Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԵԳԱԿԻՆ ՀԵՌՎԻՑ ՆԱՅԵՔ

Օգոստոս 05,2010 00:00

Եվ «մածնաբուժությամբ» մի զբաղվեք

«Այս տարի արեւայրուքից տուժածներ մեզ մոտ մինչ օրս չեն գրանցվել»,- ասում է թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան Սամվել Խաչատրյանն ու հավելում, որ արեւից տուժած հիվանդները, որպես կանոն, մաշկային բժշկին չեն դիմում: Լուրջ այրվածքների դեպքում հիվանդները, ըստ մեր զրուցակցի, սովորաբար դիմում են այրվածքաբանական կենտրոն:
Ս. Խաչատրյանը փաստում է նաեւ, որ բնակչության զգալի մասը բավականին գրագետ է եւ տեղյակ է, թե որ դեպքում որտեղ կարելի է դիմել ու ինչ անել: Ավելին, ամռանը շատերը օգտագործում են արեւից պաշտպանող քսուքներ, որոնք էլ, մաշկավեներաբանի համոզմամբ, բավականին արդյունավետ են:
«Արեւայրուք ստանալը Երեւանում գրեթե անհնարին բան է: Մարդիկ արեւից «տուժում» են հանգստյան վայրերում, քաղաքից դուրս, ասենք՝ Սեւանում»,- պատմում է բժշիկը եւ հայտնում, որ, դերմատոլոգիական տեսանկյունից արեւայրուքներով տարվելն այնքան էլ լավ բան չէ: Արեւայրուքը վնաս է մաշկի համար: Մանավանդ, եթե արեւայրուքը մարդը մեկ շաբաթվա մեջ է ձեռքբերում: Ըստ Ս. Խաչատրյանի, արեւայրուքը, հակառակ տարածված կարծիքի, ամեւնեվին էլ չունի բուժող հատկություն: Արեւայրուք ընդունելու ժամանակ օրգանիզմը արտադրում է մելանին նյութը, որի մեծ քանակությունը վնասակար է. ընկնում է մաշկի դիմադրողականությունը:
Ի դեպ, մաշկավեներաբանը խորհուրդ չի տալիս նաեւ արեւայրուքի ժամանակ օգտագործել շատերի կողմից ընդունված մածունը, որն օգտագործվում է որպես հանգստացնող ու նույնիսկ բուժող միջոց: «Շատ կուզնենայի իմանալ, թե ո՞վ է մածունով բուժման մեթոդի հեղինակը: Դա բժշկության մեջ կտրականապես արգելված բան է, քանի-որ մածունը ջրազրկում է այրված մաշկը, եւ՝ փաստորեն, մարդը ստանում է կրկնակի այրվածք»,- ասում է Ս. Խաչատրյանը: Տնական մեթոդներից, բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել չիչխանի յուղը: Այն ունի բուժիչ հատկություններ: Արդյունավետ է նույնիսկ թեթեւ աստիճանի այրվածքի դեպքում:
Բժիշկը խորհուրդ չի տալիս նաեւ տարվել արհեստական արեւայրուքներով՝ սոլյարիով: «Բժշկական տեսանկյունից դա այնքան էլ լավ չէ, սկսենք նրանից, որ սոլյարին արհեստական ճառագայթում է, ինչը մեր օրգանիզմի համար բարենպաստ չէ: Այնպես որ, որոշեք ինքներդ՝ ունենալ գեղեցիկ թուխ մաշկ, բայց անառողջ, թե…»,- ընդգծում է բժիշկը:
Բժշկից հարցրեցի, թե ամռան շրջանում մաշկային ի՞նչ սպեցիֆիկ հիվանդություններ են ավելի շատ տարածված: «Հիմնականում արեւային դերմատիտ հիվանդությունը, որը, ըստ էության, մարդուն վնաս է պատճառում զուտ կոսմետոլոգիական առումով: Ամռանը տարածված են նաեւ սնկային հիվանդությունները: Դրանք ամռանը, ինչպես ասում են, «գլուխ են բարձրացնում»: Դա կապված է ամռան շոգի հետ, մարդիկ քրտնում են, ինչի հետեւանքով սնկի համար ստեղծվում է բարենապաստ միջավայր»,- նշում է Խաչատրյանը ու ավելացնում, որ այսօր շատ տարածված է գունափոփոխ որք հիվանդությունը: Այն մակերեւութային է, սունկ է, օրգանիզմին չի կարող լուրջ վնաս հասցնել, բայց անշուշտ կոսմետոլոգիական դեֆեկտ է: Հիմնականում գունափոփոխ որքինը տարածվում է գոտկատեղից բարձր:
Ըստ Ս. Խաչատրյանի՝ այս հիվանդությունը բավականին հեշտ բուժվում է, պարզապես, պետք է ժամանակին կանխել եւ դիմել համապատասխան մասնագետի, այս դեպքում՝ մաշկավեներաբանի:
Զրույցի վերջում բժիշկը խորհուրդ տվեց, անկախ եղանակից, մաշկը պահել մաքուր վիճակում: Քրտնարտադրության դեմ պայքարելու համար օրվա ընթացքում մի քանի անգամ ցնցուղ ընդունել եւ ցնցուղից հետո մաշկը չպատել «պրիսիպկայով», որը եւս ընդունված բան է: Կանանց ու աղջիկներին էլ խորհրդի կարգով ասաց, որ ամռան տապին դիմահարդարման միջոցները, շպարը հնարավորինս քչացնեն: Ամռանն անհրաժեշտ է այնպես անել, որ մաշկը շնչի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել