Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԼԵՐԳԻԱՅԻ ԴԵՄՆ ԱՌԵՔ, ԹԵ ՉԷ…

Օգոստոս 05,2010 00:00

Եթե ձեր քիթը փակվել է ու անընդհատ փռշտում եք, մաշկը չորացել ու ձգվել է, իսկ աչքերից արցունքը չի կտրվում, ուրեմն դուք էլ եք ալերգիկ: Ըստ ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանի՝ սրանք ալերգիայի ամենատարածված նշաններն են: Նա խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում չանտեսել ալերգիան եւ դեմն անպայման առնել, հակառակ դեպքում՝ դուք ձեռք կբերեք նաեւ ասթմա. «Ալերգիկների մոտ 40%-ի մոտ ասթման անխուսափելի է»: Տիկին Բաղդասարյանի խոսքերով, ալերգիայի դեմն առնելու 2 ձեւ կա. «Երբ պայքարում են արդեն առկա ախտանիշների դեմ՝ հակաալերգիկ դեղորայքի եւ քթի ու աչքի կաթիլներով կամ պետք է պարզել այն ալերգենը, որն էլ ալերգիայի պատճառ է դառնում, ապա, ոչ սիմպտոմատիկ փուլում, օրինակ՝ ձմռանը, հիվանդին բուժել տվյալ ալերգենով: Բուժումն իրականանում է 3-5 տարվա ընթացքում, ալերգենը փոքր քանակով ներմուծում են մարդու օրգանիզմ, որը 80%-ով նվազեցնում է հաջորդ տարի ալերգիկ դրսեւորումների ի հայտ գալը»: Ալերգոլոգի տեղեկացմամբ, վերջին տարիներին մեր երկրում ալերգիան մեծ տեմպերով զարգանում է: Ինչո՞ւ, որովհետեւ. «Բազմաթիվ տեսակետներից մեկն այն է, որ մանկական տարիքում օրգանիզմը քիչ շփումներ է ունենում միկրոբների հետ եւ հակառակ ռեակցիա է տալիս. օտար մարմինը վնասելու փոխարեն՝ սկսում է սեփական հյուսվածքները վնասել, այս գործընթացն ի հայտ է գալիս ալերգիայի տեսքով, իհարկե, դրան նպաստում են նաեւ հակահիգիենիկ վիճակն ու մթնոլորտային աղտոտվածությունը»:
Մաշկաբան Լիլիթ Գեւորգյանն էլ զգուշացնում է՝ խուսափե՛լ ցերեկային ժամերին տանից դուրս գալուց. «Արեւի ճառագայթները խիստ վնասակար են մաշկին, թեեւ որոշակիորեն պաշտպանված են թուխ մաշկ ունեցողները: Ամռանը արեւայրուքների համար ռիսկային խմբում են յուղոտ մաշկ ունեցողները, քանի որ այս ամիսներին ճարպի արտադրությունն ինտենսիվանում է եւ երկրորդային ինֆեկցիաների եւ արեւային տրավմաների վտանգը մեծանում է»: Մաշկաբանը նաեւ խորհուրդ տվեց՝ մաշկը մշտապես մաքուր պահել. «Առաջին փուլում՝ մաշկը մաքուր պահելն է, 2-րդ փուլում՝ խոնավացումը, որովհետեւ ինտենսիվ ջրազրկում է գնում, չափազանց կարեւոր է նաեւ արեւից պաշտպանող կրեմների օգտագործումը, որոնք պետք է օգտագործել տնից դուրս գալուց մոտ 15-20 րոպե առաջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել