Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ Իրաքում ռազմական գործողությունները ավարտվելու են ավելի վաղ հայտարարված ժամկետներում: Ատլանտայում ելույթ ունենալով հաշմանդամ–վետերանների ազգային համագումարում՝ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, թե մինչեւ օգոստոսի վերջ Իրաքից ամերիկյան բոլոր ռազմական միավորումների դուրսբերման մասին իր խոստումը մնում է ուժի մեջ՝ հավելելով, թե Իրաքում ԱՄՆ–ի ռազմական առաքելությունը կփոխարինվի քաղաքացիական եւ դիվանագիտական առաքելություններով: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Օբաման հայտարարել էր ԱՄՆ–ի կողմից Իրաքում նոր ռազմավարության իրականացման մասին՝ հստակ շեշտելով, որ ԱՄՆ–ի ռազմական առաքելությունն Իրաքում կավարտվի 2010թ. օգոստոսի 31-ին:
Օբաման իր ելույթում նաեւ շեշտել է, թե նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր, Իրաքից տուն է վերադարձել 90 հազար ամերիկացի զինվոր, Իրաքում արդեն իսկ հարյուրավոր ռազմական հենակետեր են փակվել, այդ երկրից դուրս է բերվել միլիոնավոր միավոր ռազմամթերք: