Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳԻԾ «ԴՌԱՆԴՈՒԼԵՏ» ՄԵՔԵՆԱՅՈՎ

Օգոստոս 05,2010 00:00

\"\"Ո՞վ է Բերձոր-Երեւան միկրոավտոբուսային երթուղու սեփականատերը

«Բերձոր (Լաչին)-Երեւան երթուղու «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով երթեւեկողների կյանքին վտանգ է սպառնում»,- վրդովված մեզ հավաստիացնում էր օրեր առաջ այդ երթուղուց օգտված Անահիտ Սարգսյանը:
Ըստ նրա՝ Բերձոր-Երեւան երթուղում աշխատող ավտոմեքենան 20 տարեկան է, անսարք ու Բերձորից Երեւան ճանապարհին մի քանի անգամ խափանվում է, հետո վարորդը «կցում-կցմցում է» մեքենան ու շարունակում ճանապարհը: «Այս վտանգները մենք բացահայտեցինք պատահաբար: Բերձորից մեզ հետ նույն մեքենայով Երեւան էին գալիս երկու երիտասարդ, եւ հենց նրանք վարորդին հարցրին՝ երեկվա նմա՞ն է լինելու, թե՞ ամեն ինչ կարգին է: Վարորդը երիտասարդ տղա էր, նա այս ամենի համար մեղք չունի: Երեւի ընտանիք եւ հաց վաստակելու խնդիր ունի, բայց չի հասկանում, որ, հացից չզրկվելու համար անսարք մեքենայով աշխատելով, կարող է զրկվել կյանքից ու նաեւ այլոց մահվան պատճառ դառնալ», հայտարարեց Անահիտ Սարգսյանը:
Մեր զրուցակիցը եւ նրա բախտակիցները Բերձորից Երեւան են հասել 5-6 ժամի փոխարեն 10 ժամում, առաջին անգամ մեքենան խափանվել է Բերձորից ոչ շատ հեռու՝ «անգամ Գորիս չէինք հասել»: Երեւան հասնելու համար 3500 դրամ վճարած ու, ոչ իրենց կամոք, կյանքը վտանգած ու ռիսկի դիմած քաղաքացիները մեքենայի հերթական խափանումից հետո վարորդից պահանջել են Երեւանից նոր մեքենա կանչել: «Վարորդը զանգեց ու նրան ասացին՝ դե, յոլլա տար էլի, բայց մեր բողոքներից ու բարձրացրած աղմուկից հետո Երեւանից մեքենա ուղարկեցին: Մենք արդեն Վայոց Ձորի մարզն անցնում էինք, դեպի Ելփին գյուղի շրջադարձներն էինք գնում, մեկ էլ վարորդին զանգեցին ու ասացին, որ օգնության եկող մեքենան ճանապարհին փչացել է: Մեր կրած զրկանքները պատմելու բան չեն: Երբ Հայաստանի լեռնային ճանապարհներով՝ մի կողմից ձոր, մյուսից՝՝ լեռ, շարժվում էինք ու անսարք մեքենան ճռռում էր, մտածում էիր՝ հեսա, հեսա ընկնելու ենք ձորը: Հետո այս երթուղուց օգտվող մեր ծանոթները ասում էին, որ առաջին ամիսը չէ, որ մեքենան այս վիճակում է, բայց համառորեն շարունակում են աշխատեցնել»,- պատմում էր Անահիտ Սարգսյանը: Ի վերջո, օգնության եկող մեքենան հասել է «տուժածներին» ու նրանց հասցրել Երեւան: «Ավեր մեքենայի համարանիշը դեղին էր՝ 9643: Մեզ հետ էր նաեւ Լաչինի հոգեւոր հովիվ Տեր Աթանասը: Թող նրան հարցնեն: Այդ մեքենան վթարի աղբյուր է, եթե այսպես շարունակվի, փորձանք է լինելու, այդ գծի տերը պետք է պատժվի»,- վստահ է տիկին Անահիտը:
Այս պատմությունը լսելուց հետո, ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարությունից փորձեցինք պարզել, թե ո՞վ է Բերձոր-Երեւան երթուղու սեփականատերը եւ ինչո՞ւ է վտանգում մարդկանց կյանքը: Պարզվեց, որ Բերձոր-Երեւան գրանցված, օրինական երթուղի չկա: Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ավտոբուսային եւ միկրոավտոբուսային 31 երթուղի կա. 24-ը դեպի Վրաստան, մեկը դեպի Իրան եւ 6-ը դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Երեւան-Ստեփանակերտ, Երեւան-Մարտակերտ, Երեւան-Հադրութ, Սիսիան-Ստեփանակերտ, Գորիս-Ստեփանակերտ եւ Վանաձոր-Ստեփանակերտ): ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարությունից տեղեկացանք, որ Բերձոր-Երեւան երթուղին գրանցված չէ նաեւ Ղարաբաղում, քանի որ նման դեպքում Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը, անպայմանորեն, տեղյակ կլիներ:
Ուրեմն, հայկական երկու պետությունների քթի տակ կան մարդիկ, որոնք, հայկական երկու պետությունների քաղաքացիների կյանքը իրական վտանգի ենթարկելով, բիզնես են անում ու երկու պետություններից եւ ոչ մեկին ոչ մի լումա հարկ չեն վճարում: Հայկական երկու պետություններն առանձին-առանձին եւ միասին վերցրած կարող են հայտնաբերել այս անօրինական երթուղու տերերին: Կարող են եւ պետք է նաեւ պատժեն: Բայց մեր իրականությունը հուշում է, որ «գծատերերը» հայկական երկու պետություններից որեւէ մեկում բարձր պաշտոն ունեն, կամ բարձր պաշտոն ունեցողի ազգական են: Ուրեմն՝ ոչ կհայտնաբերվեն, ոչ էլ՝ կպատժվեն: Իսկ հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները կշարունակեն խոսել կոռուպցիայի, կաշառակերության եւ հովանավորչության դեմ անհաշտ պայքարի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել