Այս տարի սննդի անվտանգության պետական տեսչությունը հանրապետության 110 տնտեսվարող սուբյեկտներում ստուգումներ է իրականացրել: Արդյունքում ստանդարտին համապատասխան սերտիֆիկատ չունեցող 12 տնտեսվարող սուբյեկտ է բացահայտվել ու տուգանվել. ընդհանուր տուգանքի չափը կազմել է 1միլիոն 970 հազար դրամ: Նախորդ տարի տեսչության այցելության շրջանակն ավելի լայն էր, 1197 տնտեսվարող սուբյեկտների դեպքում խախտումներն էլ՝ անհամեմատ ավելի շատ:
Տեսչության սննդի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանը իրենց շրջայցերի սահմանափակմամբ է պայմանավորում նվազ խախտումների արձանագրումը. «Ես չեմ ուզում այլ բաներ ասել, բայց սահմանափակումն է պատճառը: Հիմա իրականացնում ենք մոնիտորինգ խանութներում, արտադրամասերում, ռեստորաններում՝ առանց տուգանքների, պարզապես արձանագրում ենք այն կազմակերպություններին, որոնք ապրանքատեսակի վրա չունեն մակնշում կամ խանութին չեն տրամադրել սերտիֆիկատ, ու այս ամենը ներկայացնում ենք կառավարությանը»:
Մեզ հետ զրույցում նա հիշեցրեց, որ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման նպատակով ոչ մեծ ձեռնարկություններին 2009-2010թթ. տեսչական բոլոր տեսակի ստուգումներից ազատելու կառավարության որոշումից հետո իրենք ստուգումներ են իրականացնում միայն տարեկան 70 միլիոն եւ ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներում: Պարոն Վարժապետյանի խոսքով, գրանցված խախտումները հիմնականում կաթնամթերքի, մսամթերքի ու հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններում են, օրինակ՝ մսամթերք արտադրող Գալստյան եւ որդիներ, Մոլլան-Մարի ՍՊԸ-ները: Տեսչության աշխատակիցը նկատեց. «Առանց սերտիֆիկատի ձեռնարկությունները քիչ են, ավելի շատ են դեպքերը, երբ, օրինակ, 12 տեսակի հրուշակեղեն արտադրող ձեռնարկատերը 10 ապրանքատեսակը սերտիֆիկացնում է, մեկ-երկու տեսականին էլ շրջանցում, կարծում է՝ չեն բռնացնի»: Ըստ Ա. Վարժապետյանի՝ մարզերում վիճակն ավելի տխուր է. «Շրջաններում ընդհանրապես տեղյակ չեն՝ ինչ է սերտիֆիկատը, զարմանում են, երբ սերտիֆիկատ ենք պահանջում, իսկ Երեւանում լավ էլ գիտեն, բայց միտումնավոր, թե անփութորեն շրջանցում են»: Հետաքրքրվեցինք՝ շա՞տ են դեպքերը, երբ ձեռնարկությունները ստանդարտին համապատասխան սերտիֆիկատ են ունենում, բայց անհամապատասխան արտադրանք են արտադրում. «Ստուգումների ժամանակ սերտիֆիկատ ունեցող ձեռնարկություններին էլ ենք բերում մեր լաբորատորիա եւ ստուգում, վտանգավոր շեղումներ չենք բացահայտել»: Մեր այն դիտարկմանը, թե սերտիֆիկատ չունենալու համար նախատեսված 100-300 հազար դրամի տուգանքը խնդրի լուծման լավ տարբերակ չէ, պարոն Վարժապետյանն ասաց. «Իհարկե, տուգանելը խնդրի լուծում չէ, պետք է որոշ ժամանակով կասեցնել տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը, այսպես ասած, որոշ ժամանակով շուկայից դուրս հանել. սա է ազդեցիկ պատժամիջոցը»:
Սպառողների ասոցիացիայի փոխնախագահ Աշոտ Միրզոյանն էլ ասաց, որ սովորաբար հայ գործարարները ինչ-որ հումքի համար սերտիֆիկատ են վերցնում եւ մեկ այլ հումքով արտադրանք են ներկայացնում. «Օրինակ, Բրազիլիայից, Արգենտինայից միս են բերում, երշիկ սարքում ու մեզ որպես տեղական մսից պատրաստված երշիկ են ներկայացնում կամ վերջերս էլ Լատվիայից սառեցված շպռոտի հումք էին Հայաստան ներմուծել ու հետո էլ սկսել են կեղծելը. այս հարցը նույնիսկ կառավարության մակարդակով բարձրացվեց»: Պարոն Միրզոյանն այս բոլոր խնդիրները կապում է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում առկա բացթողումների հետ. «Օրինակ, հացը ոչ ստանդարտին համապատասխան մեքենաներով են տեղափոխում՝ կեղտոտ մեքենաների բագաժնիկներով, մազութոտ ու մրոտ ձեռքերով, կամ ինչո՞ւ սպառողը պետք է վաճառողից տեղեկանա՝ հացը թա՞րմ է, թե՞ ոչ: Հացի վրա չկա պիտակ, ու չգիտենք՝ ե՞րբ է արտադրվել, քանի՞ օրվա հաց է: Օրենքի հերթական բացթողումներից է նաեւ ձվի վրա մակնշման բացակայությունը՝ արտադրության եւ ժամկետների մասին»: