Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏԱԹԵՎ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է

Օգոստոս 05,2010 00:00

Սյունիքի մարզի Տաթեւ վանական համալիրը միշտ էլ այցելուներ է ունենում աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն նախորդ տարիների համեմատ՝ վերջին երկու տարում նրանց թիվը խիստ նվազել է: Եթե մինչեւ 2008 թվականը Տաթեւ տարեկան այցելում էր 35-45 հազար զբոսաշրջիկ, ապա անցած տարի 50%-ով պակասել է այցելուների թիվը: Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այցելուների հոսքի նվազումը պայմանավորված է Տաթեւի ճանապարհով: Այն ասֆալտապատ չէ, դժվարանցանելի է, եւ տաքսու ու այլ տրանսպորտային միջոցների վարորդները շատ հաճախ հրաժարվում են երթեւեկել այդ ճանապարհով: «Ճանապարհն արդեն սկսում են կառուցել, կարծում եմ՝ այն կառուցելուց հետո նման խնդիրներ չեն առաջանա: Ներկայումս գյուղ եկողները հիմնականում խիստ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհից են դժգոհում»,- ասում է Տաթեւի գյուղապետը:
Այս տարի էլ զբոսաշրջիկների աշխույժ այցեր չեն նկատվում, թեեւ ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին կսկսվի հոսքը: Ինչպես գյուղապետն է նշում, հիմնականում օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում է զբոսաշրջիկների շարժ նկատվում: Տաթեւի վանք այցելող արտասահմանցի զբոսաշրջիկների մեծ մասը իտալացիներ ու ֆրանսիացիներ են: Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից էլ են այցելուներ լինում, իսկ ահա սփյուռքահայ զբոսաշրջիկներ վերջին տարիներին այստեղ շատ քիչ են գալիս:
Կարեւոր է Տաթեւ այցելած եւ մի քանի օր այստեղ մնալ ցանկացողներին հարմարավետ պայմաններով կացարաններ ապահովելու հարցը, քանի որ երկար ճանապարհ կտրած-եկած զբոսաշրջիկները ցանկանում են մի քանի օր հանգստանալ գյուղում: Այսօր, սակայն, շատերը հրաժարվում եւ չեն հարմարվում գյուղական պայմաններին ու ստիպված նույն օրը հետ են վերադառնում: «Մնալ ցանկացողներ շատ են լինում, գյուղացիներն իրենց տներն են առաջարկում, բայց մնում են միայն նրանք, ովքեր հասարակ պայմաններին հարմարվում են, իսկ ովքեր ճոխ պայմանների են սովոր՝ չեն մնում, թողնում, գնում են: Զբոսաշրջիկների այցելություններից որոշ գյուղացիներ են քիչ թե շատ եկամուտ ստանում, իսկ գյուղապետարանի բյուջեն զբոսաշրջությունից չի համալրվում»,- ասում է գյուղապետ Մուրադ Սիմոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել