Մարոկոյում կայացած սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (ԱԻԲԱ) գործկոմի նիստում մի շարք կարեւոր որոշումներ են ընդունվել, որոնցից գլխավորի՝ աշխարհի մեծահասակների 2011 թվականի առաջնությունը (այն միեւնույն ժամանակ նաեւ օլիմպիական վարկանիշային մրցաշար է) Հարավային Կորեայից Բաքու տեղափոխելու եւ դրա պատճառների մասին տեղեկացրել ենք: Ավելացնենք միայն, որ, ի տարբերություն աշխարհի նախորդ առաջնությունների, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում օլիմպիական ուղեգիր տրվում էր 11 քաշային կարգերից յուրաքանչյուրում 1-4-րդ տեղերն զբաղեցնողներին, Բաքվում վարկանիշ նվաճած են համարվելու փոփոխությունից հետո սահմանված 10 քաշային կարգերից ամեն մեկում 1-8-րդ տեղը գրավողները: Իսկ դա նշանակում է, որ աշխարհի առաջնության մասնակից բռնցքամարտիկին բաղձալի նպատակին հասնելու համար բավական է մտնել քառորդ եզրափակիչ:
Լոնդոնում կայանալիք 2012 թվականի օլիմպիական խաղերում Եվրոպային հատկացվելիք մյուս ուղեգրերը կխաղարկվեն հատուկ այդ նպատակով կազմակերպվելիք վարկանիշային մրցաշարում: Այն կկայանա 2012 թվականի ապրիլին՝ Ստամբուլում: Հիշեցնենք, որ այդ մրցաշարը կազմակերպելու ցանկություն ունեին նաեւ Հայաստանն ու Անգլիան:
ՀԱՕԿ-ի փոխնախագահ եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, որ մասնակցել է ԱԻԲԱ-ի գործկոմի նիստին, ArmFootball.com-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ «Լոնդոն 2012»-ի ծրագրում ընդգրկվել է նաեւ կանանց բռնցքամարտը, որտեղ երեք քաշային կարգերում մեդալների համար պայքարելու է 36 մարզուհի: Հայաստանում կանանց բռնցքամարտի պատասխանատու նշանակվել է նախկինում ճանաչված բռնցքամարտիկ Արտյոմ Սիմոնյանը: Նրա ղեկավարությամբ, մեր չորս կին բռնցքամարտիկներ պատրաստվում են օգոստոսի 10-ին մեկնել Ուկրաինա, որտեղ միջազգային խոշոր մրցաշար է անցկացվելու: