Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱԱ նախագահությունը՝ բարոյալքված բամբասկոտի դերում

Օգոստոս 04,2010 00:00

ՀՀ նախագահին ԳԱԱ-ի կողմից ուղարկված նամակի առիթով

Անցյալ տարի երեք վաստակաշատ պրոֆեսորներ՝ Սիներիկ Հայրապետյանը, Բենիկ Հարությունյանը եւ Գրիգոր Բարսեղյանը, բաց նամակով դիմեցին Հանրային խորհրդի նախագահ Վ, Մանուկյանին՝ խնդրելով քննարկել իրենց մշակած ՀՀ գիտահամալսարանական համակարգի բարեփոխումների ծրագիրը: Չբավարարվելով բարձրացված հարցի նկատմամբ Հանրային խորհրդի պասիվ դիրքորոշումից՝ պրոֆեսորները բաց նամակ հղեցին ՀՀ նախագահին նույն առաջարկով, որի գլխավոր անկյունաքարն է՝ սահմանել երկրում գիտնականի ակտիվության գնահատման չափորոշիչներ եւ դրանց համապատասխան ձեւավորել ԳԱԱ-ի նոր կազմ, տալ նրան միայն փորձագիտական, իսկ ԿԳՆ-ին՝ վարչատնտեսական գործառույթ, վերացնել ԲՈՀ-ը որպես կոռուպցիոն մարմին: Նախկինում այդ ծրագիրը բարձր է գնահատվել ՀՀ երեք նախագահների, ԱԺ-ի, ԳԱԱ-ի նախկին նախագահ Վիկտոր Համբարձումյանի կողմից: Սակայն, հասկանալի պատճառով, դրանից սարսափում է ԳԱԱ ներկայիս նախագահությունը: Ուստի ԳԱԱ չինովնիկները ծրագրի կասեցման նպատակով պայքար սկսեցին հեղինակների դեմ, հատկապես Սիներիկ Հայրապետյանի նկատմամբ: Ակադեմիկոս այրերը վարձու թղթակիցների միջոցով Ս. Հայրապետյանի մասին հերյուրանքներ տպագրեցին, ներկայացրին իշխանություններին՝ որպես իրականություն եւ փորձում են վրեժ լուծել «ծայրահեղ բարեփոխիչի» նկատմամբ: Ծրագրված սցենարի հանգուցալուծումն էր ԳԱԱ նախագահության անունից ՀՀ նախագահին ուղարկված դիմումը, որտեղ առաջարկվում է «Ս. Հայրապետյանին հեռացնել հասարակության մարմնից որպես խոցի» եւ լուծարել նրա հիմնադրած՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի կարգավիճակ ունեցող ԿԳՆ բժշկակենսաբանական միջազգային հետբուհական կենտրոնը:
Նամակում կասկածի տակ է առնվում Ս. Հայրապետյանի բարոյականությունը, գիտնականի վարկանիշը: Նամակում նշվում է, որ «Հայրապետյանն, այսպես կոչված, Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի ղեկավարն է…դեռեւս պարզ չէ, թե ինչու է կենտրոնը կոչվում միջազգային»: Նման հարցադրում է արվում այն նախագահության կողմից, որի նախաձեռնությամբ ԳԱԱ Կենսաֆիզիկայի կենտրոնը վերակազմավորվել է այդ կենտրոնի: Նշում են, թե «…Ինքնահռչակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ է, տարիներ շահագործում է այն, մինչդեռ հայտնի է, որ ոչ մի երկրում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամբիոններ չունի»: Ամոթալի է, որ ԳԱԱ նախագահությունը մինչեւ այժմ տեղյակ չէ՝ ի՞նչ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը, ինչպե՞ս են ամբիոնի վարիչ ընտրում, որ աշխարհում կան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 828 ամբիոններ, որոնցից 5-ը՝ ՀՀ-ում: Նամակում գրված է. «Կենտրոնի կնիքի վրա գրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անունը եւ իր կողմից տրվող ապօրինի դիպլոմների վրա դրվում այն»: Նամակի տակ ստորագրող ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի կողմից կազմակերպվող միջազգային 13 գիտաժողովներում եւ ոչ մի անգամ նրա մոտ հարց չի առաջացել, որ Հայրապետյանը թյուրիմացության մեջ է դրել միջազգային կազմակերպություններին: Ըստ նամակի՝ կենտրոնի ցածր մակարդակի մասին վկայում է այն, որ դրա տնօրենը Ս. Հայրապետյանի՝ բժշկակենսաբանական մասնագիտությամբ որեւէ աստիճան չունեցող  դուստրն է: Ամոթալի է, որ ԳԱԱ նախագահությունը տեղյակ չէ, թե, ՀՀ օրենսդրության համաձայն՝ ով կարող է լինել ՊՈԱԿ-ի տնօրեն: Հավելենք՝ Գայանե Հայրապետյանը ռադիոֆիզիկոս է, եւ դեռ ասպիրանտական տարիներին Հավայան կղզիներում կայացած բիոէլեկտրոմագնետիզմի միջազգային գիտաժողովում նրա ներկայացրած զեկուցումը ճանաչվել է լավագույնը: Իսկ տպագրած աշխատանքների մասին կարելի է դատել PubMed կայքից: Նամակում նշված է, թե իբր Մոսկվայում կայացած միջազգային գիտատեխնիկական կենտրոնի նստաշրջանում «Հայրապետյանի կողմից դրամաշնորհների ներկայացված ծրագրերից 5-ը մերժվել է՝ որպես գիտական հետաքրքրություն չներկայացնող առաջարկ»: Այնինչ ներկայացվել է ոչ թե 5, այլ 7 ծրագիր, այն էլ կենտրոնի աշխատակցների կողմից, որոնք բոլորն էլ ընդունվել են (տես՝ www.istc.ru կայքը): Հուսով եմ՝ ԳԱԱ-ի նախագահության՝ դատարանի առաջ մերկացվելուց հետո, իշխանություններն իրենք կորոշեն՝ ում հեռացնել հասարակության մարմնից՝ ակտիվ աշխատող գիտնականի՞ն, թե՞ հարկատուների հաշվին պահվող ավելորդ վարչական կառույց հանդիսացող բարոյալքված ԳԱԱ նախագահությանը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել