Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Ադրբեջանը «պատասխանել» Ռուսաստանին

Օգոստոս 05,2010 00:00

Ըստ Ռասիմ Մուսաբեկովի՝ իր երկրի փաստարկները զորեղ են

Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը երեկ day.az կայքում հանդես է եկել ծավալուն հոդվածով, որի մի մասը առաջարկում ենք ձեր ուշադրությանը:
Այս տարվա սկզբից նկատվում են զիգզագներ, տեսանելի հակասություններ Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության մեջ: Բերեմ օրինակներ: Այսպես, հունվարին ՌԴ նախագահ Մեդվեդեւը փորձեց դրդել կողմերին ստորագրել մի փաստաթուղթ, որը կարձանագրի Երեւանի եւ Բաքվի համաձայնությունը նորացված Մադրիդյան սկզբունքների հետ, որոնք Մինսկի խմբի կողմից առաջարկվել էին դեռեւս մեկ տարի առաջ՝ Աթենքում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների համաժողովի ժամանակ: Սակայն Հայաստանի նախագահը սկզբում երկու շաբաթ խնդրեց՝ մտածելու համար, այնուհետեւ ընտրեց բանակցությունները արհեստականորեն ձգձգելու ճանապարհը եւ, ըստ էության, հրաժարվեց արձանագրել իր համաձայնությունը առաջարկված փաստաթղթի վերաբերյալ: Ավելին, Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը սկսեցին հրապարակավ իրենց դժգոհությունն արտահայտել Ռուսաստանից եւ մարմնի անհեթեթ շարժումներ անել, որոնք պետք է որ վկայեին Հայաստանի քաղաքական կողմնորոշման վեկտորի հնարավոր փոփոխության մասին՝ Մոսկվայից դեպի Բրյուսել եւ Վաշինգտոն: 
Դժվար է հավատալ, որ Երեւանի այդ անհամոզիչ մանեւրները վախեցրին Ռուսաստանին, որը լավ գիտի, թե որոնք են իրականում Հայաստանի իրական հնարավորությունները, ինչպես նաեւ՝ նրա առաջնորդների ինքնուրույնության աստիճանը: Սակայն, այնուամենայնիվ, զսպվածության եւ կառուցողականության անպտուղ կոչերից հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սանկտ Պետերբուրգում փորձ արեց համոզել Ադրբեջանին ընդունել հայկական կողմի որոշ պահանջներ: Բնականաբար, անարդյունք: Սակայն Հայաստանը, Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկած Մադրիդյան սկզբունքներին հստակ «այո» կամ «ոչ» պատասխանելու փոխարեն, սկսեց անդրադառնալ միակողմանի ռուսաստանյան առաջարկներին, որոնք տեխնիկական բնույթ են կրում: Իսկ ամենակարեւորը՝ հայկական կողմը, ինչպես իրեն է թվում, կարողացավ դուրս գալ բանակցային ծուղակից, որի մեջ ինքն է իրեն գցել՝ գերագնահատելով սեփական դիվանագիտական վարպետությունը, եւ հնարավորություն ստացավ շարունակել ձգձգել բանակցությունները:
Դրան հետեւեց Բաքվի անհապաղ պատասխանը: Ի տարբերություն Հայաստանի, որն ընդունակ է միայն նվնվոցի եւ շանտաժի, Ադրբեջանը կոնկրետ ցույց տվեց ղարաբաղյան հարցում Ռուսաստանի անհետեւողականությունից իր դժգոհության գինը: Բաքուն 200 միլիոնանոց կարճաժամկետ վարկ տրամադրեց Բելառուսին, որին Մոսկվան, դժգոհ լինելով նախագահ Լուկաշենկոյի ինքնուրույնությունից, ցանկանում է փակուղու առաջ կանգնեցնել: Նախագահ Իլհամ Ալիեւն այցելեց Բաթում եւ ցուցադրեց իր մտադրությունը՝ էլ ավելի ամրապնդել ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ, որը ղեկավարում է Մոսկվայի համար տհաճ Միխայիլ Սահակաշվիին: Վերլուծաբանների ուշադրությունից չվրիպեց ռուսաստանյան «Գազպրոմի» գլխավոր գործընկեր՝ իտալական ENI ընկերության նախագահ Պաոլո Սկառոնիի այցը Բաքու: Այստեղ նա քննարկեց թուրքմենական հեղուկ գազը ծովի տակով անցկացնելու, ինչպես նաեւ «Բաքու-Էրզրում» խողովակաշարի միջոցով Թուրքիա եւ այդուհետեւ եվրոպական շուկաներ տեղափոխելու հնարավորությունը: Իսկ դա կարող է խաչ դնել «Հարավային հոսք» ստորջրյա գազատարի ռուսաստանյան նախագծի վրա եւ ուժեղացնել այլընտրանքային «Նաբուկո» եվրոպական նախագծի կողմնակիցների դիրքերը:
Ինչպես տեսնում եք՝ ադրբեջանական ղեկավարությունը չփորձեց Վրաստանի նախագահ Սահակաշվիլու նման հրապարակային լեզվակռվի մեջ մտնել Մոսկվայի հետ: Նա միայն ցույց տվեց, որ մեր երկրի շահերին վնաս հասցնող ցանկացած գործողություններ առանց պատասխանի չեն մնա: Ընդ որում, Բաքվի հետ փոխըմբռնման բացակայության պայմաններում Ռուսաստանի կորուստները, ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական եւ ռազմական բնույթի,  Հարավային Կովկասում միայն կրկնապատկվելու են: Այդ անորոշ վիճակում Ռուսաստանի կողմից անսպասելի քայլեր են կատարվել, որոնք ցույց են տվել, որ Մոսկվան հակված չէ միակողմանի ընտրություն կատարել եւ ցանկանում է պահպանել եւ նույնիսկ մեծացնել իր ազդեցությունը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում:
Այնուհետեւ քաղաքագետն անդրադառնում է Ադրբեջանին C-300 համակարգի վաճառքին եւ Գյումրիում ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրի հնարավոր փոփոխություններին՝ որպես այդ հավասարակշռության դրսեւորում:

Խնդիր չենք դնում մեկնաբանելու կամ հերքելու պարոն Մուսաբեկովի ասածները՝ չնայած նրա դատողություններում կան խիստ խոցելի պահեր: Պարզապես կարծում ենք, որ մեր ընթերցողներին հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչպիսի փաստարկներ է բերում ադրբեջանական կողմը ոչ այնքան իր հասարակությանը կամ մեզ, որքան՝ հենց Ռուսաստանին համոզելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել