Լեհաստանի իշխանությունները ավելի ու ավելի ակտիվորեն են սկսել վրդովմունք հայտնել Ռուսաստանի կողմից ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ Լեհաստանի նախկին նախագահի ինքնաթիռի կործանման հանգամանքների հետաքննության ձգձգման առնչությամբ: Երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը առաջին անգամ պաշտոնապես պնդում է, թե հիմա՝ հետաքննության վերջին փուլում, Մոսկվայի հետ համագործակցությունն ավելի ծանր է դարձել, քան առաջ էր: Նա հայտարարել է, թե Վարշավան դեռ չի ստացել ռուսական կողմից պահանջված փաստաթղթերը, եւ Ռուսաստանին կոչ է արել Լեհաստանին փոխանցել հետաքննության ընթացքում ի հայտ բերված «ճշգրիտ տեղեկատվությունը»: Այդպիսի տեղեկություն չստացվելու դեպքում Տուսկն ակնկալում է, որ Մոսկվան կպարզաբանի, թե այդ ի՞նչ հանգամանքներ են, որ դժվարացնում են ռուսական կողմից Լեհաստանին փաստաթղթերի տրամադրումը:
Լեհական Gazeta Wyborcza պարբերականի փոխանցմամբ՝ Վարշավան փորձում է Մոսկվայից ստանալ կարեւոր մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են մասնավորապես նաեւ Սմոլենսկի օդակայանի վիճակին եւ տեխնիկական հագեցվածությանը, ռուս ավիադիսպետչերների վարքագծին, ամպամած եղանակի պայմաններում օդակայանը փակելու եւ Լեհաստանի նախագահի ինքնաթիռը պահեստային օդակայան ուղղելու վերաբերյալ նրանց միջեւ տեղի ունեցած բանակցություններին եւ այլն: