Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Էս սարն իմն է, էս ծառն իմն է»

Օգոստոս 05,2010 00:00

7 քմ տաղավար, դատավճիռ, խուժաններ, թմրամոլներ, կահույք՝ սրանք են  Արարատի մարզի Արգավանդ գյուղի երկու բնակիչների վեճի բաղադրիչները:

Արարատի մարզի Արգավանդ գյուղում՝ Երեւան-Էջմիածին ավտոմայրուղու ձախակողմյան հատվածում, առեւտրի եւ սպասարկման բազմաթիվ օբյեկտների կողքին մի փոքրիկ, մետաղյա տաղավար կա, որը կռվախնձոր է դարձել Արգավանդ համայնքի բնակիչներ Հարփիկ Գալեյանի եւ Վարազդատ Առաքելյանի միջեւ: Հարփիկն ուզում է, որ 7 քմ մակերեսով տաղավարը ապամոնտաժվի եւ տեղափոխվի այլ վայր, քանի որ տարիներ առաջ այն, առանց փաստաթղթային ձեւակերպումների, տեղադրվել է իր հողամասում: Իսկ Վարազդատը չի պատրաստվում կատարել համագյուղացու պահանջը, ինչն էլ պատճառ է դարձել հարեւանների հարաբերությունների թշնամացման: Թշնամությունն այնքան է խորացել, որ հաճախակի դարձած վեճերից մեկը նույնիսկ ավարտվել է դատավճռով: Վարազդատի եւ Հարփիկի վեճից հետո Վարազդատի անչափահաս տղան եւ մայրը հաշվառման են վերցվել ոստիկանությունում: Պատիժը ազատազրկում չէ, բայց կա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: «Էդ կնոջ (Հարփիկի) պատճառով ընտանիքս է տուժել»,- ասաց Վարազդատը:
Վարազդատ Առաքելյանի պատմելով՝ խնդրահարույց տաղավարը, որը նախկինում «Հայկոոպինն» է եղել, ինքը 1988 թվականին 1500 ռուբլով գնել է համագյուղացիներից մեկից՝ առեւտուր կազմակերպելու նպատակով: Հարփիկ Գալեյանի ասելով էլ՝ իր հողամասում տեղադրված տաղավարն աշխատացնելու թույլտվություն ինքն այն ժամանակ տվել է, որովհետեւ Վարազդատն ու իր ամուսնու եղբայրը՝ Գրիշան, բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել այն համատեղ աշխատացնելու համար: «Առեւտրից առաջացած գումարը պետք է տրվեր Գրիշային՝ ծնողների առողջության հետ կապված խնդիրները հոգալու համար»,- «Առավոտին» ասաց տիկին Հարփիկը: Այնուհետեւ, ըստ նրա, Վարազդատն իրենց խաբել է եւ շուրջ 20 տարի ոչինչ չի ձեռնարկել՝ տաղավարում առեւտուր չի կազմակերպվել: «Սարքել են զիբիլանոց, իսկ գիշերային ժամերին էլ ինչքան խուժան ու նարկաման կա, ըտեղ են: Աղջիկներ են բերում, ինչ ասես՝ անում են: Ես թույլ չեմ տա, որ իմ հայաթում, ընտանիքիս քթի տակ այլանդակություններ կատարվեն: Պահանջում եմ, որ էդ տաղավարն իմ հողից հանեն»,- «Առավոտին» ասաց Հարփիկ Գալեյանը՝ Վարազդատ Առաքելյանի «բեսպրեդելությունը» պայմանավորելով Վարազդատի եւ Արգավանդի գյուղապետ Սամվել Նարիբեկյանի մտերմությամբ: Տիկին Հարփիկի ասելով՝ գյուղապետ Նարիբեկյանը օրենքի տառին համապատախան աշխատելու, անօրինական տաղավարն իր տարածքից ապամոնտաժելու փոխարեն, առաջարկել է 15 հազար դոլարով իրեն վաճառել հողատարածքը: Գյուղապետը, սակայն, այլ բան ասաց: «Նախ սկսենք այնտեղից, որ այդ հողատարածքը համայնքի սեփականությունն է, եւ որեւէ մեկը, այդ թվում՝ ես, գնել չի պատրաստվում: Նույնիսկ, եթե ձրի էլ տան, չեմ ուզի: Չեմ հասկանում. ժամանակին ինքն իր համաձայնությունը տվել է Վարազդատին, հիմա եկել՝ փորձում է ինձ համոզել, որ տաղավարը ապամոնտաժե՞մ»,- ասաց Արգավանդ համայնքի ղեկավարը: Հարփիկ Գալեյանը մեզ ցույց տվեց Սամվել Նարիբեկյանի ստորագրած եւ կնքած «Իրադրության հատակագիծը», ըստ որի՝ տաղավարը Հարփիկին պատկանող տարածքում է:
Իսկ Վարազդատ Առաքելյանին զարմացրեց Գրիշայի հետ համատեղ աշխատելու Հարփիկ Գալեյանի հայտարարությունը. «Նման պայմանավորվածություն չի եղել: Էդ կինը մի նպատակ ունի. ամեն բանի գնում է, որ տաղավարն այդտեղից հանվի: Ոչ կհանեմ, ոչ էլ կվաճառեմ: Հլա մի բան էլ ինքն ա մեզ պարտք: Մայրս մի գործարքի դիմաց ստացականով փող ա տվել իրեն, հիմա չենք կարում հետ ստանանք: էդ թուղթն էս պահին դատարանում ա, կարաք գնաք՝ ստուգեք»:
Վարազդատ Առաքելյանը հերյուրանք համարեց նաեւ Հարփիկի մեղադրանքները, թե անգործության մատնված տաղավարում այլանդակություններ են տեղի ունենում: «Տաղավարը չի աշխատել ընդամենը 1-1,5 տարի՝ այն բանից հետո, երբ Հարփիկը մորս ու տղայիս դատի տվեց: Դրանից հետո մինչեւ այս պահն աշխատում է. կահույք է վաճառվում»,- ասաց Վարազդատ Առաքելյանը: Վարազդատ Առաքելյանը որեւէ զիջման չի պատրաստվում, իսկ Հարփիկ Գալեյանը՝ նահանջելու մտադրություն չունի: Հակամարտող կողմերը համառորեն իրենցն են պնդում՝ կարեւորություն չտալով, թե՝ այս կռվի ժամանակ հարվածները, ո՞ր կողմին, որքա՞ն եւ մինչեւ ե՞րբ կցավեցնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել