Այսպիսի մտադրություն ունեն «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամները
Երեկ Գյումրիում առաջին անգամ քննարկվեց օտարալեզու դպրոցներ ունենալ-չունենալու հարցը, ու անմիջապես սկսվեց ստորագրահավաք կառավարության այս նախաձեռնության դեմ: Նկատենք, որ հենց տեղում մոտ քսան հոգի իրենց բողոքը վավերացրեցին:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամները, խոսելով այս ծրագրի «մահացու» հետեւանքների մասին, մեկ անգամ եւս անդրադարձան ծրագրի «ցեցը գցողին» ու ֆինանսավորողին՝ ՌԴ-ում բնակվող օլիգարխ Ռուբեն Վարդանյանին, որը, նրանց խոսքերով, իրեն «Մանթաշովի տեղը դրած, օտարալեզու կրթություն ստացած ու հաջողության հասածի բարդույթ ունեցող, հղփացած անձ է»: Նրանք նաեւ ստախոս անվանեցին վարչապետին, ով վերջերս հայտարարեց, որ հասարակության 70%-ն իբրեւ թե կողմ է օտարալեզու դպրոցներին: «Նայած թե ինչ ձեւով են հետազոտությունը անցկացրել, ես խիստ կասկածում եմ, որովհետեւ այդ հետազոտության մեջ կար նաեւ այնպիսի տվյալ, որ մինչեւ հիմա եղած կառավարություններից ամենաշատը գոհ են իրենցից: Եթե նույնիսկ ճիշտ լինի, սա էն հարցը չէ, որ պետք է ժողովրդի կարծիքով առաջնորդվել, որովհետեւ շատ հաճախ էդպիսի հարցերում ժողովուրդը սխալվում է, իսկ վաղը եթե ժողովրդի մեջ հարցում անցկացնեն այլ պետության, օրինակ՝ Թուրքիայի կազմը մտնելու, եւ դրական արդյունք լինի, ուրեմն պիտի ասեն, որ ժողովուրդը ճի՞շտ է»,- ասաց շարժման անդամներից Ավետիք Իշխանյանը:
Բանախոսներից մյուսն էլ՝ Արմեն Հովհաննիսյանը, մեկ անգամ եւս վերահաստատեց իրենց նպատակը. այս նախագծերը շրջանառությունից իսպառ դուրս բերել՝ կես բառ անգամ չխոսելով օրենքներում որեւէ բարելավում ու բարեփոխում անելու մասին: «Այն մոտեցումը, թե հայերեն կրթությունը իրեն սպառել է, եւ իրենք դրա փոխարեն զուգահեռ, ավելի որակյալ, ավելի էլիտար, ավելի լավ կրթություն կապահովեն, մեր կարծիքով՝ մահացու է՝ թե մեր հանրակրթության, թե մեր լեզվի եւ թե մեր պետականության համար: Դա մեզ համար կտրականապես անընդունելի է, մենք որեւէ զիջում չենք ընդունում եւ որեւէ կոմպրոմիսի երբեք չենք գնա, մնացած ամեն ինչ քննարկելի է, այդ թվում լավագույն միջազգային ծրագրերի ներմուծումը՝ հայկականացված, տեղայնացված, հայերենով»: Ավետիք Իշխանյանն էլ հավելեց. «Որեւէ մեկը դեմ չէ օտար լեզու սովորելուն, եւ ես մի անգամ թերթով հարցադրում արեցի՝ 12 տարի է դարձել հանրակրթությունը, արդյոք հնարավո՞ր չէ 12 տարվա մեջ բացի հայերենից, թեեւ հայերենն էլ առանձնապես բարձր մակարդակով չեն սովորում, առնվազն երկու օտար լեզու սովորել, հնարավո՞ր չէ արդյոք հայերենի հիման վրա բարձրացնել կրթական որակը: Մի լավ օրինակ բերեմ. դեպքերի բերումով Սլովենիա գնացի, որը 23000 քառ. կիլոմետր տարածքով պետություն է, ունի ընդամենը 2 մլն բնակչություն, ամբողջ իր պատմության մեջ անկախություն ստացել է 1991 թ.-ից: Հատուկ հետաքրքրվեցի՝ այդ երկրում կա՞ն օտարալեզու դպրոցներ իտալական ու հունգարական փոքրամասնության համար, պարզվեց՝ ամբողջ Սլովենիայում օտարալեզու դպրոց գոյություն չունի, բայց կրթական ամբողջ մակարդակը եվրոպական լավագույն մակարդակներից մեկն է, եւ շատ լավ սովորում են այլ օտար լեզուներ: Երբ ես նրանց հարցնում էի, թե այլ օտարալեզու դպրոցներ չկա՞ն ոչ փոքրամասնությունների համար, ազնիվ խոսք, չէին հասկանում, թե ինչ էի ասում, հետո երբ մտերմացանք, նրանք ինձ ասում էին՝ եթե մեր ժողովուրդը անկախ է եղել, դա եղել է լեզվի շնորհիվ»:
Պարոն Իշխանյանը նաեւ անդրադարձավ լիբանանյան փորձին՝ ասելով, որ ըստ ուսումնասիրությունների, քաղաքացիական պատերազմների հիմնական շարժառիթը օտարալեզու դպրոցներն են, այնտեղ գրեթե արաբերեն չէին խոսում, տարբեր համայնքներ տարբեր լեզուներով էին հաղորդակցվում ու տարբեր պետությունների ազդեցության տակ էին: «Ես գյումրեցի ամենալավ բանաստեղծներից մեկի՝ Ավետիք Իսահակյանի խոսքերն եմ ուզում մեջբերել. «Մեր հայրենիքը մեր լեզուն է», իսկ այն մարդիկ, ովքեր շահագրգիռ են օտարալեզու դպրոցների վերաբացմանը, նրանց համար, ըստ էության, հայրենիք չկա՝ սա 1-ին: 2-րդ՝ միգուցե օտար երկրների ճնշման տակ են անում, 3-րդ՝ նրանք ազգային անլիարժեքության բարդույթով են տառապում, 4-րդ՝ չեն հավատում Հայաստանի ապագային եւ, իհարկե, ամենակարեւորը փողն է. երբ նրանք լսում են 60 մլն դոլար պետք է Ռուբեն Վարդանյանը ներդնի, արդեն ոտքերը թուլանում են… Բայց ամեն ինչը չի կարելի նյութականով հաշվել»,- ասաց պարոն Իշխանյանը եւ ավարտեց իր խոսքը, ասելով, որ իրենց պատերազմ են հայտարարել, իրենք էլ ձեռնոցը վերցրել են ու հասնելու են նրան, որ կառավարության նախագիծը տանեն ու մոտակա աղբանոցում թողնեն: Ի դեպ, մասնակիցները, որոնցից ոմանք ժամանակին ռուսական կրթություն են ստացել, փաստեցին, որ այդպիսի դպրոցների մուտքը կծաղկեցնի կոռուպցիան: Ներկաներից մեկը պատմում էր, թե ժամանակին իր մայրիկը ինչքան «հախ» էր տվել կրթության վարչությանը՝ իրեն ռուսական դպրոց տեղավորելու համար: Մեկ այլ մասնակից էլ մտահոգված էր, որ այդպիսի դպրոցների վերաբացումից հետո Հայաստանում, մասնավորապես Գյումրիում այլեւս մարդ չի մնա, սա հայաթափության ծրագիր է, արտագաղթն արագացնող միջոց: