Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ ՏԵՐ ԹՈԴԻԿՆԵՐ ՉԿԱՆ»

Օգոստոս 04,2010 00:00

\"\"Ըստ Վահրամ քահանա Մելիքյանի՝ կա միայն ստանձնած պատասխանատվությունից բխող խստապահանջություն

Մեկ ամից առաջ, հուլիսի 3-ին, «Ի՞նչ կա-չկա Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում» հրապարակմամբ անդրադարձել ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու տակ գտնվող այս կրթօջախում արձանագրված հերթական աղմկոտ պատմությանը: Հիշեցնենք, որ ըստ ճեմարանի սաների, ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ՝ բազում են անտեղի ու խիստ պատիժները՝ ընդհուպ մինչեւ հեռացում: Ըստ կրթօջախի կառավարիչների՝ աշակերտները այստեղ առավելագույնս վայելում են իրենց ազատությունը, բայց ոմանք չարաշահում են այդ ազատությունը:
Ցավոք, առաջին դեպքը չէ, երբ Կալկաթայի մարդասիրական ճեմարանում ուսանող կամ ուսանած երեխաներն ու նաեւ նրանց ծնողները բողոքում են իրենց երեխաների նկատմամբ անմարդկային վերաբերմունքից:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը չհերքեց մարդասիրաց ճեմարանում անցած տարիներին տիրող անկարգությունների փաստը: Աղմուկի պատճառը նրա փոխանցմամբ՝ տեսչական կազմն էր: «Մայր Աթոռին պատկանող տեսչությունը, որը վարում էր տիկին Սոնյա Ջոնը, փորձում էր անհնազանդություն դրսեւորել Սուրբ Էջմիածնին եւ դուրս գալ Մայր Աթոռի իրավասության դաշտից: Գործը հասավ դատարան, եւ Մայր Աթոռը նորից շահեց իր իրավունքները Կալկաթայի մարդասիրաց ճեմարանի նկատմամբ: Տեսչական կազմը նոր անդամներով համալրվեց, ու ամեն ինչ տեղն ընկավ»,- ասաց Վահրամ քահանան:
Հոգեւորականի գնահատմամբ՝ հերթական աղմուկը սոսկ կարգապահական էր, իսկ կարգազանցությունն ինքնին պատիժ է ենթադրում. «Մայր Աթոռը յուրաքանչյուր երեխայի ծնողի եւ, ինչու՞ չէ՝ ժողովրդի առաջ պատասխանատվություն է ստանձնել նրա զավակի ապահով ու անվտանգ կյանքի եւ կրթության համար: Եվ, եթե լինում են կարգազանցներ, անշուշտ, պատժվում են, ընդհուպ մինչեւ՝ հեռացում ճեմարանից: Սա հենց այդ դեպքն էր»:
Կալկաթայի մարդասիրաց ճեմարանը գիշերօթիկ հաստատություն է, որտեղ ուսանում են Հայաստանից գնացած, հիմնականում սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաները: Եկեղեցու ընտրությունը կանգ է առել հատկապես հասարակական այդ շերտի ընտանիքների վրա, որպեսզի աջակցություն ստանան այն ծնողները, որոնք դժվարություններ ունեն երեխաների կրթությունն ապահովելու հարցում: «Այդ երեխաների ուսումնառության ողջ տարիները կազմակերպվում են հաստատության պատերից ներս: Իսկ մի հարկի տակ այդքան երեխա ունենալը՝ նրանց իսկ շահերից ելնելով, արդեն խստապահանջություն է ենթադրում»,- պարզաբանեց Վահրամ քահանա Մելիքյանը:
Վահրամ քահանան վստահեցրեց, որ ինչպես հոգեւոր-ուսումնական բոլոր հաստատություններում, այնպես էլ՝ Կալկաթայի մարդասիրաց ճեմարանում, սովորելու եւ հանգստի բոլոր պայմաններն առկա են. «Ավելին, հաշվի առնելով, որ Կալկաթա են մեկնում նաեւ տարիքով փոքր երեխաներ, պայմաններն այնտեղ առավել են՝ այստեղի նկատմամբ»: Հավաստիացրեց նաեւ, որ լուրջ վերաբերմունք եւ անկեղծ հոգատարություն կա հաստատության սաների նկատմամբ: Մանկավարժները, որոնց մի մասը Հայաստանից են, այնպես են անում, որ հայ երեխան, հայրենիքից ու ընտանիքից հեռու գտնվելով, իրեն անտեսված, միայնակ ու անօգնական չզգա: «Հայ եկեղեցին գիշերօթիկ հաստատությունների մեծ փորձ ունի եւ այդ առումով ճեմարանական կյանքը ճիշտ կազմակերպելու խնդիր չունի: Եթե նախկինում Կալկաթայում կար անհանգստություն, հիմա՝ չկա. ի տարբերություն նախկին տեսուչի՝ նորը բավականին հավասարակշռված անձնավորություն է»,- ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարը:
Հոգեւորականը հերքեց մեզ հասած տեղեկությունները, ըստ որոնց, Կալկաթայի ճեմարանականների նկատմամբ կիրառվում են տեր Թոդիկի մեթոդներ՝ բռնություն, դաժանություն, ծեծ: «Կալկաթայում տերթոդիկներ չկան: 21-րդ դարում խոսել այդ մեթոդների մասին՝ անընկալելի է, մանավանդ որ հայ երեխաների հետ նաեւ հայ մանկավարժներ են աշխատում»,- ամփոփեց Վահրամ քահանա Մելիքյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել