Վատիկանի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները խիստ զգուշավոր են արձագանքել ամերիկացի գիտնականի այն հայտնագործությանը, ով հաղորդել է, որ կարողացել է ստեղծել կենդանի բջիջ՝ կիրառելով արհեստական ԴՆԹ: Քրեյգ Վենթերի հայտնագործությունը վերջերս առաջ էր բերել բուռն քննարկումներ՝ կյանքի անթրոպոգենային ձեւերի շուրջ:
«Եթե այդ հայտնագործությունն օգտագործվի բարի նպատակով՝ հիվանդությունների բուժման համար, մենք կարող ենք արձագանքել միայն դրականորեն,- ասել է արքեպիսկոպոս, կյանքի պապական ակադեմիայի նախագահ Սալվատորե Ֆիզիկելլան: Դրա հետ մեկտեղ՝ նա նշել է, որ նոր հայտնագործության դրական արդյունքը կարող է արագ փոխվել, եթե հայտնաբերվի, որ այն հանգեցնում է «անձի արժանապատվության անարգանքի»: qahana.am-ը նշում է՝ Իտալական եպիսկոպոսական կոնֆերանսի նախագահ, կարդինալ Անջելո Բանյասկոն նույն կերպ է արձագանքել ամերիկացի կենսաբանի հայտնագործությանը: Ողջունելով ցանկացած իրապես գիտական սլացք, կարդինալ Բանյասկոյի խոսքերով՝ եկեղեցին կպնդի, որ այն նախապես համադրվի բարոյական ասպեկտների հետ եւ հաշվի առնի յուրաքանչյուր անհատի արժանապատվությունը: