Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆԱ ԿԱՏԱՐՅԱԼ «ՄՈՒԺԻԿ» Է»

Օգոստոս 04,2010 00:00

\"\"Սայաթ-Նովային այսպես է բնութագրում համանուն օպերայի նոր բեմականացման հեղինակ, վրաց բեմադրիչ Գիզո Ջորդանիան

Մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ Ազգային օպերային թատրոնում հոկտեմբերին վերջապես բեմական նոր մարմնավորում ստացած «Սայաթ-Նովա» օպերային ներկայացումը կհանձնվի հանդիսատեսի դատին։ Այն իրականացնում է վրացի ճանաչված բեմադրիչ Գիզո Ջորդանիան։ Արդեն քանի ամիս է՝ սկսված են նվագախմբի, երգչախմբի, բալետային խմբի եւ մեներգիչների փորձերը։ Բեմադրող դիրիժորն է թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, դեկորատորը Ալ. Հարությունյանի թոռնուհին է՝ Արաքս Հարությունյան-Քուչուկյանը, զգեստների հեղինակն էլ Ռուբինա Հովհաննիսյանն է։ Սայաթ-Նովայի դերերգը փորձում են 4 տենորներ՝ Պերճ Քարազյանը, Հովհաննես Այվազյանը, Կարո Խաչատրյանը, Ռուբեն Նուրիջանյանը, իսկ Աննայինը՝ դարձյալ 4-ը՝ մեցո սոպրանոներ՝ Նարինե Անանիկյանը, Գրետա Բագյանը, Աննա Այվազյանը, Գոհար Ազիզյանը։ 
Հիշյալ օպերայի պրեմիերան Երեւանում կայացել է 1969 թ.՝ բեմադրող դիրիժոր Արամ Քաթանյանի, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանի մեկնությամբ։ Ի դեպ, բեմադրության գեղարվեստական ղեկավարն էր անկրկնելի Վարդան Աճեմյանը։  Ժամանակին Աննայի դերերգով փայլել են Աննա Նշանյանը, Տաթեւիկ Սազանդարյանը, Օլգա Գաբայանը, իսկ Սայաթ-Նովային հիանալի են մարմնավորել Վահան Միրաքյանը, Արտաշես Հայրյանը, Գեղամ Գրիգորյանը։ «Սայաթ-Նովայի» այս բեմադրությունը խաղացանկում ապրեց մինչեւ 1980-ականների սկզբները։ 1970-ականներին էլ երկու անգամ ներկայացումը ցուցադրվել է Մոսկվայում՝ Մեծ թատրոնում եւ Կրեմլի պալատում։ Ի դեպ, այս օպերան 1973 թ. բեմադրվել է նաեւ Բաքվում՝ Ֆերուդին Սաֆարովի ռեժիսուրայով։
«Առավոտը» հանդիպեց Գիզո Ջորդանիային, որը Երեւանում 1972 թ.՝ ԽՍՀՄ կազմավորման 50-ամյակի առթիվ, բեմադրել էր Օթար Թաքթաքիշվիլու «Մինդիա» օպերան։ Թիֆլիսահայերենով մտքերն արտահայտող բեմադրիչը «Սայաթ-Նովայի» բեմադրական աշխատանքների առիթով գովեստի խոսքեր շռայլեց թատրոնի տնօրինության, մեներգիչների, ներկայացման մեջ ընդգրկված թատրոնի տարբեր խմբերի ղեկավարների ու արտիստների հասցեին. «Անկեղծ եմ ասում՝ հաճույքով եմ աշխատում։ Այս ժամանակահատվածում հայտնաբերեցի, որ Երեւանի թատրոնում ոչ միայն լավ ձայներ կան, այլեւ հիանալի դերասաններ։ Օրինակ, ինձ համար հայտնություն էր Կարեն Դուրգարյանը, որը իր մտածելակերպով ու աշխատաոճով իսկապես երաժշտական թատրոնի դիրիժոր է։ Երգչախմբի ղեկավար Կարեն Սարգսյանն ինձ պարզապես ապշեցրեց։ Մինչ այս ոչ մի թատրոնում չէի տեսել, որ երգչախմբի ղեկավարն իր գործն ավարտելուց հետո, այսինքն՝ երգչախմբային հատվածները գրեթե կատարյալի հասցնելուց հետո էլ, շարունակի փորձերը»։ Հետաքրքրությանը, թե գլխավոր դերակատարներից ո՞վ է իրեն լիարժեք բավարարում, Գ. Ջորդանիան ասաց. «Նույնն է, թե ո՞վ է ամենա-ամենան՝ Պավարոտին, Կարերասը, թե Դոմինգոն։ Յուրաքանչյուրն իր տեղն ունի»։
Ասում են, որ «Սայաթ-Նովան» պետք է բեմ բարձրանար նաեւ Վրաստանում, սակայն վրացի կոմպոզիտորներն ըմբոստացել են, պատճառաբանելով, թե՝ իբր Աննային սիրահարված է եղել ոչ թե Սայաթ-Նովան, այլ վրաց պոետ Բեսիկին։ Այս դիտարկմանը եւ հարցին, թե Սայաթ-Նովայի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը երեք դարից ավելի ուսումնասիրվել է հայ եւ վրացի գրականագետների կողմից, իսկ ո՞րն է Գ. Ջորդանիայի Սայաթ-Նովան, բեմադրիչը ասաց. «Ոչ մեկը ոչ մի բան հաստատ ասել չի կարող, քանի որ գործ ունենք լեգենդի հետ։ Այո՛, Սայաթ-Նովան լեգենդ է, սիրո մեծ երգիչ, հիանալի «մուժիկ», այո՛, գնացել է արքունիք ու սիրահարվել Աննային։ Հնարավոր է, որ նա սիրահարվել է այլ կանանց նույնպես… Կոնկրետ ինձ համար, նա կատարյալ «մուժիկ» է՝ իր պոեզիայով, երաժշտությամբ… Ի վերջո, Սայաթ-Նովան այն պոետներից էր, որը ո՛չ հայերեն, ո՛չ վրացերեն, այլ հենց թուրքերենով գրեց՝ «Ես Հա՛յ քրիստոնյա եմ»…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել