Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունում 4 ամիս շարունակ ազատազրկված Էռնեստ Վարդանյանին համառորեն զրկում են փաստաբան ընտրելու հնարավորությունից:
Մի քանի օր է, ինչ 30-ամյա քաղաքագետ-լրագրողի ծննդավայրում՝ Գյումրիում, հարազատների նախաձեռնությամբ, սկսվել է ստորագրահավաք նրան անհապաղ ազատ արձակելու պահանջով: Բողոքի ակցիան սկսվելուց հետո արդեն իսկ 40 գյումրեցիներ իրենց մասնակցությունն են ցուցաբերել՝ ստորագրելով այն տեքստի տակ, որում մասնավորապես շարադրված է. «Էռնեստ Վարդանյանի առողջությանը եւ կյանքին սպառնում է լուրջ վտանգ: Նա գտնվում է ծայրահեղ վատ հոգեբանական եւ ֆիզիկական վիճակում: Քաղաքացիական այս ակցիան նպատակ ունի փրկել երիտասարդ հայ լրագրողին հոգեսպանությունից եւ բանտային կապանքներից»: Հիշեցնենք, որ հայազգի լրագրողը մերձդնեստրյան իշխանությունների կողմից ձերբակալվել է լրտեսության եւ պետական դավաճանության մեղադրանքով: «Առավոտը» նրա հարազատներից հետաքրքրվեց, թե ներկա պահին ինչպիսի՞ առողջական վիճակում է գտնվում 2 մանկահասակ երեխաների հայրը, եւ կա՞ն արդյոք որոշակի տեղաշարժեր նրա գործում: Տեղեկացնենք, որ նրա դեմ հարուցված քրեական գործը դատարան ուղարկելու փոխարեն, արհեստականորեն, առանց որեւէ պատճառաբանության ու հիմնավոր փաստարկների, երկարաձգել են նրա կալանքի ժամկետը: Հուլիսի 2-ին այն երկարաձգվել է երկրորդ անգամ, որի ժամկետը լրացավ երեկ: Սակայն հարազատները դեռեւս տեղեկություն չունեն՝ դատական նիստ եղե՞լ է, թե՝ ոչ:
Հարազատները չեն կարողանում նաեւ ճշտել Էռնեստ Վարդանյանի առողջական վիճակի մասին պտտվող լուրերի իսկությունը: «Վերջին տեսակցությունից հետո, որը նշանակված էր հուլիսի 22-ին, նրա առողջական վիճակը վատ էր, բայց հիմա ասում են լավ է: Քանի որ դրանից հետո տեսակցություն չի եղել, իրականում մենք չենք կարող իմանալ այդ տեղեկատվությունը ճիշտ է , թե՞սխալ», -ասում է լրագրողի մորաքույրը՝ Մարինա Շաղոյանը: Հարազատներին, ինչպես նաեւ միջազգային հանրությանն ու հեղինակավոր կազմակերպություններին մինչեւ օրս անհայտ է մնացել, թե այդ ո՞ր մի պետական դավաճանության համար է մեղադրվում լրագրողը, երբ նա պետական գաղտնիքի հետ որեւէ առնչություն չի ունեցել, որեւէ պետական կառույցում չի աշխատել: Էռնեստի ձերբակալության հարցում որոշակի դերակատարություն կարող է ունենալ նրա ազգային պատկանելությունը։ Ըստ Վարդանյանների՝ 12 օտար լեզուների տիրապետող երիտասարդը քննություն էր հանձնել ու պատրաստվում էր տեղափոխվել Նյու- Յորք՝ ՄԱԿ-ի ռուսական բաժնում աշխատելու, սակայն օրեր առաջ նրան ձերբակալել են: «Մեզ այդպես էլ անհայտ մնաց, թե ո՞րն է հիմքը, շարժառիթը նրան ձերբակալելու, ինչի՞ համար այդ ծանրագույն հոդվածը նրան առաջադրվեց, որը նախատեսում է 8-12 տարվա ազատազրկում: Ձերբակալությունից հետո երկար ժամանակ մենք նրան տեսակցելու որեւէ հնավորություն չունեինք, միայն 22 օր հետո ընտանիքին թույլատրվեց հանդիպել Էռնեստի հետ: Շատ հետաքրքիր անակնկալ էին պատրաստել Մերձդնեստրի իրավապահները. նրա ծննդյան 30-ամյակի օրը այդ երկրի պետական անվտանգության նախարարության կողմից ձայնագրված ինքնախոստովանական ցուցմունքը եթեր հեռարձակվեց հեռուսատեսությամբ ու դրվեց ինտերնետային կայքում: Մեր ունեցած տվյալներով, սա միակ փաստաթուղթն է, որը հիմք է հանդիսանում ինչ-որ հոդված առաջադրելու համար: Ի՞նչ է ստացվում, մարդուն հարկադրում են, մեր ունեցած տեղեկություններով՝ նաեւ որոշ դեղորայքային ազդեցության տակ, որպեսզի խոստովանություն անի եւ որպես հոդված առաջադրում են իր դեմ: Մենք նաեւ տեղեկություններ ունենք, որ ինքնախոստովանության գինը եղել է տեսակցությունը ընտանիքի հետ: Դրանից առաջ մենք տեղեկություն չունեինք, թե որտեղ եւ ինչ պայմաններում է պահվում Էռնեստը, ինչ պայմաններում է հիմա պահվում, դրանից էլ անտեղյակ ենք, չգիտենք, թե իրականում ինչ վիճակի մեջ է նա»,- ասում է Մարինա Շաղոյանը: Ներկա պահին հարազատների հիմնական մտահոգություններից մեկը լրագրողին փաստաբան ունենալու իրավունքից զրկելն է: Մերձդնեստրյան իշխանությունների կողմից լրագրողին հատկացվել է պետական փաստաբան, ոըը սակայն գործով զբաղվում է ըստ իր ցանկության ու տրամադրության: Փաստորեն, ըստ լրագրողի ընտանիքի անդամների, Էռնեստին՝ իր փաստաբանն ունենալու խնդրանքները մերժվում են: «Պատճառաբանում են, որ գործն առնչվում է պետական գաղտնիքի հետ, եւ որեւէ այլ երկրի փաստաբան չի կարող ներգրավված լինել: Սա միջազգային կոնվենցիաների, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, աննախադեպ երեւույթ: Իմ մոտ կարծիք է ստեղծվում, որ ինչ ուզեն, կոպիտ ասած, մարդու վրա կարող են սարքել: Դրսի որեւէ այլ փաստաբանի ներգրավումը հղի է վտանգով»,- նշում է մորաքույրը:
Հարազատները տեղեկացրին, որ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունում ձեւավորված փաստաբանների խումբը դիմել է Եվրոդատարան, լրագրողի գործը արագացված դատաքննությամբ քննելու խնդրանքով: Եվրոդատարան է դիմել նաեւ լրագրողի մայրը. «ժամանակակից աշխարհը չի կարող լուռ ու համր մնալ այս զազրելի փաստի առթիվ»:
«Չկա որեւէ մի ատյան, ուր դիմած չլինենք: Ես չգիտեմ մոլորակի վրա կա՞ էնպիսի տեղ, որ մենք պետք է դիմենք, բայց չենք դիմել»,- ասում են հարազատները: Նշենք, որ թեեւ տարբեր իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ, դիվանագետներ դատապարտել են հայազգի լրագրողին հանիրավի ձերբակալելու ու կտտանքների ենթարկելու փաստը, սակայն մինչ օրս մերձդնեստրյան իշխանություններն անդրդվելի են: Շուտով լրագրողի հարազատները կդիմեն նաեւ Եվրախորհրդին, վերջինիս կազմում ընդգրկված անդամ պետություններին, Շառլ Ազնավուրին, Եվրոդատարանում Հայաստանի ներկայացուցիչ, դատավոր Ալվինա Գյուլումյանին: Կսկսվի նաեւ ստորագրահավաք ինտերնետային կայքում: