Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սադիզմը ոստիկանության աշխատաոճն է

Օգոստոս 04,2010 00:00

19-ամյա պատանուց ծեծելով ցուցմունք են կորզել

Գրիգոր Մաթեւոսյանը առողջական խնդիրներ ունի. բողոքում է գլխացավերից ու հիշողության կորստից, երիկամների հատվածում էլ ցավեր ունի:
«Ով հասցնում, խփում էր, ասում էին՝ ինչ ասենք, պիտի անես»,- Բերդ քաղաքի ոստիկանությունում իրեն ծեծելու եւ խոշտանգումների ենթարկելու մասին էր պատմում 19-ամյա Գրիգոր Մաթեւոսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: «Ստիպեցին բացատրություն գրել, որ ես գողություն եմ կատարել»,- դատարանում հայտարարեց նա: Գրիգորը մեղադրվում է գողության մեջ: Թեեւ նախաքննության ժամանակ բացատրություն է տվել, որ ինքն է գողացել Բերդ քաղաքի բնակիչ Դավիթ Մկրտումյանի ավտոմեքենայի մագնիտոֆոնը, այնուամենայնիվ, շարունակում է պնդել, որ բացատրությունները գրել է ծեծի ու ճնշումների ներքո:
Գողության մեջ մեղադրվող երիտասարդի երկու թեւի վրա էլ ածելիի հետքեր կան: Նրա փաստաբանն ասում է, թե բացի ծեծելուց ու ճնշումներից՝ ոստիկանները ստիպել են ածելիով վնասել թեւերը: Երիտասարդը հայտարարեց նաեւ, թե իրեն ծեծող ոստիկանների անունները չի հիշում, սակայն, եթե տեսնի նրանց, կճանաչի: «Հերթով ծեծում էին»,- պատմում էր նա:
«Մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով սարքված գործ է: Իմ պաշտպանյալը բացատրություն է գրել, թե, իբր, ինքն այդ հանցագործությունը կատարել է, ինչը խոշտանգումների, ծեծի հետեւանք է»,- ասում է Գրիգորի փաստաբան Կարինե Գասպարյանը: Փաստաբանը նշում է, որ իրականում գողոնը մինչ քրեական գործի հարուցումը, հայտնաբերված է եղել: Դավիթի մագնիտոֆոնն արդեն հայտնաբերված էր, բայց նրան կանչել են ոստիկանություն ու ստիպել հայտարարություն տալ, որ մագնիտոֆոնը կորել է:
«Հերթական անգամ ականատես ենք լինում, որ իրավապահ մարմինները քաղաքացու նկատմամբ բռնությունների, ծեծի վերաբերյալ հաղորդման նյութերը անուշադրության են մատնում»,- այս գործով համապատասխան մարմիններ ուղարկած հաղորդումների արդյունքների մասին է պատմում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Ա. Սաքունցը:
Նրա՝ գլխավոր դատախազին ու հատուկ քննչական ծառայություն հղված նամակներին ի պատասխան, ոստիկանության շտաբը նշել է, թե կատարվել է ծառայողական քննություն ու երիտասարդին ծեծելու փաստեր չեն հայտնաբերվել:
«Խնդիրն այն է, որ եթե նույնիսկ քաղաքացին կասկածվում կամ մեղադրվում է ինչ-որ հանցավոր արարք կատարելու մեջ, ամենեւին դա հիմք չէ, որ նրա նկատմամբ բռնություններ կիրառվեն,- ասում է իրավապաշտպանը: Նա տուժողի՝ Դավիթի, իրավաջորդ է ճանաչվել: Սաքունցին Դավիթը պատմել է, որ իրեն կանչելով ոստիկանություն՝ վախեցրել են եւ ստիպել հայտարարություն գրել գողության վերաբերյալ: Իրավապաշտպանը զարմանք է հայտնում, որ նույնիսկ դատարանում, երբ ամբաստանյալը հայտարարում էր իր նկատմամբ բռնությունների մասին, դատավորը հենց այդ պահին որոշում չկայացրեց բռնության վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին. «Առանց նման քննության՝ դատարանը հնարավորություն չունի նույնիսկ դատաքննություն իրականացնել. ապօրինի ճանապարհով ձեռք բերված ցուցմունքները չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում»:
Գրիգորի փաստաբանն ասում է, որ Բերդի ոստիկանությունում ինքնախոստովանական բացատրություններ վերցնելուց հետո, իր պաշտպանյալին ստիպել են հեռանալ արտերկիր՝ հոր մոտ, ասելով, թե գործը սրանով փակված է:
Դրանից հետո, սակայն, Գրիգորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանման միջոց էլ ընտրվել է կալանքը:
«2007թ-ին իմ պաշտպանյալը կասկածվել է մեկ այլ հանցագործության մեջ, խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը չհեռանալու մասին: Այժմ նախկին գործով ընտրված խափանման միջոցի փաստաթուղթը բերել-դրել են այս գործի մեջ՝ իբրեւ ապացույց, որ, իբր, իրենք հետախուզում են հայտարարել, որովհետեւ մարդը ստորագրություն լինելու պայմաններում լքել է երկիրը»,- բազմաթիվ խախտումներից մեկի մասին է պատմում Կարինե Գասպարյանը: «Ստացվում է, ոստիկանությունը ցանկանում է ցուցանիշ ցույց տալ, թե իրականում իրենց կողմից աշխատանք է կատարվել, հանցագործություն են բացահայտել, իրենք գործ են կատարել: Այսպիսի պայմաններում ես չեմ կարող ասել, որ եվրոպական բոլոր չափանիշներին ինտեգրված Հայաստանում կարող է Բերդի ոստիկանությանն այդ ինտեգրումը հասած չլինել»,- իր մտահոգությունն է հայտնում փաստաբանը:
Նշենք նաեւ, որ մինչ օրս 19-ամյա երիտասարդը բժշկական փորձաքննություն չի անցել: Նրա գանգատների մասին բժշկական եզրակացություններ չկան: Փաստաբանը դա բացատրում է նրանով, որ ոստիկանությունն այդ կերպ փորձել է կոծկել ծեծի դեպքը: Գրիգորի հայրն էլ պնդում է, որ մինչ այդ իր որդին առողջ է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել