Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեր կյանքի պարադոքսները

Օգոստոս 05,2010 00:00

Երբ դիտարկում եւ փորձում եմ անդրադառնալ մեր կյանքում կատարվող շատ ճշմարտազանցությունների (պարադոքս), անմիջապես նկատում եմ մերօրյա պաշտոնյաների գործավարության մակերեսայնությունը եւ ճղճիմությունը։
Այսօր քծնանքն ու կեղծիքը դարձել են սկզբունք՝ վեր բարձրանալու, նախագահական նստավայր կամ ԱԺ մուտք գործելու համար։ Մարդկանց մեծամասնությունը դարձել է շահամոլ, փողամոլ կամ նյութապաշտ, եւ նրանց ձգտումները ամփոփված են միայն հարստություն կուտակելու անհագ մարմաջի մեջ։ Նրանք արագ մի կողմ են դրել  իրենց սկզբունքները, հանուն փողի պարտավոր են փոխել իրենց կուսակցությունները, տերերին եւ սիրո օբյեկտներին։ Ուրեմն՝ այդ զզվելի փողն է ապականում եւ թունավորում  մարդկանց հոգիները, այնտեղից դուրս մղելով բարությունը, քնքշությունը, սերը մերձավորի հանդեպ։
Ամեն անգամ, երբ լսում եմ բարեփոխումների, նոր կառույցների մասին հերթական գեղեցիկ խոսքեր, նախապես արդեն համոզված եմ լինում, որ դրանք արդյունավետ չեն լինելու։ Հիշենք վերջին տարիներին մեր կրթական համակարգում սկսված այս շիլափլավը։ Եվրոպային նմանվելու ձգտումը, Բոլոնիայի կրթական համակարգին միանալու մոլուցքը ստիպեցին գնալ նորամուծությունների, որոնք գիտելիքի առումով ոչ մի նոր բան չտվեցին մեր ուսանողներին։
Օրինակ՝ բուհերում մտցված կրեդիտային քննությունները օգնեցին ուսանողներին ամեն ամիս գրավորների ժամանակ արտագրելու նոր մեթոդներ մշակել եւ բարձր գնահատականներ վաստակել։ Իսկ որ նրանք բանավոր խոսելն են մոռացել եւ անկարող են ինքնուրույն տրամաբանական մտքեր արտահայտել, չի հուզում բարեփոխիչներին։
Ինչո՞ւ այդքան շուտ եւ հեշտ հրաժարվել մեր՝ դեռեւս ասիական մտածելակերպից, կրթական համակարգից, ամեն ինչում տուրք տալով եվրոպականին։
Եվս մեկ պարադոքս. մարդիկ կարող են բանտարկվել, զոհվել՝ չիմանալով ինչի համար։ Երիտասարդը, որը վերջերս մահացավ ոստիկանների հանիրավի խոշտանգումների պատճառով, ընդամենը փորձում էր պաշտպանել իր իրավունքները, ասել ճշմարտությունը, վերականգնել արդարությունը եւ տեսնել իսկական մեղավորներին պատժված, բայց…
Որպեսզի ժողովուրդը հավատա իր կառավարությանը, նա իր աչքերով պետք է տեսնի մեղավորներին պատժված եւ արդարությունը վերականգնված։ Նա պետք է համոզվի, որ վերեւում բարձր է գնահատվում արդարությունը եւ ինքը իրավունք չունի անարդար լինելու։ Միայն այդ դեպքում է, որ մեր երկրում սրբորեն կկատարվեն բոլոր գրված եւ չգրված օրենքները, իրավունքը կդառնա կանոն, եւ մեր կյանքից կվերանան ճշմարտազանցությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել