Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՆԱՑ՝ ԹՈՂՆԵԼՈՎ ՇԱՏ ՊԱՐՏՔԵՐ

Օգոստոս 05,2010 00:00

Ի՞նչ անեն մահացած պատգամավորի հետ փոխհատուցման պայմանագիր կնքած քաղաքացիները

2005թ. հունվարի 8-ին  Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը լիազորեց քաղաքացի Մելիք Գասպարյանին հանդես գալ որպես Ամիրյան փողոցի մի քանի տների գնորդ: Քաղաքացուն, որը ԱԺ պատգամավոր էր, ՀՀԿ-ական, իրավունք էր վերապահվել պետության անունից հանդես գալ, այն է՝ կնքել առքուվաճառքի պայմանագրեր Երեւանի գլխավոր պողոտայի հարակից օտարման գոտում հողամասի կառուցապատման նպատակով: Համաձայնեք, որ շատ քիչ երկրներ կգտնեք, որի գործադիր մարմինն իր լիազորությունները տա «քաղաքացու»:
Մելիք Գասպարյանն անցյալ տարի մահացավ ավտովթարից, իսկ գործադիրը այսօր չի ուզում տեր կանգնել Ամիրյան փողոցի մոտ 40 սեփականատերերին, որոնք «քաղաքացու» հետ կնքել են պայմանագրեր:
Մելիք Գասպարյանի ինչքը՝ ժառանգության վկայականի համաձայն, օրերս անցել է նրա առաջին կնոջը, ինչի մասին չեն իրազեկվել պայմանագրի կողմ հանդիսացող քաղաքացիները:
Աիդա Անդեյանը, որի տղան՝ Գեւորգ Հովսեփյանը, մարտական գործողությունների ժամանակ հրազենից վիրավորվել է ԼՂՀ Մարտունիի զորամասում՝ թշնամու կողմից եւ ներկայումս 38 000 դրամ թոշակից զրկված է, կանգնել է փաստի առաջ: Ըստ Մելիք Գասպարյանի հետ կնքած պայմանագրի՝ իրեն Ամիրյան փողոցի սեփական տան փոխարեն պետք է հատկացվեր 80քմ տարածք Զաքյանի վրա կառուցվող 9 հարկանի բնակելի շենքի 6-րդ հարկում: Տունն էլ, ըստ պետության անունից լիազորված «քաղաքացու», լինելու էր «առանց ներքին հարդարման աշխատանքների, միայն արտաքին դռնով եւ պատուհաններով»: Գնորդ Մելիք Գասպարյանը պարտավորվել էր իրենց տներից օտարված քաղաքացիներին 30 ամսվա ընթացքում վճարել որոշակի գումար՝ վարձով բնակվելու համար: Աիդա Անդեյանին պետք է տրվեր 1 800 000 դրամ: Այդ գումարը չտրվելու դեպքում նախատեսված էին տուգանքներ: Իսկ սեփական բնակարանը տարեց կնոջը պետք է հանձնվեր մինչեւ անցյալ տարվա մայիսը: Սակայն մարդիկ մինչեւ հիմա բնակվում են վարձով, նրանց գումարները չեն վճարված, իսկ խոստացած բնակարանն էլ չի հանձնված:
Ամիրյանի բնակիչ Ալիկ Մաքսուդյանի բնակարանն էլ հանձնված չէ, ինչպես հանձնված չեն Գագիկ Սարգսյանինը (նա ճարահատյալ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դեռ 5 տարի առաջ եւ… սպասում է), Լեւոն Պետրոսյանի, Արման Մուկոյանի ընտանիքների բնակարանները…
Լեւոն Պետրոսյանը մեր հետ զրույցի ժամանակ ասաց, որ իր նախկին տարածքի գնորդ Մելիք Գասպարյանը պետք է իրեն հատկացներ 9 հարկանի բնակելի շենքի առաջին հարկում 40քմ առեւտրային տարածք, բնակելի մասի 4-րդ հարկում էլ՝ 3 սենյականոց բնակարան: «Պետության կարիքների համար» օտարված տարածքի դիմաց Մ. Գասպարյանը պարտավորվել էր նշված տարածքները Պետրոսյանին հանձնել «կիսավարտ վիճակում՝ առանց ներքին հարդարման աշխատանքների»: Լ. Պետրոսյանի ընտանիքն էլ տնետուն է ընկել, իսկ վարձակալման համար գումար չեն հատկացրել ինչպես Գասպարյանը, այնպես էլ նրա ժառանգությունը ստանձնած կինը:
Ըստ էության՝ քաղաքացին չի կարող դատի տալ Հայաստանի Հանրապետությանը, ասելով, թե քո լիազորած անձը մահացել է: Սակայն դա չի խանգարում իրականացնել պայմանագրով սահմանվածը. «Կառուցապատողի փոփոխության դեպքում իրավահաջորդության կարգով սույն պայմանագիրը ենթակա է պարտադիր կատարման»:
Արման Մուկոյանի՝ Ամիրյան փողոցում գտնվող եւ Մելիք Գասպարյանին հանձնված բնակարանը գնահատվել է 26 320 000 ՀՀ դրամ (գաղտնիք չէ, թե անշարժ գույքի գնահատման գրասենյակները ինչ սկզբունքներով են առաջնորդվում գնահատման ժամանակ): Նա էլ պիտի ստանար դեռ անցյալ տարի 6-րդ հարկում 55քմ մակերեսով, բնակարան: Պայմանագրի որեւէ կետ այս դեպքում էլ կյանքի չի կոչվել: Ու որեւէ մեկը պատասխան չի տվել ամիրյանցիներին: Ի դեպ, բնակիչները փորձել են եւ փորձում են կապվել պատգամավորի ընտանիքի անդամների հետ, պահանջելով հանդիպում, հստակեցում, սակայն դեռ արդյունք չկա: Գուցե թերթի հրապարականն արձագանքից պարզ դառնա, թե ինչո՞ւ է դադարեցվել Զաքյան փողոցի վերոհիշյալ շենքի շինարարությունը, ո՞վ է հիմա կառուցապատողը եւ ի՞նչ երաշխիքներ են տալիս բնակիչներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել