Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ո՞Ր ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ ՊԱՇՏՈՆԻՑ

Օգոստոս 05,2010 00:00

«Դրված է» 14 դպրոցների ղեկավարների «լինել-չլինելու» հարցը

Հունիսին, երբ նոր էին մեկնարկել միասնական քննությունները, օտար լեզուների քննության օրը ԿԳ նախարարի անունից անսպասելի հրաման «իջեցվեց», եւ տարբեր քննակենտրոններից դուրս հրավիրվեց 39 դիմորդ: Պատճառն այն էր, որ նրանք դպրոցն ավարտել էին էքստեռն կարգով՝ չսովորելով 11 տարի: Այնինչ, ԿԳ նախարարի հրամանով, այս տարի «թռիչքներն» արգելվում են:
Այս միջադեպից հետո «Առավոտը» հունիսի 17-ի համարում տպագրեց մի շարք դպրոցների անուններ, որոնց տնօրենները հայտնվել են նախարարության «սեւ ցուցակում»՝ նախարարի հրամանը արհամարհելու, ծնողների հետ գործարքի մեջ մտնելու եւ 11 տարի դպրոցում չսովորած երեխաներին ավարտական վկայականներ տրամադրելու համար: Այդ դպրոցներից են Երեւանի թիվ 195, Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21, թիվ 97, Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցները, Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5, Երասխավան, Սարդարապատ գյուղերի դպրոցները, Պտղունք գյուղի Տիգրան Մեծի անվան, Քարակերտ գյուղի թիվ 2 եւ այլ դպրոցներ:
Երբ ժամանակին «Առավոտը» հարցի կապակցությամբ զրուցեց նշված դպրոցի տնօրենների հետ, նրանք հրաժարվեցին ընդունել, որ իրենք ինչ-ինչ անօրինականություններ են կատարել: Փոխարենը հայտարարեցին, թե ԿԳՆ կրթության պետական տեսչությունը «շատ բան է անում, որ հայտարարում է», թե անօրինականությունների դիմած տնօրենները պատժվելու են: Մինչեւ դատախազությունը չզբաղվի այդ գործով՝ իրենք ոչ մի մեկնաբանություն անել չեն կարող: Մի խոսքով՝ սեւ ցուցակում հայտնված դպրոցների տնօրենները այդպես էլ չընդունեցին, որ իրենք մեղավոր են:
Այս գործընթացներից անցել է մոտ երկու ամիս, սակայն ԿԳՆ կրթության պետական տեսչությունը պաշտոնապես դեռ ոչինչ չի հայտարարել կատարված անօրինականությունների հետ կապված իրենց բացահայտումների մասին, չնայած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բազմիցս հայտարարել է, որ իրենք գործը տանելու են մինչեւ վերջ, եւ օրինախախտները պատժվելու են: Դատախազությունը եւս նշված խնդրի առնչությամբ դեռ նոր հաղորդագրությամբ հանդես չի եկել:
Թե ինչո՞ւ է տեսչությունը մանրամասներ հրապարակելու եւ ամփոփ տվյալներ ներկայացնելու գործընթացը ձգձգում, դժվար է ասել: Սակայն մի բան հստակ է. դպրոցի տնօրենների շրջանում այժմ տագնապ է տիրում: «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն՝ դրա պատճառն այն է, որ «դրված է» 14 տնօրենի «լինել-չլինելու» հարցը: Դեռ հստակ չէ, թե նոր ուսումնական տարվանից նրանցից ովքե՞ր կհեռացվեն պաշտոնից, ովքե՞ր «կպրծնեն» խիստ նկատողությամբ, սակայն արդեն որոշ անուններ են շահարկվում: Սակայն այդ անունները մենք առայժմ չենք հրապարակի՝ հավելյալ լարվածություն չստեղծելու նպատակով, թեեւ, ըստ մեր աղբյուրների տրամադրած տեղեկությունների՝ հեռացման առավել հավանական թեկնածուները երեքն են:
«Առավոտը» փորձեց նրանցից եւս պարզաբանումներ ստանալ, սակայն չհաջողվեց, քանի որ վերջիններս գտնվում են արձակուրդում, եւ նրանց հետ կապ հաստատել հնարավոր չէ: 
Իսկ երբ փորձեցինք պաշտոնական պարզաբանում ստանալ ԿԳՆ կրթության պետական տեսչությունից, այնտեղից մեզ հայտնեցին, որ պարզաբանման համար դիմենք ԿԳՆ-ի հասարակայնության հետ կապերի վարչություն: Վարչության պետ Արթուր Բաղդասարյանն էլ խնդրի կապակցությամբ փոխանցեց հետեւյալը. «Գործընթացը դեռ ավարտուն տեսքի բերված չէ: Ուստի որեւէ բան դեռ հայտնի չէ: Իսկ անունների հետ կապված ոչինչ ասել հնարավոր չէ, քանի որ պաշտոնապես դեռ ոչ մի պատասխան չկա, լինելու դեպքում ԿԳՆ-ն անպայման հաղորդագրություն կտարածի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել