«Մեր առջեւ դրված խնդիրը, այն է՝ Գառնիի ջուրը հասցնել այդ երեք գյուղերին, լիարժեք կատարել ենք: Ասիական բանկի վարկային միջոցներով իրականացրած ծրագրի առաջին փուլի նպատակն էր՝ կառուցել մի ջրամբար, եւ այդ ջուրը հասարակական ծորակների միջոցով հասցնել այդ երեք գյուղերի բնակիչներին: Ինչը, կարծում եմ, լիարժեք կատարել ենք: Այսօր Սուրենավանի, Արմաշի եւ Երասխավանի բնակիչները մեր կողմից ստանում են ջրի պահանջված չափաքանակը: Այսինքն՝ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը, այդ համայնքների ղեկավարների հետ ունեցած պայմանագրով, նրանց է հատկացնում այնքան ջուր, որքան նրանք պահանջում են: Եվ պետք է ասեմ, որ մեր վաճառած ջրաքանակի դիմաց համայնքապետերը գումարները նորմալ վճարում են: Մենք համայնքի ղեկավարների հետ ունենք պայմանագրեր եւ մեր խնդիրն է՝ ջուրը հասցնել մինչեւ համայնք: Տեղադրված է ջրաչափ, որից հետո բաշխումը կատարում են համայնքի ղեկավարները։ Մենք նրանց ջուրը վաճառում ենք մեծածախ սակագնով»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց «Հայջրմուղկոյուղու» գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը՝ արձագանքելով մեր թերթի 28.07.2010 թվականի «Համարյա գազի բալոնի պես» հրապարակմանը: Նյութում, մասնավորապես, անդրադարձել էինք Արարատի մարզի 3 գյուղերում ծաղկող «ջրի բիզնեսին», այն դեպքում, երբ վերջերս, Ասիական բանկի գումարներով, իշխանությունները մեծ շուքով այդ գյուղերում ջրագծերի բացում արեցին՝ հայտարարելով, որ այդ գյուղերն այլեւս ջրի խնդիր չեն ունենալու, քանի որ Գառնիից խմելու ջուրը հասցվել էր գյուղացիներին: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում այդ գյուղերի գյուղացիներն էին պատմել, իրենք շաբաթներով ջրի երես չեն տեսել: Բացի այդ, նշել էինք, որ գյուղերում այսօր էլ, առաջվա պես, ջուր վաճառող մեքենաներ են շրջում, ինչը նույնպես հաստատում էր, որ գյուղացուն ջուրը չի հասնում, եւ նա ստիպված է լինում այն գնել: Պարոն Լորենի ասածներից պարզ է դառնում, որ ընկերությունն իր վրա դրված պարտականությունը պատշաճ կատարում է, այն է՝ ջուրը հասցնում է համայնքներ, սակայն թե համայնքից ո՞ւր է կորչում գյուղացուն հասանելիք ջուրը՝ պարոն Լորենի համար էլ է հանելուկ. «Մենք մեր հետազոտությունը կանենք, կայցելենք այդ համայնքի ղեկավարներին՝ պարզելու՝ որտե՞ղ է խնդիրը, եւ ինչո՞ւ բնակիչները ջուր չունեն: Մեր պայմանագիրը համայնքի ղեկավարի հետ մինչեւ այդ ջրամբարն է, մինչեւ այդ ջրաչափը: Այդ ծրագրի նպատակն այն էր, որ այդ գյուղերում, մեքենաներով ջուր վաճառելը վերանար»: