Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՃԱՌԸ, ԳՈՒՑԵ, ԶԵՆՔՆ ԷՐ

Օգոստոս 04,2010 00:00

Մյունխենում մեկնարկել է գնդակային հրաձգության աշխարհի 50-րդ առաջնությունը, որին, ըստ ներկայացված նախնական հայտերի, մասնակցում է 90 երկրի շուրջ 2400 դիպուկահար:
Հողագնդի ուժեղագույն հրաձիգները Մյունխենում վիճարկում են ոչ միայն աշխարհի առաջնության անհատական եւ առաջին անգամ անցկացվող թիմային պայքարի մեդալները, այլեւ՝ 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր: Ըստ կանոնակարգի` Լոնդոն մեկնելու իրավունք տրվելու է ըստ առանձին մրցաձեւերի 1-4-րդ տեղերը զբաղեցնող հրաձիգներին:
Նախապես որոշված էր, որ Հայաստանը Մյունխենում ներկայացնելու էր չորս մարզիկ՝ Նորայր Բախտամյանը, Նորայր Առաքելյանը, Անդրանիկ Փիլոսյանը եւ Ռոմիկ Վարդումյանը: Սակայն, ինչպես երեկ մեզ տեղեկացրեց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, կապված հայկական բանակում ծառայության հետ, ՊՆ-ն Ռոմիկ Վարդումյանին չի թողել մեկնել մրցավայր: Ռոմիկը նաեւ օգոստոսի 14-ին մեկնարկող պատանեկան առաջին օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք ունեցող մեր 14 մարզիկներից մեկն է: Հուսանք, որ նրան կթույլատրեն Սինգապուրում մեր երկիրը ներկայացնել: Մեր հրաձիգները՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ, պատշաճ են նախապատրաստվել այս կարեւոր մեկնարկին: Բայց Մյունխենում մրցասպարեզ մտած բազմափորձ, Աթենքի եւ Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Նորայր Բախտամյանը 50 մետր՝ ատրճանակ մրցաձեւում գրավել է ընդամենը 31-րդ տեղը, ինչը, խոստովանենք, նրա համար ցածր արդյունք է: Սակայն Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից տեղեկացանք, որ Բախտամյանն, ամենայն հավանականությամբ, կրակագիծ մտել է ոչ թե իր հիմնական, այլ՝ նոր զենքով: Բանն այն է, որ Քուվեյթում անցկացված ոստիկանների աշխարհի առաջնությունում երկու արծաթե մեդալ նվաճած հայ մարզիկի զենքը ժամանակին Հայաստան չի հասել, ու նա հարկադրված է եղել մարզվել նորով: Որքան հասկացանք, Բախտամյանի հիմնական զենքն օրերս է Մյունխենում հանձնվել տիրոջը: Սակայն Նորայրը դժվար թե դրանով մասնակցած լինի մրցմանը, քանի որ հրաձգությունում մարզիկի ձեռքը պետք է մշտապես սովոր լինի մեկ զենքի:
Նորայրի հետ նույն մրցաձեւում հանդես են եկել նաեւ մեր երկրի մյուս երկու ներկայացուցիչները, սակայն նրանք ավելի ցածր տեղեր են գրավել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել