Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿԵԼ

Օգոստոս 04,2010 00:00

Միացյալ Նահանգները Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագիրն արդեն մշակել է: Այդ մասին գրել է The Washington Times-ը, որը, վկայակոչելով վերլուծաբաններին, փոխանցում է, թե այդ գործողության ընթացքում գլխավոր դեր են խաղալու B-2 տիպի Stelth կործանիչներն ու թեւավոր հրթիռները:
Ըստ պարբերականի՝ անցած կիրակի ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ, ծովակալ Մայքլ Մալլենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատել է այդ փաստն ու այն որակել է որպես «կարեւոր տարբերակ»: «Նախեւառաջ լինելու է հարված օդից, որն ուղեկցելու է «թավշյա հեղափոխության» գաղտնի պատրաստությանը, որպեսզի Իրանի ժողովուրդը կարողանա երկիրն իրեն վերադարձնել»,- հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Թոմաս Մաքիներին: Նրա ասելով՝ B-2-ը թռիչքներ է իրականացնելու Իրանի վրայով, իսկ թեւավոր հրթիռները իջեցվելու են ջրային տարածքից: Օպերացիան, ըստ նրա, տեւելու է մի քանի օր: Վերլուծաբանները համարում են, որ Իրանի մի քանի առանցքային օբյեկտների ոչնչացումը էապես կհետաձգի իրանական միջուկային ծրագրի իրագործման ժամկետները: Ոմանք առաջարկում են նաեւ ռմբակոծել միջուկային օբյեկտներին մոտ գտնվող իրանական գյուղերը:
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի օրոք ամերիկյան հրամանատարությունը խորհուրդ չէր տվել Իրանին հարվածել՝ զգուշանալով, որ տեղի բնակչությունը կարող է համախմբվել Մահմուդ Ահմադինեջադի ռեժիմի շուրջ եւ հրաժարվել ժողովրդավարության հաստատմանն ուղղված շարժումից, ուստի, ամերիկյան պարբերականի մատուցմամբ, գեներալ Մաքիների ասելով, ուժային գործողություններին զուգահեռ, անհրաժեշտ է նաեւ Իրանի ռեժիմի ապակայունացմանն ուղղված գաղտնի ծրագիր մշակել:
Հիշեցնենք, որ, «Ֆրանսպրեսի» մատուցմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարի տեղակալ Յադոլլա Ջավանին, ի պատասխան կիրակի օրն արված ամերիկյան այդ բացահայտումների, հայտարարել է, թե ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու դեպքում, Թեհրանը կապակայունացնի իրավիճակը Պարսից ծոցի ամողջ տարածաշրջանում: Փոխարենը, երկուշաբթի օրն ամերիկյան հրամանատարության կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մասին հայտարարություններին՝ «հատուկ ուշադրության արժանի չեն» ձեւակերպմամբ անդրադարձել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել