Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գայլերի ախորժակը բացվել է»

Օգոստոս 04,2010 00:00

Գարնանից այս կողմ Լոռու մարզում գայլերը ավելի քան 100 գլուխ անասուն են հոշոտել եւ ոչնչացրել

Հուլիսի 21-ին «Գայլերը էլի էին եկել» լուրով տեղեկացրել ենք, որ հուլիսի լույս 19-ի գիշերը Լոռու մարզի Դարպաս գյուղում երկու գայլ է երեւացել: Գիշատիչները վնաս տալ չէին հասցրել, հեռացել էին գյուղացիների բարձրացրած աղմուկից: Դարպասում համոզված են, որ այս գայլերը գարնանից պարբերաբար գյուղ են իջնում:
«Լուսադեմին՝ առավոտյան 5-ն էր, ես ու հայրս շների հաչոցից դուրս եկանք, տեսանք 2 գայլ ձիուն վրա են տվել, ուզում են քուռակին ուտեն, ճվացինք, հարեւաններն էլ դուրս եկան, գայլերը փախան անտառի ուղղությամբ»,- պատմում է Լոռու մարզի Գուգարքի շրջանի Դարպաս գյուղի բնակիչ Մանվել Ավետյանը: Երկու ամիս առաջ գայլերը հոշոտել էին Մանվել Ավետյանի ավանակն ու քուռակը: Տուժածի խոսքով՝ գայլերը հաճախակի են այցելում իրենց բակ, քանի որ Ավետյանների տունը անտառին փեշին է՝ գյուղի ծայրամասում: «Գազանները վնաս են պատճառել նաեւ եղբորս, նրա ավանակն ու քուռակն են կերել, մի մասն էլ հոշոտված թողել, գնացել էին»,- մեզ հետ զրույցում ասաց Մանվել Ավետյանը: Գայլերի յուրաքանչյուր «այցից» հետո որսորդմիության անդամները շրջում են գյուղում եւ մերձակա տարածքներում, սակայն մինչ օրս գայլերին վնասազերծել չի հաջողվել: Դարպասցիները չեն կարողանում խաղաղ ու անխռով քնել ու, անտեսելով վտանգը, գիշերը ստուգում են գոմ ու փարախ՝ անասունների թվաքանակը: «Գայլն իր գայլությունն անելու է, մեկ էլ տեսար՝ մի օր իմ վրա էլ հարձակվեց, առայժմ քիչ է վնասել, որ սրանով պրծնենք՝ լավ ա, դեռ Աստծուն փառք պիտի տանք, որ մարդ չի հոշոտել: Այս տարի շակալներն էլ են շատացել»,- ասում է Դարպասի համայնքապետ Սամվել Անանյանը:
Գյուղապետը գայլերի պարբերական «այցերի» մասին տեղյակ է պահել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին եւ որսորդմիությանը: Լոռու մարզային փրկարարական վարչություն միայն հունիսի 2-ին է դիմել, երբ «Մոլլաղշլաղ» հանդամասում 6 գլուխ ցուլ էր հոշոտվել: Պարզվում է՝ արտակարգ իրավիճակների վարչությունը արձագանքում է միայն, երբ գազանը վնաս է պատճառում, իսկ որսորդմիությունից դարպասցիներին ասել են, որ պատվերի եւ գումարի առկայության դեպքում՝ կարձագանքեն: «Պատվերն իջել է, գնացել ենք ամբողջ գյուղը ման եկել, անտառը սանրել՝ չենք գտել, կենդանի է, կարող է այլ տարածքի անտառում բույն ունի, կեր չի եղել, եկել է էս գյուղ է հասել, նորից հետ է գնացել»,- բացատրում են որսորդմիության անդամները: «Գայլը շատ խելացի, հաշվարկով, նախօրոք տարածքն ուսումնասիրող կենդանի է: Մի քանի օր հեռվից զննում է իր զոհին, նոր հարձակվում: Մենակ հիվանդ կենդանիներն են գայլի զոհը, երբեք խոշոր եղջերավոր կենդանիների, կամ սմբակավոր երամակի վրա չի հարձակվի»,- ասում է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը:
Դարպաս գյուղը Լոռու մարզկենտրոն Վանաձորից հազիվ 1 կմ է հեռու, իսկ անտառով գնալու դեպքում՝ էլ ավելի մոտ: Վանաձորում գայլեր չեն երեւացել, սակայն քաղաքի ծայրամասում կա որոշակի անհանգստություն ու լարվածություն՝ մարդիկ կարծում են, որ գայլային «այցերի» վտանգը սպառնում է նաեւ Վանաձորին ու վանաձորցիներին: «Գյուղացին գայլին էլի կճանաչի: Էսքան թափառող կենդանիների մեջ ես ո՞նց իմանամ՝ ո՞րն է շունը, ո՞րը՝ գայլը, կարող է հավի համար գա, բայց ինձ հոշոտի»,- անհանգստացած ասում է Դարպաս համայնքի մատույցներում գտնվող քիմիագործների տնակային ավանի բնակչուհի Բ. Մացակյանը: Բնապահպանները հավաստիացնում են, որ գայլը մարդաշատ վայրերում չի լինում, քաղաքում անգամ մենակ մարդու վրա չի հարձակվի: Այ, դաշտում, հանդում ու անտառում, եթե մենակ ու անօգնական մարդ տեսնի՝ կհարձակվի:
Անտառամերձ համայնքներ գայլերի «այցերը» մարզպետարանի գյուղվարչությունում սովորական երեւույթ են համարում: Գարնանը՝ ապրիլի 19-ին եւ 21-ին, Սպիտակ քաղաքի նախկին «Հայկոոպի միջշրջանային բազայի» տարածքում գայլերը՝ 44, Նոր Խաչակապ համայնքում՝ 4, Քարաբերդում՝ 6 գլուխ ոչխար են հոշոտել: Դրանից հետո Մեծ Պառնիում՝ 29 գլուխ ոչխար: Մոտ մեկ շաբաթ առաջ էլ գայլեր են երեւացել Դարպասի հարեւան Արջուտում: Վնաս չեն տվել… դեռ: Դարպասում 16 ձի ու 4 ավանակ է հոշոտվել: Գյուղացիները, թեեւ անհանգստացած են, բայց կատակում են. «Մեր էշերի միսը համով է, գայլերի ախոժակը բացվել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել