Վերջին օրերին երաժիշտների շրջանում խոսակցություններ են պտտվում, թե ո՞վ է նշանակվելու Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի տնօրեն։ Բանն այն է, որ Անահիտ Շահբազյանը հուլիսի 28-ից այլեւս չի կատարում հիշյալ դպրոցի տնօրենի պարտականությունները։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխտնօրեն Մարտուն Կոստանդյանը։
Այս առիթով ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը փոխանցեց հետեւյալը. «Լրացել է Անահիտ Շահբազյանի պաշտոնավարման պայմանագրային ժամկետը, ինչի առիթով դպրոցի կառավարման խորհուրդը որոշել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել փոխտնօրեն Մարտուն Կոստանդյանին՝ մինչեւ տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացումը»։ Տիկին Դուրգարյանը մրցույթի անցկացման ժամկետների հետ կապված ոչինչ չասաց։