Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի եւ ոստիկանության պայքարը շարունակվում է

Օգոստոս 05,2010 00:00

Այս երկու գերատեսչությունների միջեւ առկա հակասությունը վերաճել է անձնակա՞ն հակամարտության:
Այս տարվա հունվարից ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ Սամվել Սարգսյանի եղբայրը՝ Ռոման Սարգսյանը, կալանավորված է: Նա մեղադրվում է թմրանյութ պահելու եւ տարածելու մեջ: Ռոմանն ու նրա հարազատները համաձայն չեն նրան առաջադրված մեղադրանքի հետ եւ գտնում են, որ այդ ամենը ոստիկանության կողմից «սարքած գործ է» եւ ուղղակիորեն կապված է Ռոմանի եղբոր՝ Ս. Սարգսյանի գործունեության հետ, եւ, որ նրան վարկաբեկելու, հեղինակազրկելու եւ վրեժ լուծելու համար է արվել: Որ այս պատմության մեջ մութ կողմեր կան՝ պարզ է դառնում հենց միայն այն բանից, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ասուլիսում, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, կտրականապես հերքել էր Ռոմանի ձերբակալված լինելու փաստը: Այն դեպքում, երբ Ռ. Սարգսյանը մոտ 10 օր արդեն գտնվելիս է եղել Նուբարաշենի բերդում: Ռոմանի հարազատների բողոքին «Առավոտն» իր 23.07.2010 թվականի «Ոստիկանությունը ԱԱԾ-ից վրե՞ժ է լուծում» հրապարակմամբ արդեն անդրադարձել է: Ռոմանի պաշտպան Ռուբեն Բալաբանյանը մասնավորապես նշել էր, որ մինչ օրս որեւէ իրեղեն ապացույց գոյություն չունի, որ Ռ. Սարգսյանն ընդհանրապես առնչություն է ունեցել թմրամիջոցների հետ եւ, չնայած դրան՝ Ռ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոման Սարգսյանի դատն էր: Ռոմանի դեմ ցուցմունք են տվել 2 անձ՝ Տիգրան Ղարիբյանն ու Սմբատ Կարա-Պողոսյանը, որոնք այս պահին նույնպես մեղադրվում են թմրանյութեր օգտագործելու եւ տարածելու մեջ: Նրանք իրենց ցուցմունքներում նշել են, որ այսինչ օրը, այսինչ ժամին, այսքան քանակությամբ թմրանյութ են ձեռք բերել Ռոմանից: Պաշտպան Ռուբեն Բալաբանյանի ներկայացմամբ՝ Ռոմանի շփումը այդ 2 անձանց հետ եղել է միայն աշխատանքի շրջանակներում, քանի որ Ռոմանը տաքսու վարորդ է աշխատել, իսկ Տիգրանը եւ Սմբատը հաճախ օգտվել են նրա ծառայությունից. «Նրանց միջեւ թմրանյութերի մասին ընդհանրապես որեւէ խոսակցություն չի եղել: Սակայն իրավապահները, հիմք ընդունելով հեռախոսազանգերը, ընդ որում խոսակցությունների վերծանումներ չկան, մեղադրական եզրակացության մեջ նշել են, որ նրանք պարբերաբար իրար են զանգել, բայց թե ինչ բովանդակության զանգեր են եղել, այդ մասին ոչ մի խոսք չկա: Իսկ մինչ այդ, այդ նույն իրավապահները պնդում էին, որ Ռոմանին ձերբակալել են հեռախոսազանգերի խոսակցությունների վերծանումների հիման վրա: Բայց դրա համար պետք է լիներ գաղտնալսումներ կատարելու համար դատարանի որոշում, եթե չկա, եւ իրենք առանց դատարանի որոշման են գաղտնալսել՝ դա արդեն օրենքի խախտում է, անօրինական գործողություն: Դա՞ է պատճառը, որ օպերատիվ աշխատակիցներն այդ վերծանումները ասպարեզ չեն բերում»:
Երեկ Ռ. Բալաբանյանը միջնորդեց, որպեսզի դատարանը պահանջի նշյալ վերծանումները՝ պատճառաբանելով, որ նախաքննական մարմնին մի քանի անգամ դիմել է եւ չի ստացել: Գործը քննող դատավոր Գագիկ Ավետիսյանն ասաց, որ գործում պաշտոնապես չկան նման ապացույցներ, եւ, որ փաստաբանն ինքն էլ իրավունք ուներ անձամբ դիմել եւ դրանք ստանալ:
«Դե, եթե ապացույց չունեն, ապա միայն կատարված հեռախոսազանգերի վրա հիմնվելը ոչինչ չի նշանակում, յուրաքանչյուրն ազատ է իր ընկերոջը, ծանոթին օրական 10 անգամ զանգել եւ զանգեր ստանալ, գուցե իրար որպիսությո՞ւն են հարցրել, գուցե մշակույթի՞ց են խոսել»,- մեզ հետ զրույցում ասաց Ռ. Բալաբանյանը:
Եվ, քանի որ նախաքննական մարմինը Ռոմանի պաշտպանի մի շարք միջնորդություններ հաշվի չի առել, ուստի Ռ. Բալաբանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ գործն ուղարկել լրացուցիչ քննության: Դատավոր Գ. Ավետիսյանը մերժեց՝ ասելով, որ պարոն Բալաբանյանի միջնորդությունը հակասահմանադրական է, քանի որ այժմ նման ինստիտուտ չկա: Մեզ հետ զրույցում Ռ. Բալաբանյանն ասաց, որ փոքրիկ վրիպում տեղի ունեցավ, եւ որ նա նկատի ուներ ոչ թե գործը դատախազին վերադարձվի, այլ՝ նախաքննական մարմնին, թերությունները շտկելու համար. «Իսկ նման բան օրենսդրությունը նախատեսում է»:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 18-ին: Այդ օրը կլսեն վկաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել