Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որոշումը՝ օգոստոսի 4-ին

Օգոստոս 04,2010 00:00

\"\"Անառակաբարո գործողությունների հեղինակ, ուսուցիչ Լեւոն Ավագյանը ինքն իրեն կպաշտպանի

Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը լսեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու մասին հարուցված քրգործով բողոքի քննարկումը:
Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սան Հասմիկ Սինանյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել վերաքննիչ քրեական դատարանի կազմին (նախագահությամբ՝ Մհեր Աղրամանյանի): Փաստաբանների հիմնավորումն այն է, որ առաջին ատյանի դատարանը կարճ դատավարություն է կատարել եւ հաշվի չի առել տուժողների խոսքը: Վերջերս էլ տուժող Դիանա Ամիրխանյանը ետ է վեցրել իր բողոքը եւ ցանկություն չի հայտնել բողոքել վերաքննիչ դատարան: Նիստին ներկա էր տուժողներից միայն մեկը՝ Հասմիկ Սինանյանը:
«Առավոտի» հետ զրույցում Հ. Սինանյանի փաստաբան Ավագ Լալայանը նշեց. «Իմ պատճառաբանությունը հետեւյալն է. Դիանա Ամիրխանյանը եւ իր մայրը դիմում են ներկայացրել՝ նրանք հրաժարվում են վերաքննիչում բողոքելուց: Ընդ որում՝ դատարանը չի տեսել ոչ Դիանա Ամիրխանյանին, ոչ էլ նրա մորը: Չի ստուգվել նրանց ինքնությունը: Հիմք է ընդունվել միայն գրավոր դիմումը: Ավելին, նույնիսկ չի ստուգվել դիմում գրողի ձեռագիրն ու ստորագրությունը: Նման պայմաններում դատարանը պարտադրել է տուժած Հասմիկ Սինանյանին պարտադիր ներկա գտնվել նիստին: Որեւէ մեկին ես չեմ կարող մեղադրել: Սա շատ սպեցիֆիկ գործ է, ինչը հոգեկան տառապանքներ է պատճառում տուժողներին: Ընդ որում՝ տուժող Սինանյանի մայրն էլ է իր դիմումում նշել, որ դուստրը ներկա չի գտնվելու նիստերին»: Փաստաբան Լալայանը հավելեց նաեւ, որ կան ապացույցներ, որ Լեւոն Ավագյանը երեխաներին նաեւ ծեծի է ենթարկել ու խոշտանգել:
Նիստին ներկա տուժող Սինանյանը վերաքննիչ դատարանին ասաց, որ բավական մեղմ պատիժ է սահմանված Լեւոն Ավագյանի նկատմամբ: Եվ որ նման մարդկանց պետք է դատապարտել ցմահ բանտարկության: Մինչդեռ դատախազ Արթուր Երիցյանն ու ամբաստանյալ Լեւոն Ավագյանը կարծում են, որ փաստաբանների միջնորդությունն անհիմն է:
Ասենք, որ նիստի սկզբին ընթերցվեց ամբաստանյալ Լեւոն Ավագյանի պաշտպան Վիկտորյա Սահակյանի խոսքը, որով նա դատարանին տեղեկացրել էր, որ ինքն այլեւս Լեւոն Ավագյանի պաշտպանը չէ: Ամբաստանյալն էլ նշեց, որ իրեն պաշտպան պետք չէ, եւ ինքն անձամբ կարող է զբաղվել սեփական պաշտպանությամբ:
Դատարանն ընդմիջեց նիստը ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար: Ընդմիջումից հետո հայտարարվեց, որ որոշումը կհրապարակվի օգոստոսի 4-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել