Նազարբեկյան 48 շենքի 17 ընտանիք շուտով կզրկվեն առանց այդ էլ անմարդկային պայմաններից
«Մենք այս պետությանը պետք չենք: Թող մեզ հայրենիքից վտարեն ու ուղարկեն ցանկացած այլ պետություն: Մեզ ամեն տեղ հաստատ ավելի լավ կընդունեն, քան սեփական հայրենիքում»,- նախօրեին «Առավոտի» խմբագրություն այցելած մի խումբ բնակիչներ այսպես սկսեցին ներկայացնել իրենց խնդիրը: Նրանք Աջափնյակ համայնքի Նազարբեկյան 48 կիսակառույց շենքի բնակիչներն էին, որոնք իրենց հետ էին բերել անգամ ծծկեր երեխաներին ու մեծահասակ տատիկ-պապիկներին՝ ապացուցելու համար, թե ինչ ծայրահեղ վիճակում են այժմ գտնվում:
Մոտ 7 տարի է, ինչ այս 17 ընտանիքները անօթեւան չմնալու համար ինքնակամ զբաղեցրել են Նազարբեկյան 48 կիսակառույց շենքի մի քանի սենյակներ: Բնակիչների պատմելով՝ վերջերս ինչ-որ անձինք են հայտնվել եւ հայտարարել, որ այդ բնակարանների սեփականատերերն են, եւ բնակիչները պետք է ազատեն այդ սենյակները:
Շենքը սկսել է կառուցվել դեռեւս խորհրդային տարիներին եւ այդպես էլ ավարտին չի հասցվել: Դեռեւս խորհրդային տարիներին որոշումներ են ընդունվել, որ շենքը շահագործման հանձնելուց հետո միայն ցանկացողները կարող են այդ շենքում բնակարաններ ձեռք բերել: Բնակիչների ներկայացմամբ՝ այն անձինք, որոնք հայտնվում են եւ հայտարարում, թե իրենք են սեփականատերը, կեղծ փաստաթղթեր են ձեռք բերել. «Մենք հետաքրքրվել ենք, որ այդ բնակարանների վրա աչք ունեցողները նախկինում սեփականության իրավունքի ոչ մի որոշում չեն ունեցել: 1 տարի առաջ մեկը հայտնվեց, հետաքրքրվեց, թե ազատ սենյակ չկա՞, աղջիկն ու թոռները գան, ժամանակավոր ապրեն, ասացինք՝ ոչ: Բայց մեկ էլ վերջերս այդ նույն կինը հայտնվեց ու հայտարարեց՝ իմացա՞ք, որոշում եմ առել, այսինչ բնակարանն իմն է: Այդ ինչպե՞ս եղավ»: Օրեր առաջ շենքից մի ընտանիք վտարվեց, ինչից էլ վախեցած, մյուս բնակիչները սպասում են, որ մոտ օրերս էլ իրենց են վտարելու: «Էս երկրում անգամ անօթեւան շների համար են կացարան հատկացնում, բա մենք մի շան արժեք էլ չունենք, որ մեզ զրկում են մեր կացարանից: Ո՞ւր գնանք փոքր երեխաներով, ազատ բնակարաններ են էլի, թողեն ապրենք»,- մեզ հետ զրույցում վրդովված ասացին բնակիչները:
Նշված շենքում, բնակվելու համար անգամ մարդկային պայմաններ չկան. ո՛չ կոյուղի, ո՛չ էլեկտրաէներգիա, ո՛չ էլ՝ ջուր, ընդամենը պատերն են կանգուն: Անգամ պատուհանները բնակիչներն իրենց ուժերով են տեղադրել: Շենքի վերջին՝ 9-րդ հարկն, ընդհանրապես, կառուցված չէ, հետեւաբար՝ շենքը նույնիսկ տանիք չունի: Շենքում այնքան խոնավ է, որ փոքրից-մեծ՝ բոլորը կլոր տարին բրոնխների հետ կապված խնդիրներ ունեն: Պայմաններն այն աստիճան անմխիթար են, որ նոր սեփականատերերն էլ, թեկուզեւ որոշել են վտարել բնակիչներին, բայց չեն էլ ուզում ապրել այդ շենքում. «Էդ էր մնացել պակաս, որ ես էս բոմժանոցում ապրեմ»,- բնակիչների հետ խոսելիս, նման բան է ասել նոր սեփականատերերից մեկը: Երբ մենք այցելեցինք այդ շենք, բնակիչներն ամաչելով ու հեգնանքով ասացին՝ «Լա՞վն է մեր էլիտարը: Մենք սրանից էլ ենք գոհ, միայն թե մեզ չվռնդեն այստեղից: Չեն օգնում՝ գոնե չխանգարեն էլ: Ամեն օր կանաչապատումից են խոսում, ինչ անե՞նք, գնանք էդ կանաչներն ուտե՞նք: Ինչի միայն կանաչապատելով ու խաղահրապարակ սարքե՞լով է: Բա քաղաքացիների հարցերով ո՞վ պիտի զբաղվի: Քանի-քանի անգամ ենք գնացել քաղաքապետարանի շենքի մոտ, բայց ամեն անգամ մեզ ասել են՝ Գագիկ Բեգլարյանը քաղաքում չի: Է՛լ կառավարություն, է՛լ ուր ասես, որ չենք դիմել: Մեր տղաները հայկական բանակում են ծառայում, մի քանիսին էլ նոր պիտի տանեն: Ուրեմն բանակի գլխաքանակի համար պետք ենք, բայց հենց մարդու տեղ դնելու հարց է ծագում, մենք պետք չենք՝ բոմժ ենք»:
Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» վստահեցրին, որ Նազարբեկյան 48 շենքն ունի 54 բնակարան, եւ Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի եւ ընդհանուր իրավասության դատարանների կողմից ընդունվել են թվով 11 վճիռներ մինչեւ 22.06.1993թ. դեռ խորհրդային տարիներից բնակհատկացման իրավունք ունեցող քաղաքացիների սեփականության իրավունքը թվով 36 բնակարանների նկատմամբ ճանաչելու վերաբերյալ։
Ընդ որում, նշված շենքը քաղաքապետարանի հաշվեկշռում էլ չէր, այսինքն որպես սեփականություն Երեւանի քաղաքապետարանին չի պատկանում։ Հետաքրքիրն այն է, որ շենքը նաեւ Աջափնյակ վարչական տարածքին էլ չի պատկանում, այսպես ասած՝ օդի մեջ է: Քաղաքապետարանից նաեւ վստահեցրին, որ շենքի պետական գրանցման աշխատանքների ավարտից հետո միայն սահմանված կարգո, կարող է քննարկվել բնակարանների սեփականաշնորհման խնդիրը։ Այսինքն՝ մինչեւ շենքն ավարտին չհասցվի, ոչ մի գործարք հնարավոր չէ կատարել, ոչ մեկի սեփականությունը չի կարող հանդիսանալ: Ուստի, զարմանալի է, որ ինչ-որ անձինք են հայտնվում եւ հայտարարում, որ այսինչ բնակարանի սեփականատեր են: Ինչ վերաբերում է ինքնակամ զբաղեցրած այս ընտանիքներին, ապա նրանք այս պետությունից ընդամենը խնդրում են՝ «Մի՛ զրկեք մեզ 4 պանելից»: