Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլիտարի» բնակիչները փողոցը փակել են

Օգոստոս 04,2010 00:00

Օտարներին էլ տարածք թողնելու համար՝ 10 հազար դրամ են պահանջում

Մոտ 3 ամիս է, ինչ «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի հետնամասի եւ իտալական «Ռենկո» ընկերությանը պատկանող «էլիտար» շենքի արանքում գտնվող փողոցը «շլագբաումով» փակված է: Այդ տարածք, բացի շենքի բնակիչներից, որեւէ կողմնակի անձ չի կարող մուտք գործել: Նրանք, երբ իրենց պետք է, հեռակառավարման վահանակներով բացում, փակում են: Տարածքում գործունեություն ծավալող քաղաքացիների ներկայացմամբ, այդ սարքը շենքի բնակիչներն են տեղադրել՝ պատճառաբանելով, որ ոսկու շուկայի այցելուներն ու աշխատակիցներն իրենց ավտոմեքենաներով խցանումներ են առաջացնում եւ խոչընդոտում իրենց՝ բնակիչների, մուտքն ու ելքը շենք: Նշենք, սակայն, որ նշյալ հատվածը ընդհանուր փողոց է հանդիսանում, եւ այդ տարածքում այլ ընկերություններ էլ են գործունեություն ծավալում: Երեկ, երբ «Առավոտը» այցելել էր այդ տարածք, «շլագբաումի» մոտ նստած հսկիչները ոչ բնակիչ ավտոմեքենաների վարորդներին ներս չէին թողնում, ավելին, մեր տեղեկություններով, նրանք մեկ ամիս այդ հատվածում կայանելու համար 10 հազար դրամ գումար են պահանջում, եթե ավտոմեքենայի տերը «էլիտար» շենքի բնակիչ չէ: Թե ո՞ւր են գնում այդ 10 հազարները՝ պարզ չէ: Ոչ պաշտոնական տեղեկություններով, այդ բիզնեսի տերը նույն շենքում բնակվող մի պաշտոնյա է, որն, ըստ լուրերի, հարկայինում է աշխատում:
Այդ տարածքում է գտնվում նաեւ Հայաստանի բանկերից մեկը, եւ բանկի ավտոմեքենաները հաճախ են դուրսուներս անում: Մեզ հետ զրուցած քաղաքացիները պատմեցին, որ նրանց համար նշանակություն չունի, թե «ով է, ինչ է, շենքի բնակիչ չէ, վերջ, ներս չեն թողնում»:
Նկատենք, որ բանկը սպասարկող ինկասացիայի մեքենաները, որոնք մեծ գումարներ են տեղափոխում, նույնպես ստիպված են լինում ժամերով սպասել մինչեւ «շլագբաումը» կբարձրացնեն, իսկ դա նրանց գործը ռիսկի տակ է դնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել