Պարզաբանում է դերասան Ռաֆայել Քոթանջյանը
Երեկ «Առավոտի» խմբագրություն էին եկել Մասիս քաղաքի մի խումբ վրդովված թատերասերներ: Նրանք հայտնեցին, որ օգոստոսի 2-ին Մասիսի երաժշտական դպրոցի դահլիճում սպասվելիք «Ռաֆայել Քոթանջյան եւ ընկերներ» համերգային ծրագիրն այդպես էլ չի կայացել: Մասիսցիների խոսքերով՝ 1500 դրամ արժողությամբ տոմսերը ձեռքներին ժամ-ժամուկես կանգնել են դպրոցի առջեւ, իսկ իրենց պաշտելի Քոթանջյանն ու համերգային ծրագրում ընգրկված այլ դերասաններն այդպես էլ չեն ժամանել: Մեր զրուցակիցները վրդովված էին, որ, իրենց խոսքերով, մարզային հանդիսատեսին ոչ ոք այդպես էլ չպատճառաբանեց այդ անհասկանալի արհամարհանքը, բնականաբար, ներողություն էլ չխնդրեցին այդ առիթով: Միայն ժամեր անց ինչ-որ մեկը զանգել է ինչ-որ մեկին ու շոգից ուժասպառ եղած հանդիսատեսին ասել է ընդամենը հետեւյալը. «Վերջ, Քոթանջյանը չի գալու…»: Մասիսցիները ոչ այնքան վիրավորված էին անվանի դերասանի «վերաբերմունքից», որքան իրենց խոսքերով. «Այդ համերգը կազմակերպիչ չունե՞ր: Այո, պահաջում ենք, որ հենց կազմակերպիչները մամուլով ներողություն հայտնեն: Թե չէ՝ ի՞նչ է ստացվում՝ մարզաբնակների հետ կարելի է ամեն կերպ վարվել, արհամարհե՞լ… Համոզված ենք, որ մայրաքաղաքում նման առիթով նույնիսկ հեռուստատեսությամբ ներողություն կհայցեին: Մենք, եթե հանդուրժենք այս արհամարհանքը, համոզված ենք, որ հետագայում էլ չի բացառվում նման դեպքերի կրկնությունը: Մեկ անգամ եւս կրկնենք, որ մենք պարզապես սիրում ու գնահատում ենք մեծանուն արտիստին»:
Չկայացած համերգի առիթով «Առավոտին» Մասիսի քաղաքապետի խորհրդական Սիրուն Թովմասյանը, որը նաեւ կոորդինացնում է տեղի մշակութային անցուդարձը, փոխանցեց. «Համերգի կազմակերպիչը քաղաքապետարանը չէ: Մեզ փոխանցել են 10 տոմս եւ խնդրել իրացնել: Չկայացած համերգից հետո 1500 դրամանոց տոմսերի գումարը վերադարձվել է: Կատարվածի առիթով, անկեղծ ասած, ես զարմացած եմ ու զայրացած…»:
ՀՀ Ժողովրդական արտիստ Ռ. Քոթանջյանի պարզաբանումն էլ հետեւյալն է. «Մեծ սիրով եմ հանդես գալիս մարզերում։ Առ այսօր հազարավոր համերգներ եմ ունեցել։ Համերգը հետաձգելը դեռ չի նշանակում, որ այն «պրավալի» է ենթարկվել, կամ «քաշել» ենք մարդկանց: Համերգն անպայման կկայանա օգոստոսի վերջին, ինչի մասին կտեղեկացվի վաղօրոք: Չկայացած համերգը երկկողմանի ադմինիստրատիվ կազմի աշխատանքի թերացման արդյունք է: Հայցում եմ հանդիսատեսիս ներողամտությունը»: Սակայն պարոն Քոթանջյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե Մասիսի «մասով» ո՞վ էր կազմակերպիչը: