Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ՕԿՈՒՊԱՆՏ ՃԱՆԱՉՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Օգոստոս 05,2010 00:00

ԵԽԽՎ-ի բանաձեւերը որքանով են համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին

Խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործությունների խմբում առաջինը ագրեսիվ պատերազմ հանցագործությունն է: Ագրեսիան մի պետության կողմից ուրիշ պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության դեմ կամ ՄԱԿ-ի կանոնադրությանը անհամատեղելի որեւէ զինված ուժի գործադրումն է: Հանցագործության օբյեկտը միջազգային փոխհարաբերությունների եւ ազգերի խաղաղ գոյակցության սկզբունքի խախտումն է:
Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բովանդակում է հասարակական վտանգավոր երեք գործողություն՝ ագրեսիվ պատերազմ ծրագրելը, ագրեսիվ պատերազմ նախապատրաստելը եւ պատերազմը սանձազերծելը:
Ագրեսիվ պատերազմ ծրագրելը նշանակում է ուրիշ պետության տարածքները գրավելու կամ անեքսիայի ենթարկելու համար զինված ուժի գործադրմամբ մարտական գործողություններ սկսելու ծրագրերի մշակումը: Ագրեսիվ պատերազմ նախապատրաստելը պատերազմը սկսելու համար մշակված ծրագրերի իրացման գործողություններն են, օրինակ, մոբիլիզացիոն գործողությունները, սահմանի վրա զինված ուժերի տեղակայումը եւ այլն: Ագրեսիվ պատերազմ սանձազերծելը կոնկրետ ռազմական գործողություններ սկսելն ու վարելն է:
Օրինակ, մի պետության կողմից ուրիշ պետության դեմ զինված հարձակում գործելը, ուրիշ պետության տարածքների զինված օկուպացումը, անեքսիան եւ այլն: Հանցագործության սուբյեկտ կարող է լինել պետության բարձր պաշտոններ զբաղեցնող անձը: Ագրեսիայի առկայությունը հավաստելը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավունքն է:
Արցախի կոնֆլիկտում ԵԽԽՎ-ն 2005թ. թիվ 1416 բանաձեւով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքները օկուպացնող պետություն: Մենք այդ հակամարտության ժամանակակիցներն ենք, գիտենք, որ ագրեսիվ պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը: Տրամաբանական հարց է ծագում. այս դեպքում ինչո՞ւ է օկուպանտ ճանաչվել Հայաստանը, այն էլ զինադադարի համաձայնագրից ավելի քան 10 տարի անց: Խնդիրն այն է, որ առաջին նախագահը, որի օրոք գրավվել էին Արցախին հարակից տարածքները, ունենալով հաստատուն գիտելիքներ, կարողանում էր խորը տրամաբանությամբ միջազգային հանրությանը ներկայացնել կոնֆլիկտի բուն էությունը եւ բնույթը, իսկ վերլուծությունները եւ հիմնավորումները կառուցվում էին գիտական ու միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին եւ նորմերին համահունչ: Օրինակ, կոնֆլիկտի առարկան բխում էր ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքից, ինչը ՄԱԿ-ի նպատակներից է (ՄԱԿ-ի կանոնադրության թիվ 2 հոդված, 1-ին մաս):
Ածանցված հիշյալ նպատակին՝ Արցախը, որը համարվում էր ազգային- ազատագրության, այսինքն՝ ինքնորոշման համար պայքարող կողմ, այդ հիմնավորմամբ ներգրավվեց բանակցային գործընթացում, ինչը հավասարազոր է միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակին (իմիջիայլոց, սա դիվանագիտական հնարք է, սովորաբար սուբյեկտները սուվերեն պետություններն են): Բացի այդ, Ադրբեջանը դիտվում էր ագրեսիվ պատերազմը սանձազերծող եւ Թուրքիայի հետ Հայաստանը շրջափակող պետություն, ինչը ագրեսիա հանցագործության բնորոշող հատկանիշներն են, եւ այլն:
Դիվանագիտական հիշյալ ձեռքբերումները երկրորդ նախագահի եւ նրա հետնորդի օրոք ամբողջությամբ օտարվել են: Ներկայումս վեճի կարգավորման առարկան հիմնականում տարածքային խնդիրներն են, եւ հարգվում է տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ քանի որ Արցախը դուրս է հանվել բանակցային գործընթացից, միջազգային հանրությունը Ադրբեջանին ընդունում է օկուպացված տարածքները ազատագրելու համար մարտնչող կողմ:
Հաջորդը՝ հայ-թուրքական սահմանը բացելու անհեթեթության արդյունքում մեծացել է Թուրքիայի ներմասնակցությունը, եւ միջազգային կառույցները ընդունում են բացառապես ադրբեջանամետ բանաձեւեր եւ որոշումներ: Այս զարգացումները Հայաստանը օկուպանտ ճանաչելու առիթներն են, իսկ բուն պատճառը պետությունը միջազգային փոխհարաբերություններում ներկայացնողների անկարողությունը եւ ընդունակությունների պակասն է:
Իմիջիայլոց, դա չարիք է, ինչը լրջորեն վտանգում է Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, եւ բացառված չէ, որ վերապրենք անցյալի դառնաշունչ ողբերգությունները:
«Ռուսաստանի հանրապետությունը պարտավորվում է զորացրել եւ արձակել թուրքահպատակներից եւ ռուսահպատակներից կազմված հայկական չեթները (պարտիզանական ուժեր), որոնք գտնվում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ թուրքական օկուպացված նահանգներում եւ վերջնականապես կցրի հիշյալ խմբերը» (Բրեստ-Լիտովսկի պայմանագրին հարակից ռուս-թուրքական պայմանագիր, 1-ին հոդված, 5-րդ մաս, 3 մարտի, 1918թ.):
Նկատենք, որ այս համաձայնագիրը, ԵԽԽՎ-ի՝ Հայաստանը օկուպանտ ճանաչելու թիվ 1416 եւ ԼՂՀ-ի հարակից օկուպացված տարածքներից հայկական զինուժը դուրս բերելու թիվ 2216 բանաձեւերը էությամբ միեւնույնն են՝ հետապնդում են տարածքների անեքսիան: Քաղաքական վերնախավը հիշյալ բանաձեւերը բանի տեղ չի դնում, որակում է որպես իրավական հետեւանքներից զուրկ կամ քաղաքական շահարկումների նյութ:
Նման դիրքորոշումը իրավական անգրագիտություն եւ տհասություն է, որովհետեւ եթե միջազգային վեճերի կողմերը բանակցությունների, հաշտեցման, տարածքային համաձայնությունների եւ մարմիններին դիմելու կամ իրենց ընտրությամբ այլ խաղաղ միջոցներով կարգավորման չեն հասնում, եւ վեճի շարունակումը իրոք կարող է վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, վեճը կարող է ներկայացվել Անվտանգության խորհուրդ, որը իրավասու է հանձնարարել կարգավորման համապատասխան ընթացակարգ կամ իր հայեցողությամբ պատշաճ պայմաններ: Դրանք կարող են ընդգրկել տնտեսական հարաբերությունների, երկաթուղային, ծովային, օդային եւ այլ հաղորդակցությունների ընդհատումներ, դիվանագիտական հարաբերությունների խզում, ինչպես նաեւ զինուժի գործադրում (ՄԱԿ-ի կանոնադրություն, թիվ 33, 37, 41, 42 հոդվածներ): ԵԽԽՎ-ն որպես տարածաշրջանային մարմին, նույնպես կարող է հղում անել վեճի կարգավորումը Անվտանգության խորհուրդ ներկայացնելու: ՄԱԿ-ը միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը առնչվող նման գործողությունները խրախուսում է (կանոնադրության 52 հոդված, 2-րդ մաս):
Իմ պատկերացմամբ՝ դիտարկվող բանաձեւերը լուրջ վտանգներ են եւ կարող են առիթ հանդիսանալ վեճի կարգավորումն Անվտանգության խորհուրդ ներկայացնելուն: Այդ պարագայում կողմերի ընտրությամբ խաղաղ կարգավորման Մինսկի խմբի ձեւաչափը, որը նույնպես առաջին նախագահի հնարամտությունն է, կդադարի, ինչը հայոց կողմին ձեռնտու չէ, մինչդեռ Ադրբեջանը հետեւողական դիվանագիտությամբ ցանկանում է այդ հանգուցալուծումը:
Ուշագրավ է նաեւ հետեւյալ հանգամանքը. ուրիշ պետության տարածքների օկուպացումը առաջացնում է ագրեսիվ պատերազմ հանցագործության կազմ, ինչի առկայությունը, փաստը, հավաստելու իրավունքը պատկանում է Անվտանգության խորհրդին, հետեւաբար այդ առնչությամբ ԵԽԽՎ-ի բանաձեւերը որքանով են համապատասխանում միջազգային իրավունքին եւ համատեղելի ՄԱԿ-ի կանոնադրությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031