Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում են մատչելի գներով «վայելել» հայրենիքը

Օգոստոս 04,2010 00:00

Ինչպես հայտնի է, հուլիսի 22-ին մեկնարկել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը: Սփյուռքից ժամանած խմբերը, ինչպես նախորդ տարիներին, ինքնագործ են: «Առավոտի» տեղեկություններով, Հայաստանի որոշ պրոֆեսիոնալ, պետական կոլեկտիվներ մերժել են փառատոնին մասնակցելու հրավերը:
 «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ արձակու՞րդն էր պատճառը, թե՞ փառատոնին մասնակցելը նրանք «պրեստիժ» չհամարեցին: «Օրինակ, պետական անսամբլներից մեկը վաղօրոք նախատեսած ծրագրեր ուներ, որոշներն էլ արդեն հյուրախաղերի կամ արձակուրդի էին մեկնել: Մի մասն էլ, չեմ թաքցնում, վճարման խնդիրներ ուներ, թե չէ «պրեստիժի» հարց երբեք չի առաջացել: Վստահեցնում եմ՝ ամեն ինչ նորմալ է ընթանում»: Տիկին Պողոսյանը, թեեւ նախորդ տարիներին քանիցս պարզաբանել է, որ փառատոնն ինքնագործ արվեստի ներկայացում է, խնդրեց այս առիթով մեկ անգամ եւս իր խոսքը տեղ հասցնել. «Սփյուռքում մեր մշակույթը հիմնականում ինքնագործունեության մակարդակի վրա է: Մեզ համար կարեւոր է հային Հայաստան բերելը, հայրենիքի հետ կապելը ու Հայաստանի պրոֆեսիոնալ մշակույթի հետ ծանոթացնելը»: Նաեւ հավելեց. «Այս տարի փառատոնի շրջանակներում հանդես են եկել «Ժողովրդական երգիչ», «Սուպեր սթար» եւ «Դուդուկի ընտրյալներ» հեռուստանախագծերի հաղթողները»: Հիմնադրամի ղեկավարի հավաստմամբ, մասնակիցները հիմնականում գոհ հեռանում են (որոշ խմբեր, անհատ կատարողներ իրենց «միսիան» ավարտել ու մեկնել են): «Սակայն սեփական միջոցներով Հայաստան ժամանած մեր որոշ հայրենակիցներ դժգոհում են հյուրանոցների բարձր գներից, սպասարկման որակից: Ասում են՝ ամեն տարի գալիս ենք հայրենիք ու կեցության խնդիրներ ունենում, որովհետեւ հյուրանոցները, կացարանները թանկ հաճույք են: Խնդիրներ են ծագում նաեւ տրանսպորտային եւ սննդի սպասարկման հարցերում: Առաջարկում են ստեղծել մշակութային համալիր, որ համահայկական փառատոնի մասնակիցները կարողանան մատչելի գներով «վայելել հայրենիքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել