Նախորդ օրը «Առավոտը» տեղեկացրել էր, որ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի վարչական շենքի տանիքին ծածանվում է երեք մասի բաժանված եւ սարսափելի մաշված ՀՀ պետական դրոշ: Արդեն երեկ առավոտյան, աշխատանքային օրվա հենց սկզբում՝ ժամը 9:15-ի սահմաններում, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի երկու աշխատակից տանիքից իջեցրին պատառոտված եռագույնն ու տեղադրեցին նոր, աչք շոյող եռագույն:
Բազմաթիվ պետական կառույցների տանիքներին նույնպես մաշված դրոշներ են տեղադրված: Այդ գերատեսչությունների ղեկավարները դեռ ժամանակ ունեն այդ դրոշները նորով փոխարինելու: Իսկ ահա տրանսպորտի եւ կապի նախարարությանը հորդորում ենք վերջապես շենքի վրա, բոլորի համար տեսանելի վայրում տեղադրել ՀՀ պետական դրոշը:
Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ