Panorama.am-ը տեղեկացնում է, որ Թուրքական ATV հեռուստատեսությամբ ցուցադրվող «Հրապուրիչ Ջազիբեն» սերիալի սցենարում ադրբեջանցի կանայք ներկայացվում են ստորացուցիչ իրավիճակներում: Այս մասին գրել է «Ենի Մուսավաթ»-ը: Ըստ սցենարի՝ պարտքերի մեջ խրված Թուրքիայի քաղաքացի Քյամալը խոշոր գումարի դիմաց համաձայնում է ամուսնանալ Ադրբեջանի քաղաքացի Ջազիբե Աբբասովայի հետ, որը ցանկանում է այդ ճանապարհով Թուրքիայում բնակվելու եւ աշխատելու թույլտվություն ստանալ: Պահանջվող գումարը ստանալուց հետո, Քյամալը որոշում է արագորեն ազատվել «անամոթ», «անպատկառ», «անառակ» ադրբեջանուհուց եւ դրա համար դիմում տարբեր միջոցների:
Նկատենք, որ ATV հեռուստատեսության սեփականատեր, «Չալըք» ընկերության գործադիր տնօրեն Բերաթ Ալբայրաքը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է:
ATV հեռուստատեսությամբ ցուցադրվող այդ սերիալը ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանում: Ադրբեջանցիների մի մասը բողոքում է, որ սերիալում ադրբեջանուհու նման կերպարը Ադրբեջանին եւ ադրբեջանցի կնոջը հասցված վիրավորանք եւ ստորացում է: Մի մասն էլ հեգնում է, թե լավ է, որ Ջազիբեին չեն ներկայացրել որպես թուրքական բարերում եւ ռեստորաններում մարմնավաճառությամբ զբաղվող ադրբեջանուհի:
Ինչպես տեղեկացնում է «Ենի Մուսավաթ»-ը, Խանլար Խոջա անունով մի ադրբեջանցի Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին խնդրել է դադարեցնել եւ արգելել ֆիլմի ցուցադրությունը՝ նշելով, որ Թուրքիայում բազմիցս ադրբեջանցի կանանց ստորացնող ֆիլմեր են ցուցադրվել: