Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճելի երաժշտությունը պաշտպանում է սիրտը

Օգոստոս 04,2010 00:00

Բժիշկ Մայքլ Միլերը՝ Մերիլենդ նահանգի համալսարանի բժշկական կենտրոնի սրտաբաններից մեկը, համոզված է, որ երաժշտությունն ազդում է անոթների վիճակի վրա: Կենսուրախ երաժշտություն լսելը, որը ձեր ճաշակով է, լայնացնում է արյունատար անոթները եւ պաշտպանում դրանք: Եվ ընդհակառակը՝ նյարդայնացնող երաժշտությունը նեղացնում է զարկերակները եւ կարող է մահացու ազդեցություն ունենալ սրտի վրա:
Բժիշկը փորձեր է կատարել տասնյակ առողջ, չծխող ամերիկացիների հետ: Նա հարցրել է կամավորների անձնական նախասիրությունները եւ խնդրել է լաբորատորիա բերել վերջիններիս սիրելի երաժշտական ստեղծագործությունները: Մինչ այդ, երկու շաբաթ արգելվում էր լսել իրենց սիրելի երաժշտությունը, որպեսզի փորձն ավելի հավաստի դառնա:
Բացահայտվել է, որ մասնակիցներից շատերը որպես տրամադրությունը բարձրացնող երաժշտություն նշել են «country» ոճը, իսկ «heavy metal»-ը մասնակիցների մոտ առաջացրել է անհանգստություն եւ նյարդային վիճակ: Սկզբում ուլտրաձայնային սարքի օգնությամբ լաբորատորիայում մասնակիցների մոտ ստուգել են ձեռքի վերին մասի զարկերակների գործունեությունը: Ապա միացրել են կամավորների սիրելի երաժշտությունը, որից հետո թեստը նորից են իրականացրել: Միեւնույն գործողությունը կրկնել են նաեւ չսիրված երաժշտություն լսելուց հետո: Սիրելի երաժշտությունից մասնակիցների զարկերակները լայնանում էին գրեթե 26%-ով՝ համեմատած նախնական ցուցանիշի հետ: Իսկ նյարդայնացնող երաժշտություն լսելու արդյունքում զարկերակները 6%-ով նեղանում էին: Ըստ doctors.am-ի՝ բժշկի կարծիքով, այդ ցուցանիշները կարող են պայմանավորված լինել էնդորֆինների ժայթքումով, ինչը տեղի է ունենում հաճելի երաժշտություն լսելու ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել