Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խոտից մինչեւ աստղագուշակություն

Օգոստոս 05,2010 00:00

Երեւանում բույսերի վաճառքը սկսվում է սերմից, վերջանում հորոսկոպով, իսկ «խոտ» գնողների պակաս չի զգացվում:

Հայկական ծաղկավաճառության բիզնեսն ունի զուտ ազգային բնորոշ հատկանիշներ՝ բույսերի վաճառքը սկսվում է հոգեբանության ուսումնասիրությունից, վերջանում՝ հորոսկոպի նշանը պարզելով: «Բա ոնց, ծաղիկ առնելուց պիտի իմանաս, ինչի համար ես տանում, հո մենակ տեսքը չի: Եթե տունը չամուսնացած, տարիքով աղջիկ կա, պիտի մանուշակ տուն չտանես, եթե փողի պակաս է զգացվում՝ երջանկության ու փողի ծառ անպայման պիտի առնես: Ամուսնության հետ խնդիրներ կան՝ նարգիզներից հեռու-հեռու մնացեք: Եթե լավ ունեւոր մարդիկ եք, նավսից եք վախենում, պիտի կակտուս ունենաք, որ հարեւանի աչքը տան վրա չլինի»,- պնդում է տնային բույսերի վաճառքի մասնագետ,14 տարվա փորձ ունեցող Կարինե Քալանթարյանը, որը «ֆիրդուսնոցի» դիմաց ծաղիկ է վաճառում:
Երեւանյան շուկաներում բույսերի սիրահարներին առաջարկվում է մեծ տեսականի՝ տարբեր գներով ու բովանդակությամբ, սակայն ոչ միշտ է բախտ վիճակվում դեղաբույս կամ տնային բույս գնել։ Օրինակ, բացառված չէ, որ «ալոէ» անվան տակ ձեր վրա մոլախոտի սովորական փուշ վաճառեն: Նոր-Նորքի եւ Էրեբունու շուկայում Աբոյին ճանաչում են ոչ միայն որպես ծաղկավաճառ, այլ նաեւ հմուտ «խոտավաճառ»: «Աղջիկ ջան, զգույշ մնա, վայրի վարդի տեղը սամիթ չառնես 2000 դրամով»,- այս նախազգուշացումը լսվում է կիսաձայն՝ մինչեւ Աբոյին կհասցնես մոտենալ: «Խոտը» մատնացույց անելով, հարցնում ենք. «Շա՞տ են գնորդները, սա վա՞րդ է»: «Աղջիկ ջան, չեմ դժգոհում: Չես ուզում՝ մի առ, մարդ կա՝ խոտ ա ուզում առնի, ի՞նչ ես գործիս խփում: Հա, լավ էլ առնում են, պակաս չի զգացվում»,- բարկացած, բայց շատ ցածր ձայնով պատասխանում է ծաղկավաճառը: Նրա աշխատանքը կրում է նաեւ սեզոնային բնույթ, օրինակ՝ Զատկի նախօրեին նա վաճառում է «իսկական» խոտ՝ սկսած 300 դրամից: Աբոն խոտի վաճառքով Երեւանում միակ «մասնագետը» չէ, ամեն երրորդ ծաղկավաճառի բույսերի տեսականիում առկա է գոնե մեկ «խոտով ծաղկաման»:
50-ամյա Սիրունը բույսերի առք ու վաճառքով զբաղվում է 6 տարի: Ըստ նրա, իր բիզնեսն ունիկալ է՝ բույսը վաճառում է միայն ծաղկամանով: «Թվում ա՝ առանձնապես դժվար բան չկա, սերմը ցանում ես, աճում ա, ծախում ես: Բայց գիտե՞ք, բույսը պիտի քեզ սիրի ու սովորի, տնային կենդանու նման ա, դրա համար էլ ամեն մարդ չի, որ կարողանում ա էս բիզնեսն անի: Համ էլ մոդայից պիտի հասկանաս, օրինակ պիտի իմանաս, որ Հայաստանում մոդա ա ընկել տանը պալմա ունենալը»,- ասում է Սիրունը, ներկայացնելով տեսականին՝ ծաղիկներից մինչեւ արմավենիներ, գները տատանվում են՝ 500-ից 7000 դրամ: Երբ փորձում ենք համեմատել բույսեր վաճառող խանութների գների հետ, պարզվում է՝ փողոցում վաճառվող բույսերն ավելի մատչելի են, օրինակ՝ մանուշակը փողոցում վաճառվում է 500-ից 3000 դրամ, խանութներում գինը տատանվում է 1500-ից 8000 դրամ, միայն թե այս դեպքում ավելի քիչ է խաբված լինելու հավանականությունը:
Ծաղկավաճառների շրջանում հարցումները ցույց են տալիս՝ ամենից շատ վաճառվող տնային բույսերի թվում են «փողի ծառը», արմավենին եւ մանուշակը: Եթե դա փորձենք համադրել «բուսական գուշակության» հետ՝ հայերը ճգնաժամից տուժել են, ձգտում են տաք երկրներ, չամուսնանալու ոչ մի խնդիր չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել