Երեկ Լեհաստանի Չոտովա քաղաքում մեկնարկեց շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը, որի մասնակիցները հաղթողներին եւ մրցանակակիրներին որոշելու են շվեյցարական մրցակարգով անցկացվող 13 տուրի ընթացքում: Տղաների պայքարին մասնակցում է 127 շախմատիստ, որոնցից 18-ը կրում է գրոսմայստերի կոչում, իսկ 85 աղջիկներից բարձրագույն կոչում կրում է 7-ը:
Հայաստանից Լեհաստանում հանդես են գալիս երեք տղա եւ մեկ աղջիկ:
Առաջին տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով խաղում էր լատվիացի Թոմս Կանտանսի հետ, Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը Ժոզեֆ Ստրական էր՝ Սլովակիայից, իսկ Հրայր Սիմոնյանն ուժերն էր չափում բելգիացի Ստեֆ Սորսի հետ: Աղջիկների պայքարում մեր հանրապետությունից հանդես եկող Անի Խանամիրյանը մեկնարկային տուրում սեւերով խաղում էր Թերեզա Օլսարովայի հետ: