Չնայած քաղաքական գործունեությունից հրաժարվելու եւ քաղաքական ասպարեզը լքելու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի տարաբնույթ ակնարկներին, հայտարարություններին եւ սպառնալիքներին, նա շարունակում է մնալ հայաստանյան հասարակական-քաղաքական նինջը խաթարող հիմնական գործոններից մեկը: Ավելին: Նա այժմ միակ հայ քաղաքական գործիչն է, որի ելույթները, տեսակետները լուրջ հակազդեցության են հանդիպում՝ հրահրելով քաղաքական բանավեճ: Այդ հակազդեցության հիմքում ընկած են երկու հիմնական, սակայն իրարամերժ պատճառներ՝ կամ ՀՀ հիմնադիր նախագահը խորաթափանց, հեռատես եւ իմաստուն վերլուծություններ եւ կանխատեսումներ է անում, ինչը սովորական մահկանացուներին հասու չէ, կամ նախկին նախագահի տեսակետներն այնքան անհող են եւ դյուրաբեկ, որ չեն դիմանում բանավեճի առաջ բերած քամու առաջին իսկ սուլոցներին:
1.
Ո՞վ է հայտնաբերելու նոր հեծանիվը
1988 թվականից ի վեր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի շուրջ որոնումները եղել եւ մնում են հայկական քաղաքական օրակարգի առանցքային հարցերը՝ ժամանակ առ ժամանակ լրջորեն սրելով ներքաղաքական իրավիճակը: Այս երկու խնդիրները, որքան էլ հիմնարար նշանակություն ունեն հայ ժողովրդի ներկայի եւ ապագայի համար, նույնքան էլ դրանց շարունակական արծարծումը Հայաստանի հասարակական-քաղաքական միտքը զրկել է այլ կարեւոր խնդիրներ քննարկելու եւ դրանց համար ողջամիտ եւ համարձակ լուծումներ գտնելու հեռանկարից: Ընդ որում՝ ներհասարակական, ներքաղաքական խնդիրները ոչ միայն իրենց կարեւորությամբ չեն զիջում արտաքին քաղաքական վերոհիշյալ երկու խնդիրներին, այլեւ դրանց տեւական անտեսումը շարունակում է արգելակ լինել հանրային կյանքի եւ պետության առաջընթացի ու կենսունակության ապահովման եւ սպառնալիք՝ հայրենիքի հարատեւման համար: Հայ քաղաքական մտքի համար սա ընդամենը առաջնահերթությունների զատորոշման, ֆունկցիայի եւ ածանցյալի հերթագայության խնդիր է: Հայաստանում ներքին եւ արտաքին քաղաքական գերակայությունները սահմանվում են նույնքան պարզունակ, հնամաշ մեթոդոլոգիայով, որքան պարզունակ եւ հնամաշ Է հայ քաղաքական միտքն ինքը: Հասարակական, քաղաքական խնդիրների համար լուծումներ փնտրելու՝ հայ քաղաքական մտքի մեթոդոլոգիան հանգում է «նոր հեծանիվ չենք հայտնաբերելու» մերժելի սկզբունքին: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական անգործունեության ինքնարդարացման, քաղաքական մտքի ծուլության, դոգմատիկ աշխարհընկալման հետեւանք:
Ղարաբաղյան հիմնախնդրի միջազգային կարգավորման շուրջ Հայաստանում շրջանառվող տեսակետները հիմնականում երեքն են.
– գործող իշխանության դիրքորոշումը. Ղարաբաղի ինքնորոշում (իմա՝ կարգավիճակ) եւ անկլավային իրավիճակի բացառում (ցամաքային կապ Հայաստանի հետ)՝ հինգ շրջանները վերադարձնելու հեռանկարով,
– նախկին իշխանության, ավելի որոշակի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա անմիջական քաղաքական շրջապատի դիրքորոշումը. Ղարաբաղի անվտանգության ապահովում եւ հայկականության պահպանում՝ առանց կարգավիճակի (կամ՝ միջանկյալ կարգավիճակով)՝ վեց շրջանները վերադարձնելու պատրաստակամությամբ եւ Հայաստանի ապաշրջափակման հեռանկարով,
– ազգային ուժերի եւ հասարակական չձեւավորված հոսանքների դիրքորոոշումը՝ Ղարաբաղի եւ յոթ շրջանների միացում Հայաստանին՝ միջազգային ճնշումների հեռանկարով:
Այս դիրքորոշումներից յուրաքանչյուրի հեղինակը կամ կողմնակիցները քանիցս ներկայացրել են իրենց համոզիչ կամ վիճահարույց հիմնավորումները, տրամաբանական կամ անտրամաբանական փաստարկները, իրադարձությունների հնարավոր զարգացման եւ Հայաստանի ու Ղարաբաղի հեռանկարի ամբողջացման կանխատեսումները: Միաժամանակ, քաղաքական այդեւայլ տեսակետներն իրականում հանգում են երկու հիմնական հարցադրման, որոնք վաղուց արդեն ժամանակն է ձեւակերպելու առանց քաղաքական սեթեւեթանքների՝ շիտակ եւ պարզ. առաջին. պե՞տք է, մեզ արդյո՞ք, Ղարաբաղը, եւ երկրորդ՝ հանձնե՞լ, թե՞ ոչ Ղարաբաղը: Այդ հարցադրումներն առաջացել են ոչ միայն եւ ոչ այնքան աշխարհաքաղաքական պարբերական երթեւեկությունների եւ իրողությունների արդյունքում, որքան հայ քաղաքական մտքի կծկվածության, ահաբեկվածության, պարտության եւ նահանջի տրամադրություններին հանձնվելու եւ դրանք տարածելու հետեւանքով: Անշուշտ, սա զուտ հայկական երեւույթ չէ: Նման տրամադրությունների ես հանդիպեցի ճիշտ երկու տարի առաջ, երբ հանգստի նպատակով ընտանիքիս հետ մեկնեցինք ծովափնյա Վրաստան, սակայն հանգամանքների բերումով հայտնվեցինք պատերազմող Վրաստանում՝ այնտեղ մնալով թե կարճատեւ պատերազմի, թե ետպատերազմական ընթացքում: Իմ տարաբնույթ շփումները տեղաբնակ վրացիների հետ ենթադրել էին տալիս, որ պատերազմը չի կարող երկար տեւել թերեւս այն պատճառով, որ որոշակի թիվ էին կազմում այն վրացիները, ովքեր պնդում էին, որ պետք է հրաժարվել Աբխազիայից եւ Հարավային Օսիայից եւ ավարտել պատերազմը, քանի որ վրացական բանակը չի կարող դիմագրավել ռուսական զենքին: Հենց նմանօրինակ հոգեբանությունն է աշխատել նաեւ ղարաբաղյան հաղթանակներին հաջորդող այս բոլոր տարիներին: Ղարաբաղը պահպանելու անկարողության, այն վաղ թե ուշ հանձնելու տրամադրությունների պատճառով է, որ Ղարաբաղի վերաբնակեցման խնդիրն այդպես էլ չլուծվեց, հինգ-վեց շրջանները հանձնելու պատրաստակամության պատճառով է, որ բնագաղթած հայերին ազատագրված տարածքներ վերադարձնելու ծրագիր չմշակվեց եւ պայմաններ չստեղծվեցին: Հաղթող-պարտվածի հոգեբանության պատճառով է, որ ղարաբաղյան ծագմամբ հայ քաղաքական եւ ռազմական գործիչները եկան-հաստատվեցին Երեւանի կենտրոնում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով ոչ միայն ֆինանսատնտեսական լծակները եւ հոսքերը, այլեւ քաղաքական ողջ իշխանությունը՝ այն դարձնելով խարազան ՀՀ քաղաքացիների ողնաշարին՝ այն ճկելու, ջարդելու խնդրին հետամուտ: Եվ այսօր պաշտոնական Երեւանը ղարաբաղյան խնդիրը պետք է լուծի ոչ միայն եւ ոչ այնքան Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի կամ Բաքվի, անգամ՝ ոչ Ստեփանակերտի հետ, որքան՝ Հայաստանի հասարակության: ՀՀ երեք նախագահների կառավարման ժամանակահատվածի չարաբաստիկ սխալների պատճառով մեր առջեւ ծառացած ցավալի հարցադրումներին, թե՝ պե՞տք է մեզ, արդյո՞ք, Ղարաբաղը, եւ երկրորդ՝ հանձնե՞լ, թե՞ ոչ Ղարաբաղը, այժմ Հայաստանի հասարակությունը պետք է պատասխանի՝ ետ մղելով քաղաքական դոգմատիզմը եւ հայտնաբերելով քաղաքական նոր հեծանիվ հայ ժողովրդի համար:
2.
Ո՞վ է անջատելու օդանավակայանի լույսերը
ՀՀՇ վերջին՝ 16-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀ արտաքին քաղաքականության, ի մասնավորի՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ լուրջ հակազդեցության հանդիպեց հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակներում, թեպետ ելույթը քաղաքական կամ քաղաքագիտական նորույթ չէր պարունակում: Չէր փոխվել նաեւ իր ստեղծած տեսությունը զարգացնելու Տեր-Պետրոսյանի մեթոդոլոգիան՝ միտումնավոր ընտրված սխալ մեկնակետը նրան հնարավորություն էր տվել նախ խախտել ներքին եւ արտաքին քաղաքական իրողությունների պատճառահետեւանքային կապը, ապա իր տեսակետները հիմնավորել ոչ այնքան փաստերով, որքան՝ փաստերի ուղղորդմամբ՝ մանիպուլյացիայով: Նոր չէր նաեւ իր քաղաքական ուղեգիծը «գործնական քաղաքականությամբ» բացատրելու Տեր-Պետրոսյանի վարքագիծը: Այդ ելույթին հաջորդած քննարկումները որոշակիացրեցին նախկին նախագահի ընդդիմախոսներին, որոնք ներկայացնում էին ոչ միայն ՀՀ քաղաքական իշխանությունը, այլեւ ընդդիմությունը, այդ թվում նաեւ՝ իր իսկ գլխավորած ՀԱԿ-ը: Ակնհայտ էր, որ ինչպես չէր փոխվել Տեր-Պետրոսյանի քաղաքական դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ, այնպես էլ չէր փոխվել հասարակական կարծիքը նրա մոտեցումների նկատմամբ: Վաղուց ձեւավորված դիրքորոշումների շուրջ Տեր-Պետրոսյանի այնքան չսիրած ստատուս-քվոն շարունակում էր պահպանվել: Ըստ այդմ՝ ելույթին հաջորդած արձագանքը երեւանյան եղանակային տապի պայմաններում պետք է որ թույլ լիներ: Եվ թեպետ քաղաքական բանավեճ հրահրելու՝ Տեր-Պետրոսյանի սպասումներն ամբողջությամբ չարդարացան, սակայն հայաստանյան իրավիճակին ոչ հատուկ հակազդեցությունն ակնհայտ էր: Եվ ուրեմն՝ որո՞նք էին այդ հակազդեցության պատճառները: Դրանցից առաջինն անսպասելիության գործոնն էր. երբ հասարակական-քաղաքական շրջանակներն աստիճանաբար մոռանում են նրան, Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս իր վիճահարույց տեսակետների հրապարակային պնդմամբ՝ այն ներկայացնելով իրեն հատուկ կարծրությամբ: Երկրորդ. հուլիսի 16-ի ելույթով նա հրաժարվում է ընդառաջ գնալ հանրային կարծիքին եւ փոխհամաձայնության գալ հանրության լայն շրջանակների հետ՝ համագործակցության դուռը բաց պահելով միայն հիմնախնդրի կարգավորման խնդրում իր տեսակետներն անվերապահ ընդունող հոսանքների եւ անձանց առջեւ: Դրանով իսկ նա միտումնավոր իրենից հեռացնում է ազգային ուժերին, քանի որ այլեւս վստահ է, որ չի ուզում նրանց առաջնորդը լինել: Հեղափոխության ձախողումից հետո Տեր-Պետրոսյանը հոգնել է քննադատություն լսելուց: Երրորդ. ղարաբաղյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ նրա ձեւավորած պարտադրանքը հնարավորություն է տալիս նրան չխոսել ներքաղաքական-ներհասարակական խնդիրների մասին, որոնց առաջացման պատճառը թեպետ իշխանությունն է, սակայն դրանց լուծման ձախողման պատասխանատվությունը կրում է ինքը, քանի որ հասարակության բացարաձակ մեծամասնությունը հույսեր չի կապում առկա խնդիրները լուծելու գործող իշխանության կամքի եւ ունակության հետ: Եվ հենց այստեղ Տեր-Պետրոսյանը հայտնվում է փակուղում, հայտարարելով՝ «Հարցերի հարցն, այսպիսով, ժողովրդագրությունն է՝ դեմոգրաֆիան, որը 11-րդ դարից սկսած, եղել է հայ ժողովրդին բաժին ընկած բոլոր դժբախտությունների պատճառը: Հաշվի չառնել այս հանգմանքը եւ կուրորեն ձգտել ստատուս-քվոյի պահպանմանը՝ նշանակում է խորացնել առկա ժողովրդագրական ճգնաժամը եւ փութացնել ազգային աղետը: Հեռու չէ այն օրը, երբ մենք մեր իսկ ձեռքվ կիրականացնենք ցարերի եւ թուրքերի երազանքը եւ կունենանք Հայաստան առանց հայերի: Ապացույցի կարիք չկա, քանի որ ավելի պերճախոս ապացույց, քան վերջին շրջանում Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության թվաքանակի կտրուկ անկումն է, դժվար է պատկերացնել» (htpp://lragir.am):
Քննարկել Հայաստանից արտագաղթի պատճառները բացառապես Տեր-Պետրոսյանի առաջարկած մեկնակետից՝ նշանակում է անտեսել իրականությունը: Անշուշտ, արտագաղթի պատճառներից մեկն էլ այն է, որ հայ ընտանիքները հեռացնում են իրենց որդիներին ոչ թե հնարավոր պատերազմից ետ պահելու, այլ զորակոչից խուսափելու համար: Զորակոչից խուսափելու պատճառները տարբեր են. պաշտպանության համակարգում առկա կոռուպցիան, ոչ կանոնադրական հարաբերությունները, դրանց հետեւանք հանդիսացող խեղված բարոյահոգեբանական մթնոլորտը, զոհերը, որոնց թիվը վերջին շրջանում ցավալիորեն աճում է:
Արտագաղթի մյուս պատճառը հայ ժողովրդի՝ կենսունակ, զարգացող, առաջադեմ պետություն կառուցելու անկարողությունն է, այնպիսի պետություն, ուր մարդիկ սովորաբար գերադասում են ապրել:
Հաջորդ պատճառը Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիայի կործանարար չափերն են, անօրինականությունը, անպատժելիությունը, մարդու իրավունքների պարբերական խախտումները: Արտագաղթի ծավալների աճին մեծապես նպաստում է ազատ ընտրական համակարգի խեղումը, ընտրությունների արդյունքում իր նախընտրած իշխանությունը ձեւավորելու հասարակության անզորությունը: Իր տարաբնույթ իրավունքների պարբերական խախտումները կանխելու, օրենքին, արդարադատությանը ապավինելու հասարակության թեժ ձգտումները բախվում են հայաստանյան քաղաքական համակարգի հրակայուն ապակուն: Արդյունքում՝ հասարակությանը պատում է անզորության, անկարողության, հուսալքության դառնությունը: Չկարողանալով կուլ տալ դառնության ողջ չափաբաժինը՝ ՀՀ քաղաքացին այն փոխանցում է պետությանը, երկրին, փնտրելով օրինական եւ արդար երկրներ եւ դառնացած հեռանալով հայրենիքից: Իսկ դառնությամբ հեռացողը ետ չի էլ նայում եւ չի վերադառնում:
Արտագաղթի հաջորդ պատճառը պայմանավորված է սոցիալ-տնտեսական գործոնով. գործազրկություն, սոցիալական կեղեքում եւ բեւեռացում: Անշուշտ, շրջափակման եւ հաղորդակցության ուղիներից չօգտվելու հետեւանքով Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներն ավելի են խորացել, սակայն երկրում առկա կոռուպցիայի, անօրինականության, անպատժելիության, համատարած անարդարության մթնոլորտը չի փոխվելու նաեւ ապաշրջափակման արդյունքում: Ցածրորակ պետության դեպքում ժողովրդագրական աղետը պայմանավորված է ներքին խնդիրներով, ղարաբաղյան խնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների չգոյությունը ընդամենը ֆունկցիայի, ավելի ճիշտ՝ ոչ ֆունկցիոնալ պետության ածանցյալներն են: Այդ աղետը կանխելը նույնքան անհնարին է, որքան անհնար է ապականված պետության մեջ անապակ ոլորտ գտնելը:
Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին այժմ Հայաստանում է: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը վատնել են Ղարաբաղը պահելու հայ ժողովրդի ներուժը՝ դրանով իսկ հնարավոր դարձնելով հիմնախնդրի կարգավորման Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակային անընդունելի ծրագիրը:
Սակայն օդանավակայանի սպասասրահի լույսերն անջատելուց առաջ պետք է գոնե վառ պահել թռիչքագոտու լույսերը. գուցե ինչ-որ մեկը որոշի ետ վերադառնալ եւ անշնչացած քաղաքական երթեւեկության մեջ հայտնաբերի նոր հեծանիվ՝ հայկականը: