Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը՝ արձագանքելով վերջին շրջանում հասարակության ձեռք բերած որոշակի հաջողություններին:
Հայաստանյան հասարակության ներսում վերջին ավելի քան երկու տարիներին որոշակի եւ նկատելի փոփոխություններ են կատարվում. չնայած երկրում շարունակվող ապօրինություններին, անարդարություններին, տնտեսական եւ սոցիալական ճգնաժամերին, իշխանությունների սանձարձակ պահվածքին՝ հասարակական առանձին խավերի հաջողվում է գոնե մասամբ եւ տեղ-տեղ հանրային եւ համապետական նշանակության հարցեր բարձրացնել, լուծումներ պահանջել եւ, ի վերջո, նաեւ իշխանություններին պարտադրել այդ պահանջներն ու դրանց լուծումը: Սրանք դիտարկումներ են, որոնք վերջին շրջանում հնչում են մամուլի հրապարակումներում ու նաեւ դիտորդների կողմից: Որպես որակապես նոր՝ քաղաքացիական հասարակության ձեւավորման վկայություն, մատնանշվում են շատ կոնկրետ դեպքեր. Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցչի կողմից անչափահասների նկատմամբ կատարած անառակաբարո գործողությունների վերաբերյալ բարձրաձայնած Մարիամ Սուխուդյանի նկատմամբ ուսուցչին զրպարտելու մեղադրանքով հարուցված քրգործը կարճվեց, ու փոխարենը մանկապիղծ ուսուցիչը հայտնվեց ամբաստանյալի աթոռին: Իշխանություններին չհաջողվեց Լեւոն Գուլյանի գործի օրինակով ծածկադմփոցով «ջրել» Չարենցավանի ոստիկանությունում սպանված Վահան Խալաֆյանի գործը՝ եղան պաշտոնանկություններ, ձերբակալություններ, ընթանում է դատավարություն: Իշխանությունները ստիպված եղան տեղի տալ հասարակական ընդվզմանն ու, ըստ էության, հարցականի տակ առնել օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունը: Ի վերջո, իշխանությունները ստիպված եղան նախարարի մակարդակով պատասխան եւ բացատրություններ տալ բանակային զորամասերում տեղի ունեցած վերջին երկու միջադեպերի արդյունքում սպանությունների առնչությամբ: Այս բոլոր դեպքերի մասով իշխանությունների ձեռնարկած քայլերն, իհարկե, հասարակությանը չեն բավարարում, բայց հանուն արդարության կարելի է նաեւ արձանագրել, որ սրանք այս իշխանությունների օրոք աննախադեպ ձեռքբերումներ են:
Դիտարկումները՝ թե ինչո՞ւ են իշխանությունները վերջին շրջանում հաշվի նստում հասարակական կարծիքի եւ ընդվզումների հետ, տարբեր են: Դրանցից մեկի համաձայն, դա երկրում վերջին երկու տարիների ընթացքում ուժեղ եւ հասարակության վստահությունը վայելող, հասարակության գերակշիռ հատվածին ուղղորդող ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի ձեւավորման արդյունքն է, որի հետ իշխանությունները հաշվի չնստել չեն կարող: Մեկ այլ տարբերակով՝ այս «բարեփոխումները» Հայաստանը ժողովրդավարական տեսնելու «դրսի» պարտադրանքի հետեւանք են:
Կա նաեւ այլ կարծիք, որն «Առավոտի» հետ զրույցում հայտնեց ընդդիմադիր գործիչ եւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նրա համոզմամբ՝ հնչեղ գործեր եղել են նաեւ մինչեւ 2008թ. մարտիմեկյան դեպքերը: Նա հիշեցրեց, որ ավելի քան 10 տարի առաջ պաշտպանության փոխնախարար, ոստիկանության գեներալ՝ Ներքին զորքերի հրամանատար էր սպանվել: «Հասարակությունը դարձյալ արձագանքում էր դրանց, բայց չեմ բացառում, որ այն ժամանակ հասարակությունն ինքը մինչեւ վերջ չէր գիտակցել կամ գնահատել այդ դեպքերի լրջությունը: Իշխանություններն այն ժամանակ էլ ստիպված էին արձագանքել. հիշո՞ւմ եք, հրաժարականներ էին պահանջվում, հետո Սերժ Սարգսյանը, որպես այդ սպանությունների «փոխհատուցում», ծնեց «Արմենիկումի» «հայտնագործությունը»: Իհարկե, ժամանակները փոխվում են, աշխարհն ավելի բաց ու մատչելի է դարձել, մեր հասարակությանը տեղեկություններ են ստացվում, փոխանակվում, ու, թերեւս, իշխանություններն էլ են հասկացել, որ ժողովուրդները կարող են ըմբոստանալ եւ ավերածություններ անել, որ դա չի բացառվում, եւ չի կարելի ժողովրդի համբերության հետ խաղ անել: Իշխանությունները, այո, նաեւ պետք է դրա արդյունքում գիտակցեին, որ որոշակի բաներ պետք է անեն: Իհարկե, մեզ բացարձակապես չի բավարարում այն, ինչ արվում է ձեր մատնանշած աղմկոտ դեպքերի առնչությամբ: Մեր հասարակությունը իրավական պետության սպասող եւ դրան ձգտող հասարակություն է եւ լիովին պատրաստ է քաղաքացիական հասարակություն դառնալ, ու նրա արձագանքը ողջունելի է: Սակայն ինձ չի գոհացնում այն, ինչ անում է իշխանությունը: Օրինակ՝ Վ. Խալաֆյանի դեպքում, իրականում՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու, եւ միայն պաշտոնեական դիրքի չարաշահման խնդիր չի եղել: Այդ գործում լրիվ այլ հանցակազմով էր պետք գործը հարուցել, ու պատահական չէր եւ անտեղյակության արդյունք չէր, որ ՀՀ ոստիկանապետը խոսում էր Խալաֆյանի հոգեկան հիվանդ լինելու եւ ինքնասպան լինելու մասին: Կարծում եմ՝ այդ կոնկրետ դեպքում իշխանության գործողություններն ավելի համարժեք պետք է լինեին եւ հրաժարականներ պետք է լինեին»,- ասաց Ա. Զեյնալյանը: Նա հայտնեց, թե բավարարված չէ նաեւ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենի նկատմամբ կայացված անհամաչափ եւ մեղմ պատժաչափից: Իրավապաշտպանի ասելով, վերը հիշատակված բոլոր գործերի վերաբերյալ էլ կարելի է պնդել, որ չնայած հասարակության բարձրացրած աղմուկին, իշխանություններն էլի փորձում են կոծկել իրականությունը:
Արձագանքելով մեր հարցադրմանը՝ ինչո՞ւ են իշխանությունները սկսել արձագանքել կամ տեղի տալ հասարակական ճնշումներին, սկսել են վախենա՞լ հասարակության ընդվզումից, Ա. Զեյնալյանը նկատեց, թե՝ իշխանությունները պետք է որ չվախենան ժողովրդից, որովհետեւ վերջինս անհամեմատ հասուն եւ խոհեմ է, քան իրենք պատկերացնում են. «Եթե կա այդպիսի վախ, ապա դա արդարացված չէ: Մեր հասարակությունը, ուժեղ լինելով հանդերձ, նաեւ մեծահոգի է եւ ներողամիտ: Մյուս կողմից՝ իրավական եւ ժողովրդավարական երկրներում իշխանությունները միշտ էլ հասարակության պահանջներին պետք է տեղի տան, եւ դա ամենեւին էլ իշխանության պարտություն չի կարող դիտարկվել»:
Ասել կուզի՝ Հայաստանը ժողովրդավարական ու իրավական պետությո՞ւն է: «Ոչ, բոլորովին իրավական պետություն չենք, դա միայն մեր նպատակն է, որին հասնելու շարժիչ ուժը ժողովուրդն է: Հասարակությունն իշխանություններից պետք է կորզի իրավական եւ ժողովրդավարական երկիր ունենալու իր իրավունքը: Եթե դա մեզ հաջողվի, մեր պետությունը հարեւան երկրների համեմատությամբ շատ ավելի շահեկան վիճակում կլինի: Ցավոք, ՀՀ իշխանությունները դեռ դիմադրում են»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Ա. Զեյնալյանը՝ հավելելով, թե առայժմ մեր հասարակությունը, որը սկսել է քաղաքացիական հասարակությանը բնորոշ քայլեր կատարել, դեռ շատ հեռու է այդպիսին կոչվելուց:
Անդրադառնալով հասարակական «բարեփոխումների» համատեքստում ընդդիմության դերակատարմանը՝ Ա. Զեյնալյանն ասաց. «Ես ընդդիմադիր եմ, եւ մեր նպատակն այն է, որ երկրում քաղաքացիական հասարակություն ձեւավորվի, որ նա այսպես բուռն արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին, ապրի հասարակական ընդհանուր շահերով: Բայց մենք նպատակ չունենք, որ դա վերագրվի որեւէ քաղաքական ուժի, այդ թվում՝ նաեւ մեզ: Կարծում եմ՝ այս ամենը մեր հասարակության փոքր ձեռքբերումն է: Ընդդիմության դերն այդ ամենում ճիշտ այնքան է, որքան նա այս հասարակության մի մասնիկն է, որքանով կազմակերպչական որոշակի աշխատանքներ, քարոզչություն տանում է: Բայց, կրկնում եմ, ձեռքբերման առյուծի բաժինը մեր զարգացող եւ ինքնակազմակերպվող հասարակության ջանքերի արդյունքն է: Կարծում եմ՝ այս դիրքերից հասարակությունն այլեւս չի նահանջի: Նա արդեն սովորել է՝ ինչպես դա անել: Սա քաղաքացիական հասարակության ձեւավորման սկիզբն է միայն»: