Իրանից հակասական տեղեկություններ են ստացվում երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դեմ կատարված մահափորձի վերաբերյալ:
Միջազգային ԶԼՄ-ների մատուցմամբ, մահափորձը տեղի է ունեցել նախագահի աշխատանքային այցի ընթացքում՝ Համադան գավառ մեկնելու ճանապարհին: Ըստ այդ տեղեկությունների, անհայտ մեկը Ահմադինեջադին ուղեկցող ավտոշարասյան վրա նռնակ է նետել, որի արդյունքում կան վիրավորներ, այդ թվում՝ լրագրողներ, եւ նույնիսկ զոհեր, բայց ինքը՝ նախագահը, հարձակման արդյունքում չի տուժել: Հաղորդվում էր նաեւ ձերբակալվածների մասին: Առժամանակ հետո, սակայն, իրանական պետական FARS գործակալությունը հերքել էր այդ տեղեկությունները՝ հայտարարելով, թե ոչ մի նռնակ էլ չի պայթեցվել: Գործակալության փոխանցմամբ, նախագահի մեքենայի մոտ ուղղակի ինքնաշեն ճայթռուկ է պայթել. այդպես նախագահի այցից ուրախացած իրանցիները փորձել են ողջունել Ահմադինեջադին, ինչն էլ նրա դեմ կատարված մահափորձի վերաբերյալ շշուկների առիթ է դարձել: «Դա եղել է հրավառություն, համապատասխան հայտարարությունը շուտով կհրապարակվի»,- «Ֆրանսպրեսին» ասել է երկրի գործադիր իշխանության պաշտոնական ներկայացուցիչը:
Չնայած տարածված շշուկներին, Ահմադինեջադն, այդուհանդերձ, չեղյալ չի համարել գավառում նախատեսված իր ելույթը: Այն հեռարձակվել է նաեւ իրանական հեռուստաընկերության եթերում: «Reuters»-ի փոխանցմամբ, նախագահն էկրանին ողջուառողջ է երեւացել եւ «հարձակման» մասին չի էլ հիշատակել: