Բաբայանների անապահով ընտանիքը դատարանում պայքարում է սեփական հողի համար, սակայն մի շարք կեղծ թղթերով հակառակ կողմը հաղթում է:
Արաբկիր վարչական շրջանի Այգեկցու փողոցի վրա գտնվող, Բաբայաններին պատկանող սեփական տունն ամբողջովին վթարային վիճակում է։ Այն կառուցվել է նախորդ դարում, այդ իսկ պատճառով պատերին մեծ-մեծ ճաքեր են, փոքր-ինչ ուժեղ քամուց տնակը նույնիսկ ճոճվում է։ Այն դեռեւս 1979-ին է վթարային ճանաչվել եւ գրանցված է խարխուլ տների ցանկում: Այդ ժամանակից ի վեր տան տերերը չեն վերանորոգել իրենց տնակը, քանի որ դրա հնարավորությունը չեն ունեցել։ Տան բակի ոչ այնքան հին ավտոտնակներից մեկն էլ արդեն փլվել է, իսկ մյուսը՝ դատական քաշքշուկի մեջ է գտնվում։
Ամբողջ պատմությունը սկսվել է 1973 թվականից, երբ Արամ Խաչատրյան փողոցի 13 շենքի 26 բնակարանի տեր Անմար Գասպարյանին Բաբայանները լավություն են արել եւ թույլ են տվել իրենց տան բակում կառուցել ավտոտնակ, սա հաստատվել է նաեւ Երեւանի նախկին 26 կոմիսարների անվան շրջգործկոմի որոշմամբ: Ավտոտնակը կառուցվել է, սակայն գույքագրման չի ենթարկվել: Չնայած դրան, Ա. Գասպարյանը որոշել է, որ կարող է դառնալ նաեւ ավտոտնակի տակի հողի սեփականատերը։ Նրա այս մտադրությունն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ մահացել է Բաբայանների տան սեփականատեր Սիմոն Բաբայանը, եւ նրա 4 ժառանգները գնացել են ժառանգությունը ճանաչելու։ Ժառանգության գործի ձեւակերպման ժամանակ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հրաժարվել է այն գրանցել՝ պատճառաբանելով, որ այդ հողում առկա են ինքնակամ շինություններ, որոնք պետք է քանդվեն, եւ նոր միայն այս տարածքի համասեփականատերերը կարող են գրանցվել որպես ժառանգներ կադաստրային մարմիններում։
«Մենք չհասցրեցինք էլ մեր ավտոտնակը քանդել, այն փլվեց, մենք ուղղակի քարերը մաքրեցինք։ Փառք Աստծո, մեր երեխաները վնասներ չկրեցին, ամբողջ օրն այդ տարածքում են խաղում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց տան համասեփականատեր Անուշ Դեմիրճյանը, որը հարս է եկել Բաբայանների ընտանիք։
«Երբ հերթը հասավ մյուս ավտոտնակին, մենք մեր հարեւանին խնդրեցինք, որ նա քանդի այդ ավտոտնակը, նա էլ չհրաժարվեց, միշտ էլ ասել էր, որ երբ պետք լինի՝ կքանդի։ Մի քանի օր հետո, սակայն, մենք իմացանք, որ նա դիմել է Քանաքեռ-Զեյթուն-Արաբկիր վարչական շրջանների առաջին ատյանի դատարան՝ պահանջելով իրեն հանձնել ավտոտնակի տակի հողատարածքը։ Այս ամենի համար նա ներկայացրել էր կեղծ փաստաթղթեր՝ քաղվածք Արաբկիրի շրջգործկոմից, ըստ որի, Սիմոն Բաբայանը գրավոր համաձայնություն է տվել Անմարին՝ իր տան բակում ավտոտնակ կառուցել։ Նման բան չի եղել։ Այդ գրավոր համաձայնությունը չկա, արխիվից վերցրած քաղվածքում ոչ կնիքն է երեւում, ոչ էլ ամսաթիվը, մի շարք ջնջումներ են, որոնք բնօրինակից տարբերվում են։ Մենք էլ ենք վերցրել այդ փաստաթուղթը արխիվից՝ մեր թղթի մեջ ուրիշ բան է գրված, նրանց մոտ՝ ուրիշ։ Մեր թղթի մեջ գրված է, որ Անմար Գասպարյանը հարեւանի մասնավոր բակում ավտոտնակ կառուցելու թույլտվություն է խնդրում, իսկ նրա մոտ, չգիտես ինչո՞ւ, գրված է, որ նա մեր բարեկամն է»։ Բացի այդ, առաջին ատյանի դատարանի նիստերի ժամանակ պատասխանող կողմին գրեթե թույլ չի տրվել պատասխաններ ներկայացնել ու չնայած անապացուցելի փաստաթղթերին, Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Հովսեփյանը բավարարել է Անմար Գասպարյանի պահանջը։ Բաբայանները վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններ էլ են բողոք ներկայացրել, սակայն առաջին ատյանի վճիռը մնացել է նույնը։
Անուշ Դեմիրճյանի ներկայացմամբ. «Դատավորները ոնց ուզում են, անում են։ Ամուսնուս պապան մահացել է 1985 թվականին, սակայն, ըստ Անմարի, սկեսրայրս 1990 թվականին է շրջգործկոմ գնացել եւ այս ավտոտնակի կառուցման իր համաձայնությունը տվել։ Ո՞նց կլինի նման բան, 5 տարի առաջ մահացած մարդն ինչպե՞ս կարող է ինչ որ բան անել։ Մինչեւ հիմա էլ մենք մեր տարածքի համար նախատեսված ամբողջ գումարը մուծում ենք որպես հողի հարկ, այդ ավտոտնակի տակինն էլ։ Իսկ ինքը գալիս իրա մեքենայով, օրը հարյուր անգամ, ինչպես ուզում քշում է։ Երեխեքիս հազիվ եմ պահում, որ նրա մեքենայի տակը չընկնեն»։
Այս պատմության մեջ մի մութ պահ էլ կա: Անուշ Դեմիրճյանի խոսքերով, Անմար Գասպարյանը եւս մեկ ավտոտնակ է ունեցել իրենց շենքի բակում՝ համարակալված 318 համարով, որի համար Արաբկիր վարչական շրջանի համապատասխան բաժին մուծումներ է կատարել։ Հետագայում այս ավտոտնակը հանվել է նույնպես անօրինական լինելու պատճառով, սակայն Անմար Գասպարյանն այս ավտոտնակի համար կատարած մուծումների անդորրագրերն էլ է կցել Բաբայանների դեմ հարուցված գործին եւ ցույց տվել, որ ինքը բավականին շատ մուծումներ է կատարել Այգեկցի 30 տան բակում եղած ավտոտնակի համար, որն, ի դեպ, համարակալված չէ եւ ունեցել է 28.3 քմ, ի տարբերություն շենքի բակի ավտոտնակի, որի ընդհանուր մակերեսը 18 քմ է։ Բացի այդ, Այգեկցի 30 տան բակը չի մտել «Շենքերի կառավարում» համատիրության 5-րդ մասնաճյուղի հաշվեկշռի մեջ, ուստի՝ չէր կարող այստեղի ավտոտնակի համար վարձավճարները մուծվել համատիրությանը։
«Ախր, ամուսինս էլ, տղաս էլ կորցրել են իրենց առողջությունը՝ կռվելով հանուն մեր հայրենիքի։ Որդիս 2 տարի հետախույզ է եղել բանակում, սակայն այսօր մեզ հետ վարվում են ինչպես թշնամու հետ։ Մեզնից խլում են մեր սեփականությունը»,- դժգոհեց Ա. Դեմիրճյանը։