Հայտնի «Գարաժ» ֆիլմը հիշեցինք, երբ կարդացինք ՏՄՊՊՀ երեկվա արտահերթ նիստում կայացած երկու որոշումների մասին տեղեկատվությունը՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին: Ըստ այդմ՝ ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող «Զելյոնայա մետկա» եւ «Ռուդնիկ» օղիները կարող են շփոթություն առաջացնել այլ տնտեսվարող սուբյեկտների սեփականությունը հանդիսացող եւ դրանց անվամբ գրանցված «Զելյոնայա մարկա» եւ «Ռոդնիկ» ապրանքային նշանների հետ: Նշված գործողությունները որակելով իբրեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորում՝ ՏՄՊՊՀ-ը որոշում է կայացրել «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի նկատմամբ իբրեւ պատասխանատվության միջոց յուրաքանչյուր դեպքի համար կիրառել 500 000 դրամ տուգանք: Բացի այս, հանձնաժողովի որոշումը տնտեսվարողին պարտադրում է նաեւ դադարեցնել ու հետագայում բացառել «Զելյոնայա մետկա» եւ «Ռուդնիկ» անվանումով ապրանքային նշանի օգտագործմամբ օղիների իրացումը՝ որոշմամբ սահմանված ժամկետում: Հիմա հասկանալի՞ է, թե ինչու է «Ալեքս Գրիգի» խեղճ սեփականատերը՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պարբերաբար դժգոհում իր սոցիալական վիճակից:
Ի դեպ, երեկ այս հանձնաժողովն այլ աշխատանքներ էլ է կատարել: Համաձայն ՏՄՊՊՀ մամուլի ծառայության՝ մայրաքաղաքի խոշոր առեւտրի կետերում հանձնաժողովի աշխատակիցների իրականացրած դիտանցումների արդյունքում անցյալ տարվա 2-րդ կիսամյակից սկսած լուծվող սուրճի եւ խտացրած կաթի գների բարձրացում էր արձանագրվել: Դրա պատճառներն ուսումնասիրելու համար հանձնաժողովը լուծվող սուրճի եւ խտացրած կաթի շուկաներում ուսումնասիրություն իրականացնելու որոշում է կայացրել:
Բացի այդ՝ արձագանքելով ալյուրի եւ շաքարավազի գների վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ ՏՄՊՊՀ-ը որոշել է ուսումնասիրել նաեւ ցորենի ալյուրի եւ շաքարավազի շուկաները: Այդ նպատակով Հանձնաժողովը նշված շուկաներում աշխատող տնտեսվարող սուբյեկտներից իրենց գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն է պահանջել: Ուսումնասիրության նպատակն է նաեւ պարզել նշված շուկաներում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների վարքագիծը: Հանձնաժողովի ուշադրությանն արժանացած շուկաներում՝ բացառությամբ լուծվող սուրճի, գործում են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ: Սակայն, հարկային եւ մաքսային մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն, լուծվող սուրճի շուկայում եւս առկա են խոշոր տնտեսվարողներ: Ուստի չի բացառվում, որ լուծվող սուրճի շուկայի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքում այստեղ եւս գերիշխող դիրք ունեցող նոր սուբյեկտ գրանցվի: