Լրահոս
Օրվա լրահոսը

Կրիմինալ կուլտուրան սպառնում է

Օգոստոս 04,2010 00:00

Այս տարեսկզբին հանրապետությունում պաշտոնական վիճակագրությամբ գրանցվել է 1717 թմրամոլ, նախորդ տարվա 1144-ի փոխարեն, իսկ ոչ պաշտոնական տվյալներով, թմրամոլների թիվը հասնում է 5-7 հազարի, երեկվա ասուլիսում հայտնեց հանրապետության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերճյանը: Ըստ նրա՝ ոչ պաշտոնական տվյալներով, մոտ 25 հազար մարդ օգտագործում է կանեփից պատրաստած թմրամիջոց: Սոցիալապես անապահով խավի թմրամոլներն էլ նախընտրում են դեղատների էժանագին դեղահաբերը՝ սեդալգին եւ կոակսիլ, որոնցից քիմիական ճանապարհով թմրանյութ են ստանում: Պարոն Սեմերճյանի խոսքով, թմրամոլները հիմնականում 25-30 տարեկան երիտասարդներ են: Նա ասաց, որ վերջին շրջանում թմրամիջոցի հակում ունեցող 18-20 տարեկան աղջիկներն են շատանում. «Այս տարի բուժօգնության է դիմել 8 երիտասարդ աղջիկ, որոնք գիշերային աշխատանք ունեն»: Նարկոլոգի բնորոշմամբ, թմրամոլությունը կրիմինալ կուլտուրա է, որը լայնորեն տարածվում է. «Դրա դեմը պետք է առնել ինչքան հնարավոր է՝ շուտ»: Նրա տեղեկացմամբ՝ հայ թմրամոլներն ամենից շատ նախընտրում են իրանական ափիոնը եւ տեղական կանեփը ու մեկ անգամ փորձելուց հետո, դրանից էլ չեն հրաժարվում, նույնիսկ բուժօգնություն ստանալուց հետո. «Բուժում ստացած թմրամոլների 80% ինչ-որ ժամանակ հետո էլի վերադառնում է թմրամոլությանը: Եվ այն խոսակցությունները, թե մարդը թող փոխի իր տունը, շրջապատը… հնարավոր չէ՝ մարդը ուզի, թե չուզի, մի օր վերադառնում է իր հին բակը, ընկերների մոտ, ու ամեն ինչ սկսվում է նորից…»: Նարկոլոգը դժվարացավ նշել, թե տարեկան քանի թմրամոլ է մահանում. «Շատ դեպքերում թմրամոլը չի մահանում թմրամիջոցից, այլ՝ լյարդի ցերոզից, սրտի կաթվածից, բայց այն, որ թմրամիջոցը նպաստել է դրան, չի արձանագրվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել