տարածաշրջանի հետ կապված բոլոր հարցերին: «Իհարկե, նախագահների հանդիպման ժամանակ հիմնական շեշտադրումները կլինեն Ղարաբաղի հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների, բնականաբար նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում ընթացող պրոցեսների ու Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդլայնման հեռանկարի հետ կապված հարցերի վրա: Կարծում եմ՝ քննարկման թեմա կլինեն նաեւ Ադրբեջանի հետ կապված հարցերը՝ այնքանով, որքանով դրանք առնչվում են Հայաստանի անվտանգությանը: Ըստ իս, եթե ոչ որպես առանձին քննարկման թեմա, ապա անդրադարձ կլինի նաեւ առայժմ քննարկման փուլում գտնվող Ադրբեջանի կողմից ձեռք բերվելիք արդեն հայտնի C-300 ՊՄՈՒ «Ֆավորիտի» զենիթահրթիռային համակարգի հետ կապված հարցին: Բայց մեզ, բնականաբար, հետաքրքրում են առավելապես ղարաբաղյան հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների հարցերը, որոնք մեզ համար այդ հանդիպման ընթացքում կդառնան առանցքային»,- ասաց. Ռ. Հակոբյանը:
Նա արձանագրեց, որ այդ հանդիպումից, մասնավորապես՝ Ղարաբաղի հետ կապված, որոշակի եւ լուրջ ակնկալիքներ ունեն ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Ռուսաստանում. «Անշուշտ, չեմ կարծում, թե ամբողջությամբ այն, ինչի մասին պիտի խոսվի այդ խնդիրների շուրջ, կհրապարակվի ու մեզ հայտնի կդառնա, ինչը ինչ-որ տեղ բնական է, բայց երեւի որոշ լուրջ քննարկումներ կլինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը տեղից շարժելու ուղղությամբ: Բնականաբար, դա առաջին հերթին ակնկալում է ադրբեջանական կողմը. խոսքը ստատուս քվոյի թեկուզ մասնակի փոփոխության մասին է»: Մեր հարցին, թե՝ արդյոք այդ ակնկալիքներն արդարանալո՞ւ են, պարոն Հակոբյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ եթե այն սպասելիքն է, ինչ ունի Ադրբեջանը, իսկ նա սպասում է, որ Ռուսաստանը Հայաստանին կկարողանա համոզել ստատուս քվոյի փոփոխության հարցում՝ առանց Ադրբեջանի կողմից համարժեք որեւէ փոխզիջման, ապա դա այն հարցն է, որը կարող է լրջագույն իրավիճակ ստեղծել Հայաստանում: Բոլոր դեպքերում հասարակական-քաղաքական կյանքը, կարծում եմ, միանգամից կփոթորկվի: Բայց չեմ կարծում, որ այս հանդիպման արդյունքում որեւէ լուրջ տեղաշարժ կգրանցվի արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում»:
Փորձագետների դիտարկմամբ, ԼՂ հակամարտության լուծման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն ու մասնավորապես նաեւ գերտերությունները ընդհանուր համաձայնություն չունեն: Ըստ «Ակունք» կենտրոնի ղեկավարի, խնդրի լուծման վերաբերյալ աներկբա համաձայնություն համանախագահների միջեւ, այո, չկա, ու դրա համար էլ կողմերից որեւէ մեկը, որը փորձում է արված առաջարկների հետ չհամաձայնել, այնքան էլ լուրջ եւ միահամուռ դիմադրության չի արժանանում համանախագահող պետությունների կողմից: «Համանախագահող երկրների հայտարարություններում ու մեկնաբանություններում էլ շեշտադրումների որոշակի տարբերություն է նկատվում: Ես չէի ասի, թե դա ենթադրում է, որ նրանք ցանկանում են ԼՂ հարցի լուծումը ձգձգել: Բայց ակնհայտ երեւում է, որ եռանախագահությունում հավասարների մեջ Ռուսաստանը մի քիչ ավելի հավասար է, եւ, իհարկե, Ռուսաստանի խոսքը շատ ավելի վճռորոշ է այս դեպքում»,- եզրակացրեց Ռուբիկ Հակոբյանը: