Իսրայելը զինվորական ստորաբաժանումներ եւ զրահատեխնիկա է կուտակում Լիբանանի հետ սահմանին, որտեղ երեքշաբթի օրը ռազմական բախում էր տեղի ունեցել, եւ երկու կողմերից էլ զոհեր էին եղել: Իսրայելի բանակի ինժեներական ստորաբաժանումները Էլ-Էդեյսա-Թեյբա-Կֆար Կիլլա հատվածի դիմաց սկսել են լրացուցիչ ամրություններ կառուցել: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ՝ Իսրայելի բանակի ռադիոկայանը հայտարարել է, թե «սահմանի մոտ լրացուցիչ ուժերի կենտրոնացումը պետք է ազդակ լինի լիբանանյան կառավարությանը»: Իր հերթին Լիբանանի պաշտպանության գերագույն խորհուրդը, որը, երկրի նախագահ Միշել Սուլեյմանի գլխավորությամբ, խորհրդակցություններ է անցկացրել, ուղերձով դիմել է լիբանանցիներին եւ ռազմական ուժերին, որում «չնայած հնարավոր զոհերին՝ իսրայելական ուխտադրուժ հարձակումները ետ շպրտելու» վճռականություն է հայտնել: Լիբանանյան զորքերը բերվել են մարտական պատրաստվածության բարձր աստիճանի: Երկրի քաղաքական գրեթե բոլոր ուժերը ողջունել են այդ որոշումը: Շիա արմատական խմբավորման՝ «Հըզբոլլահի» առաջնորդ, շեյխ Հասան Նասրալլը հայտարարել է, թե Լիբանանի բանակի տրամադրությանն են հանձնում «դիմադրության ուժերի ամբողջ պոտենցիալը» եւ Իսրայելին սպառնացել է «նոր ագրեսիայի դեպքում պատասխան հզոր հարձակում սկսել»:
Ընդսմին, Իսրայելի իշխանությունները երեքշաբթի տեղի ունեցած սահմանային ռազմական հակամարտության ողջ պատասխանատվությունը բարդել են լիբանանյան կողմի վրա: Որպես դրա փաստարկ, իսրայելական կողմը չորեքշաբթի օրը միջադեպի շրջանում երկնքից կատարված լուսանկարներ է հրապարակել: Նախօրեին Իսրայելը նաեւ բողոք էր ներկայացրել ՄԱԿ-ին եւ պահանջել էր սահմանին տեղի ունեցածի առնչությամբ միջազգային հետաքննություն իրականացնել: ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, թե Իսրայելի բանակը գործել է կոռեկտության սահմաններում: Ավելին, ՄԱԿ-ի ներկայացուցչի մատուցմամբ, Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները մինչեւ երեքշաբթի օրը ծագած միջադեպը Լիբանանի սահմանը չեն հատել: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, այդ մասին հայտարարել է իսրայելա-լիբանանյան սահմանին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ներկայացուցիչ Միլոշ Ստրուգարը՝ միաժամանակ հավելելով, որ խաղաղապահները գրեթե ամեն օր հաղորդումներ են ստանում Լիբանանի կողմից սահմանին հրահրվող սադրանքների մասին: Մեկնաբանելով երեքշաբթի օրը տեղի ունեցած միջադեպը՝ Ստրուգարը հաստատել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը ՄԱԿ-ի ուժերին տեղեկացրել էր սահմանապահ աշխատանքներ իրականացնելու մասին, իսկ ՄԱԿ-ի ուժերն այդ տեղեկությունը փոխանցել էին լիբանանյան կողմին: Նրա ասելով՝ հիմա խաղաղապահ ուժերն անում են ամեն հնարավորը՝ իրավիճակը հարթելու համար:
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները Լիբանանի հետ սահմանին ծառահատում էին իրականացրել, իսկ սահմանը հսկող լիբանանցի զինծառայողները կրակ էին բացել իսրայելցի պարեկի վրա՝ համարելով, որ նա հատել է Լիբանանի սահմանը: Ի պատասխան՝ իսրայելցիները Լիբանանի ուղղությամբ մի քանի հրթիռ էին արձակել:
ԶԼՄ-ները սահմանային այդ միջադեպն արդեն համարել են Լիբանանյան երկրորդ պատերազմից հետո՝ չորս տարի անց, տեղի ունեցած ամենալուրջ միջադեպը, որի առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խոր մտահոգություն է հայտնել՝ կողմերին զսպվածության կոչ անելով: