Ամբաստանյալների թվում է նախկին գլխավոր դատախազի եղբայրը
Երեկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում սկսվեց Լեռնիկ Մկրտիչի Խաչատրյանի (լուսանկարում՝ ձախից), որը մեղադրվում է ՀՀ ՔՕ 311 հոդվածի («Կաշառք ստանալը») առաջին մասի, 38-311 (այլոց հանցակցությամբ կաշառք ստանալը) հոդվածի երրորդ մասի երրորդ կետով, Արմեն Արտուշի Պետրոսյանի՝ ՀՀ ՔՕ 311 հոդվածի երրորդ մասի երրորդ կետով, 38-325 հոդվածի (այլոց հանցակցությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը առաջին եւ 308 հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») առաջին մասերով, Կարապետ Վահանի Զադայանի՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի առաջին մասով, Գարիկ Գարունի Ղավալբաբունցի՝ ՀՀ ՔՕ 325 հոդվածի առաջին մասով, եւ Բագրատամասիհի Թեյմուրի Ներսիսյանի՝ ՀՀ ՔՕ 312 հոդվածի («Կաշառք տալը») երկրորդ մասով գործի դատաքննությունը:
Ամբաստանվող բոլոր անձինք նախկին պաշտոնյաներ են եղել: Մասնավորապես՝ Լեռնիկ Խաչատրյանը, որն իր աշխատասենյակում սպանված ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի եղբայրն է, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազն էր, Արմեն Պետրոսյանը՝ ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետը, Կարապետ Զադայանը՝ ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը, Գարիկ Ղավալբաբունցը՝ ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ:
Պաշտոնյա չէ միայն ամբաստանյալ Բագրատամասիհի Ներսիսյանը. նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, անհատ ձեռներեց-ավտոմեխանիկ: Նա մեղադրվում է այն բանում, որ նպատակ է ունեցել կալանքից ազատել «Գորիսի» բանտում պահվող իր դատապարտյալ որդուն՝ Հերոս Ներսիսյանին:
Երեկ դատարանում պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդեց փոխել իր վստահորդներ Արմեն Պետրոսյանի, Կարապետ Զադայանի եւ Գարիկ Ղավալբաբունցի խափանման միջոց կալանքն ու նրանց ազատ արձակել: Միջնորդությանն առարկեց մեղադրող Հովսեփ Սարգսյանը՝ պատճառաբանելով, թե պաշտպանի միջնորդությունն անհիմն է եւ տեղին չէ: Դատավոր Վահե Խալաթյանը պաշտպան Ինեսա Պետրոսյանի այս միջնորդությունը մերժեց: Դատական նիստը կշարունակվի այսօր:
Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ