Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բանաստեղծութեան խզուած ձայնը

Օգոստոս 05,2010 00:00

Լիւդուիգ Դուրեանի յիշատակին

Ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ կարեւոր է ոչ թէ բանաստեղծը, այլ Բանաստեղծութիւնը։ Թէ Բանաստեղծութիւնը մարդկային ի՞նչ կերպար, կեանք ու ճակատագիր է ընտրում ինքն իրեն հեղելու համար, որեւէ նշանակութիւն չունի։ Դրանով է բացատրւում այն, որ Բանաստեղծութեամբ կարելի է ստուգապէս ճանաչել բանաստեղծի մարդկային տեսակն ու նկարագիրը, իսկ հակառակը՝ ոչ։ Եթէ այդպէս չլինէր, ապա աշխարհը ծայրէծայր լցուած կլինէր բանաստեղծներով, իսկ Բանաստեղծութեան տեղը կմնար անդառնալի թափուր։ Երբ բանաստեղծը հեռանում է կեանքից, դրանից «չի նուազում թիւը սրբազան». նրա տեղն անմիջապէս գրաւում է իր ստեղծագործութիւնը։ Բանաստեղծը նոյնանում է Բանաստեղծութեանը եւ դառնում մէկընդմիշտ անկրկնելի։ 
Նոյնը եւ Լիւդուիգ Դուրեանի պարագան է։ Նրա ստեղծագործութեանը ծանօթ եմ եղել մանկուց, միշտ ունեցել եմ իմ որոշակի կարծիքը նրա բանաստեղծութիւնների մասին, իսկ կեանքում հեղինակին հանդիպել եմ ընդամենը երեք անգամ. այնպէս որ, կորստի այն ցաւագին զգացումը, որ իմ մէջ  առաջ բերեց նրա մահը, չի կարող լինել անձնաւորուած։ Դրա պատճառը պէտք է փնտրել Բանաստեղծութեան այն կերպի մէջ, որով ներկայանում է Լիւդուիգ Դուրեանը։
Դուրեանի բանաստեղծութիւնները չեն փայլում ձեւի կատարելութեամբ, չափուածձեւուած-խնամուած չեն, ինչը, սակայն, մատնում է ոչ թէ նրա ստեղծագործութեան թերութիւնը, այլ, ընդհակառակը, ի յայտ է բերում նրա բնատուր խառնուածքի առաքինութիւնը. նրա գործերում առկայ է ինչ-որ շատ կարեւոր, թանկագին, նախնական բան, որը չի ենթարկւում արուեստային կերպաձեւման եւ տարբերում է հեղինակին անցեալ ու ներկայ բոլոր բանաստեղծներից։ Սա է այն անփոփոխ տպաւորութիւնը, որ միշտ ստացել եմ նրա ստեղծագործութիւններից։ Դուրեանի մահը մղեց ինձ գտնելու եւ հնարաւորինս ձեւակերպելու այդ «ինչ-որ բանը»։ Քանզի այն, ինչ ի զօրու չէ անելու կեանքը, անճիգ յաջողում է մահը. յայտնաբերել մարդկանց փոխադարձ անտեսանելի կապը։
Հասկանալի է, որ այդ «ինչ-որ բանը» չի կարող վերաբերել բանաստեղծին, այլ միայն Բանաստեղծութեանը։ «Մեր տարիքն Արարատն է», յուշում է Դուրեանի վերջին գիրքը (ասել է թէ՝ վերջին կամքը, խօսքը, գործը, կտակը)։ Այդ խորագիրը հնչում է իբրեւ աղօթքի բանաձեւ, որի իմաստը, սակայն, կարող է նաեւ աննկատօրէն կեղծուել՝ դառնալով «գեղեցիկ սուտ», նոյնիսկ այն դէպքում, երբ աղօթողն անկեղծօրէն համոզուած է իր հաւատի ճշմարտութեան մէջ։ Ուրեմն, աղօթքը կարող է անվերապահօրէն ճշմարիտ լինել միայն այն ժամանակ, երբ հեղւում է իբրեւ մաքուր-ինքնաբուխ գիտակցութիւն՝ «առաջին պատահած ձեւի մէջ», ինչը նաեւ յիշեալ խորագրի պարագան է։ Աղօթքի ակամայ ընտրուած բառերն անհրաժեշտօրէն միակն են եւ անփոխարինելի, այլապէս խօսքն անխուսափելիօրէն կընդունէր պատկերի կամ հասկացութեան տեսք եւ ոչ՝ նշան-խորհրդի։ 
Բանալին, ահա, գտնուած է, մնում է միայն գտնել այն դուռը, որի կողպէքն ամբողջապէս՝ մինչեւ վերջին կորն ու խորակը, կընդունի բանալու ձեւը։ Եւ դուռը, որ իմ առջեւ բացւում է՝ գրեթէ ինքնաբերաբար, պատկանում է  ո՛չ թէ ազգային-հայրենասիրական, ո՛չ թէ համամարդկային, ո՛չ թէ բնապաշտական, ո՛չ թէ պատմափիլիսոփայական կամ սիրերգական կամարակապ հանգրուաններին (դրանցում սկզբունքօրէն անհնար է ամբողջովին «տեղաւորել» Արարատը), այլ պարզ-նախնական մի շինուածքի, որի ներսում գիրկ գրկի կծկուած՝ ապաստանել են մարդն ու իր ճակատագիրը՝ երկու մոլորուած որբուկների պէս։ «Մայր… եւ չկայ համազօր», գրուած է այդ ստեղծագործութեան դռանը, որի յետեւից լսւում է մօրը կորցրած մանկան ապշահար տառապանքի ճիչը, որը տարիներ անց վերադառնալու է իբրեւ  բանաձեւ-արձագանգ. «Թէկուզ միշտ կայ Աստուածը տէր/ Աստուած, բայց մայր չէ նա»։ Եւ այստեղ չկայ ոչ մի «պոեզիա», այլ միայն մերկ, ինքնածին Բանաստեղծութիւն։ Եւ ինչպէս Բնութիւնն է ճանաչելի դառնում իր անթիւ նախասկզբնական հոլովոյթներում՝ միաժամանակ մնալով անտրոհ ու անքննելի, այնպէս էլ Դուրեանի այդ բազմակտուր բանաստեղծական շինուածքն է ներկայանում իբրեւ մաքուր-ամբողջական Բնութիւն՝ խորքով աղերսուած Թումանեանի «Գիքոր»ին եւ «Սասնա Տուն» ազգավէպին։
Վիպականութիւն՝ ահա սա է այն «ինչ-որ բան»ը, որ թաքուն կամ բացայայտ ներկայ է Դուրեանի գործերում եւ հիմնիվեր բնորոշում է նրա Բանաստեղծութիւնը. դա Դուրեան անունով մարդու մէջ բնականօրէն հեղուած Հայ Էութիւնն է, որի մի չնչին շիթն անգամ կարող է ցոլացնել անսահմանութիւնը։
Դուրեանի մահով կտրուեց Հայ գրականութեան այդ հազուադէպօրէն մաքուր՝ վարդավառեան շիթը, եւ սպասել է պէտք, մինչեւ Բանաստեղծութիւնը կգտնի ինքնահեղման մէկ այլ մարմնաւոր հուն։
Երբ ես երրորդ եւ վերջին անգամ հանդիպեցի նրան, ասաց. «Սեւակ ջան, ձայնս խզուել է»։ «Կարեւորն այն է, որ գրում էք», մխիթարեցի ես՝ չըմբռնելով, աւաղ, որ բանաստեղծի շուրթերից խօսում է Բանաստեղծութիւնը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել