ՌԴ տարբեր շրջաններում եւ Մոսկվայի արվարձաններում աննախադեպ տաք եղանակի պատճառով բռնկված հրդեհների հետեւանքով չորեքշաբթի օրը Մոսկվան հայտնվել էր թանձր ծխի մեջ: Վերջին ութ տարիների ընթացքում մթնոլորտ նետված վնասակար նյութերի քանակությունը ՌԴ մայրաքաղաքում հասել է առավելագույն մակարդակի: Խեղդող ծխի խտությունը դժվարացրել է նաեւ քաղաքային տրանսպորտի երթեւեկությունը. տեսանելիությունը 300 մետրը չի գերազանցում: BBC-ի փոխանցմամբ, օդերեւութաբանները կանխատեսում են, որ առաջիկա հանգստյան օրերին ջերմաստիճանն էլ ավելի կբարձրանա՝ հատելով 40 աստիճանի սահմանը: Մոսկվայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառով երկրի նախագահ Մեդվեդեւն ընդհատել է Սոչի կատարած իր այցն ու վերադարձել է Մոսկվա, որտեղ Անվտանգության խորհրդում ընդլայնված խորհրդակցություն է տեղի ունեցել: